23 Նոյեմբեր, Շբ
Մի ամբարտավան մարդ, որ զբաղվում էր ռոբոտաշինությամբ ու ծաղրանքով էր վերաբերվում հավատքին, հիվանդանում է: Եվ նրա բարեկամները նրան բերում են ծեր վանականի մոտ և ասում.
- Հա´յր սուրբ, խնդրում ենք օգնիր այս մարդուն. չի կարողանում խոսել, լեզուն փակվել, պապանձվել, համրացել է և այդ վիճակից տանջվում ու տառապում է:
Ծեր վանականն Աստծո շնորհի միջոցով հասկանում է, թե ինչ է եղել և նայելով ամբարտավան մարդուն՝ պատասխանում է.
- Չէ՞ որ ինքդ ծաղրում էիր, հոխորտում, թե ինչո՞ւ այսքան չարություն և անարդարություն կա այս աշխարհում, եթե Աստված գոյություն ունի և բարի է: Աստծուն մեղադրում էիր և նրանից պատասխան պահանջում: Արդ, Աստված էլ լսեց և ցույց տվեց, թե ինչ կլինի, եթե ազատությունդ և ինքնիշխանությունդ սահմանափակվի ու լեզուդ փակվեց, որպեսզի այլևս չխոսես այն, ինչ ուզում ես, հատկապես՝ չար ու վատ խոսքեր:
Աստված Սեր է և չի կամենում բռնանալ մարդու ազատության վրա, նրան ռոբոտ դարձնել, այլ թույլ է տալիս, որ մարդն ինքնիշխան լինի, տեսնի, թե առանց Աստծու ինչպիսի կյանք է ստեղծում և ինչպիսի կյանքի ավարտ է ունենում... որպեսզի ապաշխարությամբ և ազատ կամքով վերադառնա դեպի Երկնավոր Հայրը: Հետևաբար, ապաշխարի´ր, որ լեզուդ կրկին բացվի և Աստծուն փառաբանիր, որ քեզ ռոբոտ չի ստեղծել, այլ մարդ է ստեղծել, որ մտածում, խոսում և գործում է այն, ինչ ուզում է:
Հովհաննես Մանուկյան