Մարդկանց գործերը

Ասաց մի անգամ հայր Դանիելը. «Հայր Արսենը մեզ պատմեց, թե ծերերից մեկը, որ նստած էր իր սենյակում, ձայն լսեց, որ ասում էր. «Դո՛ւրս եկ, և քեզ ցույց կտամ մարդկանց գործերը»: Երբ դուրս եկավ, տարավ նրան մի տեղ և ցույց տվեց մի մարդու, որ ջրհորից ջուր էր հանում և լցնում մի լայն փողրակի մեջ, բայց ջուրը դարձյալ իջնում էր ջրհորը: Եվ փոքր-ինչ առաջ տանելով՝ ցույց տվեց նրան մի եթովպացու, որ փայտ էր կտրում և մեծ բեռ կապում և փորձելով շալակել` չէր կարողանում շարժել, սակայն դարձյալ փայտեր էր կտրում և բեռի վրա ավելացնում: Բազում անգամ այդպես անելով՝ մեծացրեց բեռը: Եվ փոքր-ինչ ևս առաջ շարժելով` հասան մի քաղաքի դռան մոտ: Ահա երկու մարդ էին գալիս՝ ձիեր հեծած, որոնք մի փայտ էին լայնակի բռնել և կամենում էին քաղաք մտնել, բայց չէին կարողանում, որովհետև փայտը հորիզոնական էին բռնել: Սրանք չթեքեցին փայտը մեկի կամ մյուսի կողմը, և երբ եկավ սրանց հետևից, տեսավ, որ երկուսն էլ մնացին քաղաքից դուրս: Եվ ձայնն ասաց. «Արդ, սրանք, որ տեսնում ես, ամբարտավանության լուծն են կրում և չխոնարհվեցին, որ իրենց ուղղեն և Քրիստոսի խոնարհ ճանապարհով ընթանան, դրա համար էլ դուրս մնացին Աստծո արքայությունից: Եվ այն մարդը, որ փայտ էր կտրում, բազում մեղքերի մեջ էր ընկած, որը փոխանակ ապաշխարելու` նորերն էր գործում և մեղքերի վրա մեղքեր ավելացնում: Իսկ որ ջուր էր հանում, այն մարդն էր, որ ողորմություն էր անում, սակայն մնացած բոլոր բաներում անիրավություն էր գործում և չար գործերի պատճառով կորցնում էր և այն սակավ բարին: Արդ, մարդ պետք է միշտ արթուն լինի իր գործի մեջ, որպեսզի ապարդյուն չաշխատի»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

23.08.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․