Զգոնություն

Ձյունառատ օր էր: Ռուսական գյուղում մի վանական մտնում է խաղալիքների խանութ և ասում.

- Կրկին ես եմ, մի տիկնիկ տվեք: Այդ երեխան ինձ է սպասում, գնում եմ մանկատուն:

Խոստացել եմ նրան, որ այսօր պիտի տիկնիկ նվիրեմ:

Խանութի աշխատողը զարմանում է.

- Բայց չէ՞ որ, արդեն երրորդ անգամ է, ինչ տիկնիկ եք տանում այդ աղջնակի համար:

Վանականը պատասխանում է.

- Առաջին անգամ ճանապարհին մի փայտահատ հանդիպեց և խնդրեց իր կացինը պահել, որպեսզի ինքը ծառի ճյուղերը տեղադրի իր սայլակի վրա: Խաղալիքը դրեցի մի քարի վրա ու

օգնեցի այդ մարդուն, իսկ այդ պահին մի ագռավ ծառից ցած իջավ ու տիկնիկը տարավ: Երկրորդ անգամ ճանապարհին մի զառամյալ ծերունի հանդիպեց, ցույց տվեց Աստվածաշունչը և սկսեց Ավետարանից հարցեր տալ: Ես էլ գոհունակությամբ նրա մոտից վերցրեցի Սուրբ Գիրքը, խաղալիքը դրեցի ձյունածածկ ճերմակ գետնին և պատասխանեցի այդ մարդուն հետաքրքրող հարցերին: Երբ պտտվեցի տիկնիկի կողմը, միայն այն տեսա, թե ինչպես է ագռավն այն իր կտուցով պինդ-պինդ բռնած բարձրանում երկինք: Հիմա երրորդ անգամ եմ եկել և խնդրում եմ` ինձ օգնեք:

Խանութի աշխատողը մոտենում է լուսամուտին ու ապշահար ասում.

- Նայե՛ք պատուհանից դուրս. ինչքա՜ն ագռավներ են հավաքվել մոտակա ծառերի վրա և կարծես ձեզ են սպասում...

Ամեն իրադրության մեջ միշտ պետք է զգոն և արթուն լինել:

 

Հովհաննես Մանուկյան

03.05.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․