Մարդը ստեղծվել է երկրի վրա, բայց ոչ թե երկրի, այլ երկնքի համար

Բավական է, որ մի որոշ ժամանակով մարդիկ անցնեն սիզամարգով, ապա անմիջապես կնշմարվի առաջ եկած արահետը: «Ես Հորից ելա և եկա աշխարհ և այժմ թողնում եմ աշխարհը և գնում Իմ Հոր մոտ» (Հովհ. 16:28),- ասում է Քրիստոս: Աշխարհի Փրկիչը՝ Քրիստոս, աշխարհ գալով, Իր հետևորդների համար հարթեց փրկության ուղին: Այս ուղին քրիստոնյային հիշեցնում է, որ ինքը ստեղծվել է երկրի վրա, բայց ոչ թե երկրի, այլ երկնքի համար։ Փրկության ուղով հաստատուն ընթանալու համար քրիստոնյան հաճախակի աղոթքի ճանապարհներ է անցնում:

Օգոստոսի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, աղոթքի ճանապարհ անցավ՝ այցելելով Կոտայքի թեմի սրբավայրեր: Առաջին սրբավայրը, որ այցելեցին ուխտավորները, Գեղարդավանքն էր: Հայ եկեղեցու առաջին հայրապետի՝ սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնած վանքում ուխտավորները համախմբվեցին միասնական աղոթքի շուրջը՝ դիմելով օրվա հիշատակելի սրբերի՝ Եփեսոսի Սուրբ ժողովի երկու հարյուր հայրապետների բարեխոսությանը:

Աստծու հետ միավորման աղոթքի ուղին համայնքի անդամներին առաջնորդեց հաջորդ սրբավայրը՝ Գառնիի Ս. Աստվածածին եկեղեցի (12-րդ դար): Աղոթքի ուղին քրիստոնյայի համար հոգու խոր պահանջ է։ Հերթական սրբավայրն ուխտավորներին կրկին համախմբեց միասնական աղոթքի շուրջը՝ միասնական աղերս ընծայելով Տիրոջը՝ հանուն Հայաստան և Արցախ աշխարհների խաղաղության: Այնուհետև ուխտավորներն ուղևորվեցին Գառնիի «Մաշտոց Հայրապետ» եկեղեցի (12-13 դդ.), որն ըստ պահպանված արձանագրությունների՝ կոչվում է Ս. Աստվածածին, իսկ ավանդաբար «Մաշտոց Հայրապետ»՝ 897 թ. Գառնիում վախճանված հայոց կաթողիկոս Մաշտոց Եղիվարդեցու անունով (Մաշտոցի տապանաքարը Գառնիի հեթանոսական տաճարի մոտ գտնվող «Մաշտոց Հայրապետ» մատուռի ներսում է): Մաշտոց Եղիվարդեցի հայրապետն է կարգավորել և խմբագրել նախորդ հայրապետների կողմից տարբեր ժամանակներում ծիսական համակարգ ներմուծված կանոնները՝ ամփոփելով մեկ ժողովածուի մեջ, որը նրա անունով կոչվել է «Մաշտոց»: «Մաշտոց Հայրապետ» եկեղեցում ուխտավորները, Խաղաղական ժամերգությանը մասնակից դառնալով, ավարտեցին իրենց աղոթքի հերթական հոգեշահ ուղին, հոգեշահ, քանի որ այսօրվա արագընթաց և անհանգիստ ժամանակներում, երբ մարդու համար դժվար է թեկուզ մեկ օր ընտրել ուխտագնացության համար, ապա այդ ճանապարհն անցնողը հոգու մեծ շահ և օգուտ է ունենում:

 

Կարինե Սուգիկյան

 

06.08.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․