Մարիամ մանկանը Տաճարին ընծայելու տոնի քարոզ

Մարիամ մանկանը Տաճարին ընծայելու տոնի քարոզ | Mariam Mankany Tacharin Yntsayelu Toni Qaroz

«Մաքուր աղավնի և հարսն երկնից Մարիամ, տաճար և աթոռ Աստուծոյ Բանին, քեզ երանեն ամենայն ազինք» (Շարակնոց):

Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր,

Մեր Երկնային Մոր, Բարձրյալի Տաճարի, Երկնքի Թագուհու, Ամենասուրբ Մարիամ Աստվածածնի հանդեպ տածած սերն է այսօր առաջնորդել մեզ եկեղեցի՝ մասնակցելու Փառապանծ Կույսին նվիրված տոնին: Իրադարձությունը, որ տոնում է այսօր Մայր եկեղեցին, կարող է առաջին հայացքից այնքան նշանակալից չթվալ, որքան Սրբուհի Աստվածամոր մյուս տոներն են կամ Տերունական տոները: Սակայն, սիրելինե՛ր, Եկեղեցու սրբազան հայրերը, Սուրբ ավանդության վրա հիմնվելով և Սուրբ Հոգով առաջնորդվելով, այն ներառել են եկեղեցական տոների ցանկում՝ դրա արտաքին պարզության տակ բացահայտելով աստվածային խորունկ խորհուրդներն ու ուղիղ կապը մեզնից յուրաքանչյուրի հետ: Այսօր, սիրելի՛ հավատացյալներ, մենք էլ մեր խորհրդանշական մոմերը վառած, եկել ենք մասնակցելու երեքամյա Մարիամ մանկանը Տաճարին ընծայելու տոնին:

Սուրբ Հովակիմ և Աննա երանելի ամուսնական զույգի զարմանահրաշ պատմությունը, հուսով եմ, բոլորդ եք հիշում: Ես այն կրկին չեմ պատմի ձեզ, միայն կհիշեցնեմ, որ Աստծո այս հավատարիմ ու առաքինի ծառաները ողջ կյանքում իրենց ունեցվածքից առատորեն բաժին էին հանել և՛ կարիքավորներին և՛ Աստծո տաճարին: Եվ ի վերջո, երբ Ամենազորի մեծագույն ողորմածությամբ ծնող լինելու երանությունը նրանց էլ էր այցելել, և նրանց սիրասուն դստրիկն արդեն բոլորել էր իր երեք տարին, բարեպաշտ ամուսինները, առանց վայրկյան իսկ երկմտելու, շտապեցին կատարել Հայր Աստծուն տված իրենց խոստումը և մանկահասակ Կույսին տարան Աստծո ծառայությանն ընծայելու: Ինչպես արդեն նշեցի, սիրելի՛ հավատացյալներ, Սուրբ Հովակիմն ու Աննան միշտ լավագույն ընծաներն էին տանում Տիրոջը նվիրաբերելու, սակայն այս անգամ ընծան գերազանցեց բոլոր նախորդներին: Տարիներ ի վեր սրտից պոկված հառաչանքների, թափված արցունքների ու հարատև աղոթքների արդյունքում ծնված մանուկն անգին էր: Սակայն Աստծո երանելիները քաջ գիտակցում էին, որ սեփական ոչինչ չունեին այս աշխարհում, այլ ամենը Բազումողորմ Աստծո պարգևներն էին, այդ թվում նաև իրենց միակ զավակը: Ուստի, մեծ խոնարհությամբ և ուրախ սրտով իրենց տրված անգին գանձը վերադարձրին Երկնային Հորը, կասկած չունենալով անգամ, որ իրենց հնազանդությունը լիուլի վարձատրվելու էր շատ շուտով: Սուրբ Հովակիմն ու Աննան հավիտենություն մտան որպես Մարդացյալ Աստծո պապ և տատ:

Այո, նրանք կատարեցին իրենց խոստումը և մանուկ Մարիամին կանգնեցրին տաճարի առաջին աստիճանին: Սա շատ կարևոր օրինակ է քրիստոնյա բոլոր ծնողների համար, քանի որ երեխաների մանուկ հոգիներում բարի սերմեր ցանելը հենց ծնողներին է վերապահված: Սակայն մյուս աստիճանների հաղթահարումը ապագա Աստվածամոր ընտրությունն էր: Երեքամյա պարզ մանկան համար տաճարի աստիճաններն անհաղթահարելի էին, սակայն Տիրոջ Ընտրյալ Անոթը, Սուրբ Հոգով զորացած ու Նրա կողմից առաջնորդվելով, աներեր քայլերով վեր բարձրացավ դեպի Կենդանի Աստծո ներկայության վայրը: Երանելի Կույսն ընտրյալ էր իր հրաշալի ծնունդից ի վեր և նրա օրհնյալ ծնունդով հիմքը դրվեց Աստծո և Նրա անհնազանդ զավակի հաշտության: Ամենատես Աստված Սուրբ Աստվածածնի մաքրամաքուր հոգու և մարմնի լույսը տեսավ ժամանակների խորքում և ընտրեց նրան որպես լուսեղեն տաճար Իր բնակության համար: Եվ ահա, երեքամյա մանկիկ Մարիամը վստահ քայլերով բարձրանում էր դեպի Հին ուխտի տապանակը պահպանող Սրբության Սրբոցը, որպեսզի կենդանի տապանակ դառնար փրկության Նոր ուխտի համար:

Սիրելի՛ հավատացյալներ, զուր չէ, որ Եկեղեցու հայրերն այսպիսի կարևորություն են տվել Աստվածամոր կյանքի այս դրվագին և ամեն տարի հիշեցնում են մեզ դրա մասին: Քանի որ դա միայն Սրբուհի Աստվածածնի կյանքում կատարված իրադարձություն չէ, այլ բոլորս էլ մի օր կանգնում ենք Աստծո տաճարի առաջին աստիճանին, երբ Սուրբ Մկրտությամբ որդեգրվում ենք Արարչի կողմից: Ճիշտ և լավ է, եթե մեր ծնողներն են մեզ Աստծո տուն բերում, քանզի դրանով կատարում են ծնողական իրենց ամենամեծ պարտականությունը: Սակայն, հետագա ընթացքի ուղղությունը կախված է միմիայն մեզնից, մեր ընտրությունից ու մեր որոշումից: Ժողովրդական խոսքն ասում է՝ կյանքն աստիճան է՝ մի օր վերևում ես, մի օր՝ ներքևում, և մեզ՝ քրիստոնյաներիս համար այս խոսքը կիրառելի է այն առումով, որ մեր կյանքն իսկապես դեպի Երկինք տանող աստիճան է, իսկ մեր ընթացքը բաղկացած է վերելքներից ու անկումներից: Երեքամյա Մարիամը վստահորեն հաղթահարում էր վերելքի դժվարությունները, քանի որ նրա մանկական անաղարտ սիրտը հուշում էր, որ իրեն անսահման սիրող Ծնողի մոտ էր գնում: Եվ եթե մենք էլ կյանքի ճանապարհը պատկերացնենք աստիճանի տեսքով, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, որի վերևում  մեզ է սպասում Սիրող Հայրն Իր Արքայության մեջ, և եթե այդ սքանչելի պատկերը մշտապես ունենանք մեր աչքերի առջև, ինչպես որ Սրբուհի Կույսն ուներ, ապա, վստահաբար, մեր վերելքներն ավելի շատ կլինեն, քան անկումները: «Իրեն՝ Զորությունների Տիրո՛ջը սրբացրեք, թող ձեր վախը Նա՛ լինի: Եթե հույսդ նրա վրա դնես, նա քեզ համար սրբություն կլինի, և քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթաքի»,- ասում է Եսայի մարգարեն (8:13-14): Յուրաքանչյուր ընտրությունից առաջ, կասկածելի յուրաքանչյուր քայլից առաջ, երբ միտքը մի բան է հուշում, իսկ սիրտը՝ մեկ այլ, պիտի հարց տանք ինքներս մեզ՝ այս քայլը ինձ դեպի վե՞ր է տանում, դեպի Երկնքի Արքայությո՞ւն, թե՞ ընդհակառակը՝ հեռացնում է Աստծուց: Եվ եթե վերջինն է մեր պատասխանը, ապա միանշանակ պիտի հրաժարվենք մեր մտադրությունից ու փախչենք դրանից, ինչպես օձից, որովհետև մեղքն է, որ հեռացնում է մեզ Աստծուց, և ինչպես Սիրաքի իմաստության մեջ է ասվում. «Փախի՛ր մեղքերից, ինչպես օձից. եթե մոտենաս կխայթի քեզ» (21:2):

Սիրելինե՛ր, Տեր Հիսուս Քրիստոս Սուրբ Մարիամ Աստվածածնին ընտրեց Իրեն մայր՝ գերագույն շնորհ անելով նրան բոլոր արարածների մեջ: Սակայն, մահկանացու աղջնակի գլուխը երբեք չէր զարդարվի Երկնային Թագուհու փառահեղ թագով, եթե նրա հոգին առ Աստված ունեցած անսահման սիրով, հնազանդությամբ ու նվիրվածությամբ զարդարված չլիներ: Հրեշտակապետի բերած ավետիսից տարիներ առաջ արդեն Սուրբ Կույսն ընտրել էր իր ճանապարհը, և դա դեպի Աստված տանող կյանքի ճանապարհն էր: Նա աշխարհն ու աշխարհային կապվածությունները թողեց տաճարի աստիճանից անդին, որպեսզի ոչինչ չխոչընդոտի իր վերելքին: Նրա անապական հոգին անսաց Բարձրյալի քաղցրահունչ կանչին ու նա վեր բարձրացավ՝ ճանապարհ հարթելով Տիրոջը կարոտած մյուս հոգիների համար: Ճշմարիտ Աստծո սիրելի պատկերը մեկընդմիշտ քանդակված էր նրա սրտի տաճարի գմբեթին, սակայն, միևնույն է, անհրաժեշտ եղավ, որպեսզի Հրեղեններից անբիծը տաճարում բնակվի, Աստծո խոսքով սնվի, հոգևոր դաստիարակություն ստանա և լցվի սրբությամբ ու աստվածային լույսով՝ պատրաստ լինելու Մարդացյալ Աստծուն իր սրտի տակ ընդունելու, պատրաստ լինելու ասելու. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1:38): Իսկ եթե նույնիսկ նա՝ Աստծո անաղարտ Ծաղիկը դրա կարիքն ուներ, ապա որքա՜ն առավել մենք՝ Աստծո մեղավոր զավակներս, Ամենակալի առանձնահատուկ ողորմությունների կարիքն ունենք, որ միայն սուրբ եկեղեցիների պատերից ներս է Տերն առատապես բաշխում: Որպեսզի մենք էլ Տիրոջ ողորմածությամբ ամեն աշխարհայինից ու մեղավորից հրաժարվելով, Նրա շնորհներով զորանալով ու ամրապնդվելով մեր հավատի մեջ, մի օր կարողանանք անկեղծորեն կրկնել այն խոսքերը, որ մեր Երկնային Մայրն արտասանեց: Եվ ամեն ջանք գործադրենք՝ համապատասխանելու առաքյալի այն խոսքին, թե. «Արդարև, կենդանի Աստծո տաճար եք դուք, ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ընթանամ նրանց միջով և նրանց Աստվածը պիտի լինեմ»: Սիրելինե՛ր, և որովհետև այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծո երկյուղով» (Բ Կորնթ. 6:16, 7:1):

Մանկահասակ կույսը տաճարում ամեն օր ժամեր շարունակ խոսում էր Հայր Աստծո հետ իր անձանձիր աղոթքներում: Այնուհետև այդ զրույցները շարունակվեցին իր սիրասուն Որդու, Աստծո Մարդացյալ Բանի հետ Նրա երկրային կյանքում և Սուրբ Հոգու հետ՝ դրանից հետո, իսկ ապա շարունակվեցին հավիտենության մեջ՝ մարդկության համար բարեխոսության կերպն ստանալով: Պատմում են, որ մի բարեպաշտ մարդ կար, որ առանձնահատուկ մեծարանք ուներ Սուրբ Աստվածածնի հանդեպ և ահա, մի օր երազում տեսնում է, որ կանգնած է դատաստանի առջև ու սարսափելի դողում է՝ սպասելով, որ տանջանքների են դատապարտելու իրեն: Իսկ պահապան հրեշտակը շշնջում է նրա ականջին. «Մի՛ վախեցիր, ամեն ինչ լավ կլինի»: «Որտեղի՞ց գիտես»,- հարցնում է մարդը: Հրեշտակը պատասխանում է. «Որովհետև Աստվածամայրն է մոտենում Աստծո Աթոռին, իսկ նա հաստատ կպաղատի քեզ համար: Դու միշտ մեծարել ես նրան, աղոթել ու նրա բարեխոսությունը խնդրել»: Եվ մեծագույն ուրախությամբ արթնանում է մարդն ու այդուհետ ավելի մեծ եռանդով մեծարում Աստվածամորը»:

Սիրելինե՛ր, մաղթում եմ, որ Սուրբ Տիրամոր հանդեպ ձեր սերը ևս օրեցոր ավելանա, որպեսզի դուք էլ համարձակություն ունենաք նրա մայրական բարեխոսությունն աղերսելու ձեր աստվածակերտ հոգիների փրկության համար: Եվ թող Սուրբ Մարիամ Աստվածածնի աղոթքներով հաստատվեն մեր քայլերը դեպի Երկնային Տաճար տանող աստիճաններին, որպեսզի պատվով հաղթահարենք դրանք ու Վերին Երուսաղեմի տաճարում մենք էլ փառաբանենք Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, հավիտյանս հավիտենից, ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

 

21.11.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․