12 Հոկտեմբեր, Շբ
Մի երիտասարդ վանական վանահոր հետ անցնում է խաղահրապարակի մոտով:
Երիտասարդ վանականն անընդհատ իրեն մեղադրում է և ասում.
- Հա՛յր սուրբ, իմ հոգևոր կյանքում այնքան մեծ ձեռքբերումներ էի ունեցել: Երանելի հոգևոր բարձունքների հասել, սակայն կրկին գայթակղվեցի, մեղքն ինձ ցած նետեց ու ետ նահանջեցի...
Վանահայրը ոչինչ չի պատասխանում: Մոտենում է մի ճոճանակի, նստում ու մտազբաղ հայացքը դեպի երկինք հառած սկսում ճոճվել:
Երիտասարդ վանականը զարմացած ժպտում ու հարցնում է.
- Հա՛յր սուրբ, ձեր մանկությո՞ւնն եք հիշել.
Վանահայրը պատասխանում է.
- Նկատում ես` ինչքան ետ եմ ճոճվում, այդքան էլ դեպի վեր եմ բարձրանում: Մարդու կյանքում էլ է այդպես: Եթե իրապես հասկանում է իր սխալը, զղջում ու ապաշխարում, ապա ինչքան ետ է նահանջել, այդքան էլ դեպի առաջ է գնում: Արդ, մի՛ տխրիր, այլ ուրախ եղիր, որովհետև նորից դեպի վեր ես բարձրանում...
Հովհաննես Մանուկյան