Մտավորականը

Մի մտավորական խորասուզված իր կիսախավար սենյակում, ուր շուրջբոլորը գրքեր են ու մեծաքանակ թղթեր, հերթական ստեղծագործությունն է գրում:

Ներս է մտնում Աստծո հրեշտակը, և ոգևորված մտավորականը հիացմունքով ասում է.

-Վերջապես Աստված նկատեց իմ տքնաջան բարի գործը և իր հրեշտակին ուղարկեց: Արդեն հինգ հազար էջ գրել եմ, որտեղ ամփոփված է և´ բանաստեղծություն, և´ պոեմ, և´ պատմվածք, և´ վեպ ու նովել: Եկե՞լ ես այդ գրքերը տանելու և Աստծուն ու բյուրավոր հրեշտակներին ցույց տալու:

Հրեշտակը լռելյայն մոտենում է ու փոշոտված թղթերի միջից հանում է մի էջ, ուր ընդամենը գրված է լինում` արդ մնում են հավատ,  հույս, սեր. սրանք` երեքը և սրանցից մեծագույնը սերն է:

-Եկել եմ քո կողմից գրառված առաքյալի այս խոսքերը տանելու, կրկնօրինակելու ու մարդկանց բաժանելու, որովհետև Աստծուն մարդկանց փրկությունն է հետաքրքրում, այլ ոչ թե քո անձնական վաստակն ու փառքը...

Կարող ես հազարավոր էջեր գրել ու տպագրել, բայց հնարավոր է` դրանք Աստծուն չհետաքրքրեն ու պետք չլինեն, բայց կարող ես մեկ էջ գրել և հավերժությունը կերտող Աստծուն հնարավոր է այն մշտապես  պետք լինի...

 Ավետարանն ասում է` ինչ արժեք ունի, եթե ամբողջ աշխարհը շահես, բայց քո անձը կորցնես (Մատթ. 16.26)

 

Հովհաննես Մանուկյան

26.10.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․