13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Բայց լավ է միշտ նախանձախնդիր լինել բարի բաներին․․․․ (Գաղ․ 4։18)։
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
«Նախանձախնդիր» բառը, որ գործածում է այստեղ Պողոս առաքյալը, հայերենի բացատրական բառարանում նշանակում է մեծ եռանդով մի բանի հետամտող՝ մի բան պաշտպանող, որևէ բանի ջերմեռանդ պաշտպան՝ կողմնակից՝ կատարող։ Շատ կարևոր է սա իմանալ հասկանալու համար, թե հատկապես ինչ է հորդորում մեզ սուրբ առաքյալը և ինչ է ակնկալվում մեզնից ՄԻՇՏ։
Վերջերս մի հին ծանոթի ընտանիքում էի հյուրընկալվել, որի հայրը, չնայած առաջացած տարիքին, շատ լավ ու հարգված մասնագետ է իր աշխատանքային ոլորտում և տասնյակ տարիներ աշխատելուց հետո անգամ այնպիսի եռանդով ու ոգևորությամբ է պատմում իր աշխատանքի մասին, որ ակամայից ինքդ էլ հետաքրքրությամբ ես լցվում դրա հանդեպ։ Իսկ ընտանիքում տիրող ջերմ ու հաճելի մթնոլորտը վկայում է այն մասին, որ տարիների ընթացքում այստեղ ևս չի նվազել նրա սերն ու եռանդը, այլ շարունակում է ծաղկել ու բարի պտուղներ բերել բոլորին։ Երբ կողքից դիտում ես այս հրաշալի օրինակը և փորձում վերլուծել, հասկանում ես, որ դա ոչ մի դեպքում ինքնաբերաբար ստացված, «երկնքից ընկած» երջանկություն չէ, այլ ամենօրյա փոքր քայլերի, ինքնազոհումի, ջանքերի ու նվիրումի արդյունք է, հստակ գիտակցումի, թե ինչ ունես և ինչ պետք է պահպանես։
«Աստծու հանդեպ նախանձախնդրության հուրը զգալով՝ վազիր, քանի որ չգիտես, թե այն երբ կմարի և քեզ կթողնի խավարում»,- ասում է Հովհաննես Սանդուղքը հավանաբար ի լրումն Պողոս առաքյալի այն խոսքի, որ ասում է․ «Չգիտե՞ք, թե նրանցից, որ ասպարեզում վազում են, - թեև բոլորն են վազում, - միայն մեկն է առնում հաղթության մրցանակը: Այնպե՛ս վազեցեք, որ հասնեք դրան: Ով մրցում է, ամեն ինչում ժուժկալ է լինում. նրանք՝ որպեսզի կորնչելի պսակն առնեն, իսկ մենք՝ անկորնչելին» (Ա Կորնթ․ 9։24):
Այո՛, սիրելի հավատացյալներ, բոլորս էլ ասում ենք, կամ գոնե համաձայնում ենք ասողների հետ, որ յուրաքանչյուրս ձգտում է արժանանալ Աստծու անթառամ պսակներին Երկնքում, որ յուրաքանչյուր քրիստոնյայի նպատակը այստեղ և հավիտենության մեջ Քրիստոսի կողքին լինելն է, հնարավորինս Նրան արժանանալը, սակայն արդյո՞ք դա է վկայում մեր կյանքը, արդյո՞ք մեր քայլերն իրականում դեպի Երկինք են ուղղված․ մտածելու բան է։ «Եղիան օրենքի նկատմամբ նախանձախնդիր լինելու պատճառով բարձրացավ երկինք»,- ասում է Սուրբ Գիրքը (Ա Մակաբ. 2:58), ուստի հարկ է քննել ինքներդ ձեզ․ հասկանալու համար՝ ունե՞ք արդյոք եռանդ ու կամք և դեպի ո՞ւր են դրանք ուղղված։ Ինչպես մի հոգևորական էր ասում՝ ի՞նչ եք ասելու, երբ Հարուցյալ Քրիստոս ձեր տուն այցելի, ի՞նչ եք ցույց տալու Նրան՝ որպես ձեր ողջ կյանքի պտուղ․ ձեր տո՞ւնը։ Ասելու եք՝ Տե՛ր, տե՛ս՝ ի՜նչ լավ տուն եմ կառուցել ողջ կյանքս, գեղեցիկ կահավորել։ Կամ միգուցե սպորտային մեդալնե՞րն եք ցույց տալու, կամ ուսման դիպլոմնե՞րն ու աշխատանքային հաջողություննե՞րը․․․
Աստված մարդուն կոչում է սրբության, սիրելի՛ հավատացյալներ, այսինքն՝ բոլոր առաքինությունների առավելագույն մեկտեղման, որն ուղղակի անհնար է իրագործել առանց ինքնազոհ սիրո և առ Աստված նախանձախնդրության։ Իսկ մեր նախանձախնդրությունը դրսևորվում է Աստծու սուրբ կամքն ու Նրա պատվիրանները, բարին ու ճշմարիտը կատարելու հաստատուն ու ջերմեռանդ ձգտումով։ Հոգևոր կյանքը, քրիստոնյայի՛ կյանքն անհնարին է պատկերացնել առանց հոգու բոցավառման, առանց այդ շարժիչ ուժի, որը մղում է անընդհատ գործելու ի փառս Աստծու, ի սեր մերձավորի և ի շահ սեփական հոգու փրկության։ Դա այն ուժն է, որ բարին ընտրելով՝ միաժամանակ պայքարում է չարի դեմ։ Այսինքն՝ քրիստոնեական նախանձախնդրություն ունեցող մարդը աչք չի փակում չարի, կեղծի, կործանարարի նկատմամբ, անտարբեր չի գտնվում, չի խրախուսում այն և առավել ևս չի ծառայում դրան։ Շատ կարևոր է սա գիտակցել, քանի որ, ցավոք, շատ-շատերն այսօր իրենց քրիստոնյա կոչելով, այնպիսի խորը անտարբերության վիճակում են գտնվում, այնպիսի իներտ դիրք են գրավել, որ ակամայից հիշում ես Հայտնության խոսքերը․ «Գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք. երանի դու սառը լինեիր և կամ տաք. իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառը. հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից» (3։15, 16)։ Այս վիճակը շատ վտանգավոր է այն առումով, որ Աստծուն գործելու հնարավորություն չի թողնում։ Քանի որ եթե մարդ հոգևոր առումով անշարժ է, լճացել է, ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում իր հոգու, իր հավիտենական կյանքի, իր փրկության նկատմամբ, ապա Քրիստոս ո՛չ օգնել, ո՛չ օրհնել, ո՛չ խափանել, ո՛չ շտկել, ո՛չ հուշել, ոչինչ անել չի կարող գործողության բացակայության պարագայում։ Նման մարդը կարծես թե ապրում է, բայց միևնույն ժամանակ նաև չի ապրում, քանի որ նրա կյանքի, նրա գործողությունների արդյունավետությունը զրո է, չկա ուղղակի։ Եվ շատ ու շատ ցավալի է, եթե քրիստոնյան է նման վիճակի հասնում։ Իսկ դա պատահում է այն դեպքում, երբ մենք անփութորեն ենք վերաբերվում մեր հոգևոր աճին․ Աստվածաշունչը երկյուղածորեն դնում ենք վերին դարակում և միայն փոշին ենք վերցնում վրայից՝ անտեսելով ամեն Աստծու օրը թեկուզ մի գլուխ ընթերցելու անհրաժեշտության մասին։ Հիանում ենք սրբերի վարքով, նրանց աստվածային իմաստությամբ ու մեծ մարդասիրությամբ, բայց ինքներս ծուլանում ենք աղոթել ու պահք պահել, ավելացնել մեր հոգևոր գիտելիքներն ու դրանք կիրառել կյանքում։ Հիանում ենք Քրիստոսի «երանիներով», սակայն ոչինչ չենք անում դրանցից գոնե մեկին համապատասխանելու համար։ Իսկ երբ փորձում ենք ինչ-որ բան անել, ապա առաջին իսկ ձախողումից հետո ընկճվում ենք, հիասթափվում ու հրաժարվում հետագա փորձերից։ Որովհետև հույսներս մեր ու մեզ նման մարդկանց վրա ենք դնում, մոռանում ենք ապավինել Քրիստոսին, Նրա աջակցությունը խնդրել ամեն բան ձեռնարկելուց առաջ։ Որովհետև ինչպես մեր ժամանակակիցներից մեկն է դիպուկ նկատում՝ առաքելական ոգու փոխարեն, անդամալուծության ոգի ենք առել և առերևույթ հարստանալով՝ ներքուստ աղքատացել ենք։ Սա աշխարհի ոգին է, սիրելինե՛ր․ ամեն ինչ մարմնի համար, իսկ հոգին ասես գոյություն էլ չունի։ Եվ դրան հակառակվելու համար պիտի հետևենք սուրբ Անտոն Մեծի հորդորին, որ ասում է․ «Արթո՛ւն լինենք և մշտապես ջերմ պահենք բարի նախանձախնդրությունը մեր մտքի տանը, որպեսզի մեզ չանվանեն ծույլ ու անփույթ։ Կրքերը երբեք չեն տիրի նախանձախնդիր ու արթուն մարդուն։ Եթե անգամ նա ընկնի սատանայի խարդավանքի պատճառով, ապա նախանձախնդրությունն ու արթնությունը նույն վայրկյանին վեր կհանեն նրան»։
Եվ խոսքս ամփոփեմ քարոզիս նյութին համահունչ մի իմաստուն առակով։
«Ոմն եղբայր դիմեց աբբային, թե. «Ինձ մի խո՛սք ասա»: Աբբան պատասխանեց նրան և ասաց. «Ջանք գործադրենք քայլ առ քայլ ու չծուլանա՛նք և կապրենք»: Եվ աբբան նրանց մի այսպիսի բան պատմեց. «Մի մեծահարուստ հողագործ կար, որը, կամենալով իր որդիներին հողագործություն սովորեցնել, նրանց ասաց. «Որդյակնե՛րս, տեսե՛ք, թե ինչպես ես հարստացա, և դուք էլ եթե կամենաք լսել ինձ` կհարստանաք»: Եվ նրանք ասացին. «Աղաչում ենք, հա՛յր, ասա՛ մեզ` ինչպե՞ս առաջադիմենք և հարստանանք»: Հայրն իմաստությունը գործի դրեց, որ չծուլանան՝ գիտենալով, որ եթե ամեն ոք աշխատի հանապազօր՝ կառաջադիմի: Եվ ասաց նրանց. «Տարվա մեջ մեկ օր կա, որ եթե մեկը աշխատի՝ կհարստանա և կառաջադիմի: Ես մինչ ծերությանս օրը այդ օրվան էի նախանձախնդիր և հետամուտ: Ահա դուք ևս գործեցե՛ք և մի՛ ծուլացեք, և կգտնեք այդ օրը հաստատապես: Իսկ եթե գեթ մեկ օր ծուլանաք, զգո՛ւյշ եղեք. դա հենց այդ օրհնյալ օրը կարող է լինել, և չլինի թե՝ զուր տքնած լինեք ողջ տարին»: Այդպես և մենք՝ եթե հանապազ գործենք, կենաց ճանապարհը կգտնենք»․ ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան