25 Նոյեմբեր, Բշ
Մի դատավոր դուրս է գալիս եկեղեցուց ու տեսնում` մի հրեշտակ նամակներով լի տոպրակով նույնպես դուրս է գալիս եկեղեցուց, և հարցնում է.
- Աստծո՛ հրեշտակ, այս ի՞նչ նամակներ ես տանում:
Հրեշտակը պատասխանում է.
- Մարդկանց խնդրանքներն եմ տանում Աստծո մոտ, որպեսզի հաջորդ օրը պատասխան նամակները բաժանեմ նրանց: Եթե ցանկանում ես, դու էլ կարող ես մի նամակ գրել և վաղն իսկույնևեթ կփոխանցեմ պատասխան նամակը:
Դատավորն ասում է.
- Ինչքան գալիս եմ եկեղեցի, աղոթում, խնդրում, բայց Աստված լռում է, չի պատասխանում:
Վերջապես եկավ այդ օրը, երբ իրապես պատասխան կստանամ:
Այնուհետև մի թուղթ ու գրիչ է վերցնում, ոգևորված գրում, նամակը հրեշտակին հանձնում:
Հաջորդ օրը հրեշտակը գալիս է և Աստծուց ուղարկած ծրարը փոխանցում է այս մարդուն, որը մեծ սպասելիքներով ու ուրախությամբ բացում է այն, սակայն ներսում մի դատարկ, մաքուր թուղթ է գտնում ու դժգոհությամբ ասում.
- Այստեղ որևէ պատասխան չկա: Միայն ճերմակ, մաքուր թուղթ է: Աստված կրկին ինձ չպատասխանեց:
Հրեշտակը հարցնում է.
- Իսկ ի՞նչ էիր գրել Աստծուն.
Դատավորը պատասխանում է.
- Գրել էի, որ իմ հարևանը երկու ձի ունի, իսկ ես մեկը, և նա նաև մի ավանակ ունի, իսկ ես չունեմ: Խնդրել էի, որ Աստված ինձ մի արաբական նժույգ տա: Եվ հետո, երբ երեկ եկեղեցի էի գալիս, տեսա, որ մի մարդ մի շատ գեղեցիկ ոսկյա մատանի ունի, այն էլ ադամանդակուռ, իսկ իմ մատանին շատ հասարակ է: Խնդրեցի, որ ինձ էլ տրվի այդպիսի հնարավորություն, և ես էլ ունենամ այդ մատանուց, ոչ ավելին, ավելին ինձ պետք չէ: Բայց ամենակարևորը, որ իմ գործը շատ քիչ է. քիչ մարդկանց եմ դատում, քան իմ մյուս դատավոր ընկերները:
Հրեշտակ թույլ չի տալիս շարունակել և ասում է.
- Աստված քեզ միշտ էլ պատասխանել է, պարզապես դու չես կամեցել լսել, քանի որ կամեցել ես լսել քեզ համար ցանկալի պատասխանը: Այս ճերմակ, մաքուր թուղթը, որ ուղարկվել է քեզ, դա է պատասխանը, որով ցույց է տրվում, որ Աստված կամենում է, որ դու էլ այս թղթի նման մաքուր ու շիտակ լինես:
Հովհաննես Մանուկյան