26 Նոյեմբեր, Գշ
Կենդանի և գործուն սերն իր ճանապարհին կառուցում ու ամրացնում է ամեն ինչ: Սերն, ըստ Սուրբ Գրքի, ամբողջացնող շաղախն է ամեն ինչի (Կող. 3:14), Սուրբ Գրքի արքայական օրենքն է (Հակ. 2:8), Աստծու օրենքի կատարումը (Հռոմ. 13:8) և անկասկած իր մեջ կրում է ներկա և ապագա երանելի կյանքի խոստումը: Մարդկային կյանքն արագահոս գետի նման անցնում է ու գնում, անցյալը հնարավոր չէ վերադարձնել, ապագան անորոշ է, իսկ կյանքի ավարտն էլ հայտնի չէ, ուստի Քրիստոսի հետևորդը ջանում է իր ներկան ապաշխարությամբ և հավատքի գործերով իմաստավորել՝ քաջատեղյակ լինելով, որ Աստծու հետ միացյալ երանելի կյանքը ենթադրում է կատարյալ սեր ունենալ Նրա հանդեպ, որը նախևառաջ արտահայտվում է մերձավորի հանդեպ սիրով:
Սեպտեմբերի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակում, այցելեց հինգ հոգուց բաղկացած Հովհաննիսյան ընտանիքին, որ բնակվում է Րաֆֆու 111/26 հանրակացարանում: Կորոնավիրուսի համավարակի պատճառով ընտանիքը դժվարին կացության մեջ է հայտնվել: Երեք զավակների մայրը՝ Եղիազարյան Հեղինեն (29 տ.), նշեց, որ ամուսինը կորցրել է աշխատանքը, իրենց բնակարանը մեկ ամսով հոսանքազրկել են՝ էլեկտրաէներգիայի վարձը չվճարելու պատճառով, իսկ տրամադրվող ընտանեկան նպաստի գումարով կարողանում են միայն իրենց նվազագույն կարիքները հոգալ: Տեր Հայրը Հեղինեին փոխանցեց դրամական աջակցություն (50 000 դրամ), որ տրամադրել էին Հրաչ և Արման եղբայրները: Ընտանիքի մայրն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձանց:
«Ներկա ժամանակների մարդկային կյանքն այնքան է նյութական տարրերով խեղդվել, երկրավոր երևույթներով նվաճվել, որ աստվածայինի հանդեպ սկսել է սառչել, հոգեղենի հանդեպ՝ ընդարմանալ, երկնայինից հեռանալ: Ժամանակը դեպքի պետք է վերածել, ինչպես մարդը՝ դեմքի… »,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետը:
Կարինե Սուգիկյան