Ոչ թե նեռին սպասել, այլ Քրիստոսին

Երևի թե չկա եկեղեցու գիտակից հավատացյալ, որը չգիտի՝ աշխարհը, որում ապրում ենք, ունի վերջ։ Չկա մի հավատացյալ, որը երբևէ կարդացած չլինի սուրբ Հովհաննես առաքյալ-ավետարանչի Հայտնությունը և պատկերացում չունենա այն իրադարձությունների մասին, որոնք հայտնում են մարդկության երկրային պատմության ավարտի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ ու փառավոր Գալստյան մասին։ Սակայն եկեղեցական համայնքի մի որոշակի մաս կա, որը ոչ թե ուղղակի հիշում է, որ հայտնությունն անպատճառ տեղի է ունենալու, այլև լարված սպասում է դրան։

Մենք բոլորս, անկասկած, կոչված ենք ուշադրությամբ վերաբերվելու ոչ միայն նրան, ինչ կատարվում է մեր սրտերում, այլև մեզ շրջապատող իրականության մեջ։ Ըստ Փրկչի խոսքի՝ մենք պետք է կարողանանք տարբերել «ժամանակների նշանները» (հմմտ․ Մտթ․ 16։2)։ Անհրաժեշտ է հասկանալ, զգալ ժամանակի ոգին, ինչպես գրում է Իգնատի սրբազանը (Բրյանչանինով), որպեսզի չտրվել դրա հակաքրիստոնեական ներգործությանը և հնարավորինս պահպանել դրա ազդեցությունից զերծ մնալու ունակությունը։

Սակայն ես կուզեի հիշեցնել մեկ այլ անհրաժեշտության մասին ևս՝ լինել զուսպ և սթափ կշռադատող, հիշել Պողոս առաքյալի հորդորը․ «Դուք իսկույն չխռովվեք ձեր մտքում և չզարհուրեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ թղթերով՝ իբր թե մեր կողմից գրված, որպես թե արդեն եկած հասած լինի Տիրոջ օրը» (Բ Թես․ 2։2):

Մեզնից շատերը լավ հիշում են համեմատաբար ոչ վաղ անցյալի փոթորիկը, որ տեղի ունեցավ ոչ թե մեկ բաժակ ջրում, այլ անծայրածիր մայր Ռուսաստանում նույնականացման համարի՝ որպես «նեռի կնիքի» առիթով։ Քանի՜ նիզակ կոտրվեց այդ ժամանակ, քանի՜ «նահատակ» ի հայտ եկավ պետության ու հոգևորականության հետ այդ պայքարում, ինչպիսի՜ անմտություն ասես, որ չբացահայտվեց․ միայն «նախակնիք» տերմինն ինչ ասես արժի։ Հետո ամեն ինչ հարթվեց, հանդարտվեց, միայն նրանց անվանումը մնաց որպես մարդկանց որոշակի խմբի սահմանում, որոնք կարծես թե Եկեղեցում են, բայց միևնույն ժամանակ էլ չեն։

Իսկ այժմ նոր փոթորիկ է չիպավորման ու ճառագայթման առիթով, համընդհանուր պատվաստման առիթով, որի միջոցով էլ պիտի կատարվի չիպավորումը, ինչպես ենթադրում են ոմանք։ Էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի և դրանում մեր անխուսափելի կործանման առիթով։ Այն, անկասկած, հրահրվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով, սակայն վաղուց է հասունացել։

Միանգամից ասեմ․ ես համոզված եմ, որ չիպավորումը իրականություն է, չիպավորման հարցը ավելի շուտ ժամանակի և տեխնիկական պայմանների հարց է։ Ես մեծ կասկածով եմ վերաբերվում համընդհանուր պատվաստմանը, դրա անվտանգությանն ու նպատակահարմարությանը, հատկապես հաշվի առնելով այն, որ շատ մասնագետների կարծիքով, անդադար մուտացվող վիրուսի դեմ պատվաստելը պատրանք է, երազանք, իսկ ավելի ճիշտ՝ խաբեություն։ «Էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարը» սպառնալից է հնչում, սակայն ընդհանուր առմամբ այն արդեն իսկապես կառուցված է։

Խնդիրն այդ չէ, այլ այն, որ ես չեմ ուզում ապրել այդ ամենի վախի ու սարսափի մեջ, ես ուղղակի ուզում եմ ապրել քրիստոնեաբար, ինչպես որ հարկն է։ Եվ հատկապես՝ ոչնչից չվախենալով և չմեռնելով նախքան մահանալը։

Ես էլ մյուս հոգևորականների պես ամեն օր պատասխանում եմ հարցերի․ «Ի՞նչ անել, եթե այդ ամենը պատահի։ Ի՞նչ անել, չէ որ այդ ամենն արդեն կատարվում է»։ Պատասխանում եմ մարդկանց, բայց առաջին հերթին՝ ինքս ինձ։

Նախ և առաջ հարկ է հասկանալ, որ ոչ, դեռ չի կատարվում։ Ծայրաստիճան հարմար պայմաններ են ստեղծվել կատարվելու համար, սակայն դա կկատարվի հիմա, թե ոչ՝ անհայտ է, ուստի առայժմ «օգնության կանչելու» կարիք չկա, քանի որ այժմ միայն մարդկանց կծիծաղեցնենք, իսկ հետո այլևս ոչ մեկը չի հավատա։ Դառնանք պատմությանը․ այն թանկարժեք հնարավորություն է՝ համեմատելու այն, ինչ արդեն եղել է, նրա հետ, ինչ այժմ տեսնում ենք։ Դառնանք ու տեսնենք, որ աշխարհում մեկ անգամ չէ, որ այնպիսի իրադարձություններ են տեղի ունեցել, որ ստիպել են մարդկանց հավատալ, որ աշխարհի վերջն արդեն եկել է։ Տարերային աղետներ, համաճարակներ (ներկայինից շատ ավելի սարսափելի), հին աշխարհի վախճան և նորի սկիզբ, արյունահեղ պատերազմներ ու դրանցից ամենասարսափելին՝ տասնյակ միլիոնավոր մարդկային կյանքեր խլած Երկրորդ համաշխարհայինը։ Թվում էր՝ ահա, արդեն․․․ Սակայն ոչ, դեռ այս աշխարհի վերջը չի եկել, և նորը չի հայտնվել դրա փոխարեն։

Այո, ներկա ժամանակները զգալիորեն տարբերվում են ոչ վաղ և առավել ևս վաղ անցյալից։ Տեխնիկական զարգացումը անասելի առաջ է անցել։ Նորագույն ինֆորմացիոն և կենսաբանական տեխնոլոգիաները տառացիորեն մեր աչքի առջև վերաձևում են տնտեսական և քաղաքական իրականությունը։ Մարդը ևս փոխվում է գլխապտույտ արագությամբ, սակայն այնուամենայնիվ մնում է մարդ։ Այդ ամենը հնարավորություն է ստեղծում գալիք նեռի և նրա թիմի համար, բացատրում է նրա կողմից այն արդյունքերին հասնելու մեխանիզմները, որոնց մասին կարդում ենք Հայտնության մեջ, ծառայում է որպես Հայտնության տեքստի յուրատեսակ լուսաբանություն։

Բայց միևնույն է․․․ Միևնույն է մենք չենք կարող ասել, որ նեռը արդեն վաղը կգա։ Կամ անգամ՝ վաղը չէ մյուս օրը։ Մենք կարող ենք միայն արձանագրել, որ այո, այժմ արդեն այդ պահն ավելի մոտ է, քան երեկ էր։ Հնարավոր է, որ անգամ շատ մոտ է։ Բայց հարցն այն է, թե հետո ի՞նչ։

Ինչո՞ւ պետք է տվյալ իրողությունը գիտակցելու պարտադիր արձագանքը լինի խուճապի վերածվող շփոթվածությունը։ Որտեղի՞ց այդ միտքը, որ կա՛մ պետք է ամեն ինչ մի կողմ դնել և այլևս ոչինչ չանել, կա՛մ ողջ ակտիվությունդ ուղղել Բիլ Գեյթսի և 5G աշտարակների դեմ պայքարին։ Որտեղի՞ց կամքը կաթվածահար անող այդ վախը, որ վերածվում է մե՛կ ագրեսիայի, մե՛կ կրկին փոխվում ինչ-որ անպտուղ թմրության։

Փա՜ռք Աստծու, որ Եկեղեցում գտնվող մարդկանց ոչ մեծ մասն է այդ վիճակում գտնվում, բայց ա՛յ քեզ դժբախտություն․ ալարմիզմը վարակիչ է, դրա ներկայացուցիչները՝ ակտիվ ու աղմկարար, նրանք շփոթության են մատնում միմյանց ու իրենց շրջապատողներին։ Կողքից նրանց նայելով, աշխարհը սկսում է լրջորեն կարծել, որ բոլոր քրիստոնյաներն են այդպիսի։ Իսկ քրիստոնյաները․․․ Մենք կամաց-կամաց վարակվում ենք վախի ու շփոթմունքի այդ վիրուսով և ինչ-որ պահի հասկանում ենք, որ այն տառացիորեն քայքայում է մեզ ներսից։

Եվ ես շատ եմ ուզում հիշեցնել և՛ շրջապատիս, և՛ ինքս ինձ, որ ինչպիսին էլ, որ ներկայանա մեզ վաղվա օրը՝ սարսափելի, ճնշող, անտանելի կամ, ընդհակառակը, պայծառ ու սքանչելի, ապրել հարկավոր է այսօր։ Այդ «վաղը» դեռ չկա, իսկ «այսօրը» կա։ Դրա բոլոր կարիքներով ու գործերով հանդերձ հարկավոր է որոշումներ կայացնել, արարքներ գործել, պայքարել դժվարությունների դեմ, արիաբար դիմանալ վշտերին ու շնորհակալ լինել Աստծուն և՛ դրանց համար, և՛ այն ուրախությունների, որ քիչ չեն։ Եվ չեն կորցրել (ու երբեք չեն կորցնի) իրենց արդիականությունը Քրիստոսի խոսքերը․ «Օրվա հոգսը բավ է օրվա համար» (Մտթ․ 6։34):

Պետք չէ սպասել նեռին, պետք չէ պատրաստվել նրա գալստյանը։ Հարկավոր է Տիրոջը սպասել և սովորել Նրա հետ ապրել արդեն ներկայում։ Դրանից է վախը, դրանից է ցավը, դրանից է մոլորվածությունը, նրանից, թե այժմ որքան հեռու ենք Աստծուց, որքան քիչ ենք նման Նրա աշակերտներին։ Եթե այդպես չլիներ, ապա որտեղի՞ց պիտի հայտնվեր վախը․․․

Եվ եթե կարիք կա ինչ-որ բանի մասին լրջորեն հոգալու տեղի ունեցող իրադարձությունների առումով, «ժամանակների նշանների» առումով, որ սպառնում ու շփոթեցնում են, ապա միայն այն մասին, որպեսզի ջանաս հեռացնել քեզնից այն ամենն, ինչն իսկապես խանգարում է լինել Քրիստոսի հետ, ինչը փակում է դեպի Նրան տանող ճանապարհը, թույլ չի տալիս բացել մեր սիրտը Նրա առջև և ներս թողնել Նրան։ Եվ այդժամ Նա Ինքը կսովորեցնի մեզ, թե ինչ անել և ցույց կտա, թե ինչպես անցնել ամենածանր փորձությունների միջով՝ չվնասելով մեր հոգին։

Դա մեր ուժերի և կարողությունների սահմաններում է։ Դա այն է, ինչը մեզնից է կախված։ Իսկ մնացածը․․․ Մնացածը ճիշտ նույնպիսի պատրանք ու երազանք է, ինչպիսին «կախարդական պատվաստանյութն» է, ճիշտ նույնպիսի խաբեություն։

 

Վանահայր Նեկտարիոս (Մորոզով)

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

07.02.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․