Հինանց շրջանի գունագեղ կիրակիներից Սբ. Զատկին հաջորդող երրորդ կիրակին Կարմիր է կոչվում՝ «զի Տէրն երեւի որպէս ի Զատկի օրն Կիրակի»: Այս անվանումը ունի ժողովրդական ծագում: Կարմիր կիրակին նահատակաց կամ սրբոց կիրակի էլ է կոչվում:
Եկեղեցում այս գունագեղ անվան հետ կապված որևէ արարողություն չի կատարվում, որևէ շարական չկա: Թերևս ըստ սովորության որոշ եկեղեցիներում Կանաչ և Կարմիր կիրակիներին արտաքին փոփոխություն է նկատվում. եկեղեցու վարագույրը, պատարագչի զգեստը, դպիրների շապիկը կանաչ և կարմիր են լինում օրվան համապատասխան: Իսկ որոշ գավառներում և գյուղերում, ըստ գունագեղ կիրակիների, կանաչ կամ կարմիր են հագել:
Կարմիր կիրակին իր այլաբանական բացատրությամբ խորհրդանշում է Քրիստոսի արյամբ ծաղկած կիրակի և Նրա արյամբ հաստատված եկեղեցի:
Կարմիր կիրակին, ըստ ոմանց, նվիրված է ավետարանական այն պատմությանը, թե ինչպես Հիսուս հերթական անգամ երևաց աշակերտներին Տիբերիայի լճի ափին: Պետրոսը վերականգնվեց իր պաշտոնում. Քրիստոս նրան երեք անգամ հարցրեց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրու՞մ ես ինձ»: Պետրոսը երեք անգամ պատասխանեց Հիսուսին՝ վստահեցնելով. «Այո՛, Տե՛ր, Դու գիտես, որ սիրում եմ Քեզ»: Ի պատասխան այդ վստահեցմանը՝ Տերը երեք անգամ էլ Պետրոսին հանձնարարեց. «Արածեցրո՛ւ Իմ ոչխարներին» (Հովհաննես 21:1-19):
Կարմիր գույնի խորհրդանիշներին անդրադառնալով՝ տեղեկանում ենք, որ Եսայի մարգարեն այն որպես հաղթական գույն է համարել. «Ո՞վ է սա, որ սուրալով գալիս է Եդովմից, որի զգեստները Բոսորի կարմրությունն ունեն, գեղեցիկ պատմուճանով և հուժկու զորությամբ…ինչո՞ւ կարմիր են զգեստներդ հնձանահարի հանդերձների նման» (Եսայի 63:1-2):
Կարմիրը ոչ միայն հաղթանակի, այլ նաև պայքարի խորհրդանիշն ունի: Մարտական դրոշները, պայքարները և հերոսները բնորոշվել են կարմիր մակդիրով: Քրիստոնյայի համար սովորական է դարձել այն ասույթը, որ ասում է. «Կյանքը պայքար է»: Նա ամեն օր, պայքարելով մեղքի և չարի դեմ, ընթանում է պայքարի ուղով: Այդ ուղին նեղ է և անձուկ, բայց առաջնորդում է դեպի Կյանք և Հաղթանակ: Նա մկրտության և դրոշմի խորհուրդներով օժտվում է հոգևոր կենսական նոր սկզբունքով, ստանում է անհրաժեշտ զորությունը և կարողությունը պայքարելու ապականիչ այն չար ուժերի դեմ, որոնք սպառնում են խաթարել, տկարացնել կամ սպանել իր հոգևոր կյանքը: Քրիստոնյան ուժեղ մարտիկի կերպար է, նրա համար օտար են վախը, թուլությունը, հուսահատությունը: Չարի դեմ պայքարում նա ոտքից գլուխ Աստծո սպառազինությունն է կրում: Նրա մեջքը ամրապնդված է ճշմարտությամբ, հագին արդարության զրահն է, նրա կոշիկը խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունն է: Իսկ հավատի վահանով հանգցնում է չարի արձակած բոլոր մխացող նետերը, ունի նաև փրկության սաղավարտ, Սուրբ Հոգու սուր, որն Աստծո խոսքն է (Եփեսացիներ 6:10-17): Պողոս առաքյալը այդ պատերազմը համարում է բարի, քանի որ հավատարիմ և համբերատար մարտիկին վերջում սպասում է արդարության պսակը, որը Տերը՝ արդար Դատավորը, իբրև հատուցում տալու է դատաստանի օրը բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են Տիրոջ հայտնվելուն (Բ Տիմոթեոս 4:7-9):
Քաջ լինելու և անվախորեն պայքարելու մասին անգամ բնությունն է մեզ հիշեցնում: Նոր վերազարթնած բնությունը պայքարի է ելնում ցրտի, խստաշունչ հովի, եղյամի, որդի և այն ամենի դեմ, որ սպանում են կյանքը: Գուցե նորաբաց բողբոջների մի մասը սառեն եղյամից, կամ թափվեն կարկուտից, բայց ծառը, պտղաբերելու հույսով, շարունակում է իր գոյությունը:
Ժողովրդական սովորությունները
Ժողովրդական լեզվով կանաչ-կարմիր նշանակել է նաև ծիածան, իսկ կանաչ-կարմիր կապել՝ ամուսնացնել, կարմիր կանչել՝ հարսանիքի ժամանակ փեսայի համար դրամ հավաքել, իսկ կարմրականաչն էլ՝ հյուրասիրություն էր հարսի ծնողների համար փեսայի տանը: Որպես արգասավորության խորհրդանիշ՝ պսակի արարողությանը կանաչ ու կարմիր էին կապում, երբեմն նարոտի թագի փոխարեն կանաչ ու կարմիր էին գործածում:
Նոր ծաղկած բնության գրկում ժողովուրդը սովորություն ուներ զբոսանքի դուրս գալ Կանաչ- Կարմիր կիրակիներին: Եթե որևէ մեկը Կանաչ կիրակի օրը ուխտագնացության չէր գնացել, ապա գնում էր հաջորդ՝ Կարմիր կիրակի օրը: Ուխտագնացությանը սպասում էին ամիսներով, մեծ բծախնդրությամբ էին պատրաստվում, ուխտագնացությունից մեկ օր առաջ եփում էին, թխում: Հեռու ապրողները օրեր առաջ ճանապարհ էին դուրս գալիս սայլերով, կառքերով, գրաստներով կամ ոտքով:
Ջավախքում Կարմիր կիրակի օրը շատերը դուրս էին գալիս զբոսանքի, որն ուղեկցվում էր երգ ու պարով, խաղ ու ծիծաղով: Կեսուրներն էլ հարսներին տանում էին բանջար հավաքելու, ապա, որպեսզի հարսը աշխատասեր և գործունյա լինի, մի մեծ պարկ բանջար էին լցնում և հարսին շալակել տալիս:
Աղջիկտեսեր, նշանախոսություններ, հին վեճերի լուծումներ, նոր ծանոթություններ և բարեկամություններ էին տեղի ունենում ուխտավայրերում: Խաղերից հատկանշական էր հավկթախաղը, «Չիլիկ Դաստան»-ը և «Վեգախաղի երգեր»-ը:
Առ այսօր ժողովրդի համար Կանաչ-Կարմիր կիրակիների սիրված ուխտավայրն է հանդիսանում Կոտայքի թեմի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին:
Կազմեց Կարինե Սուգիկյանը