28 Նոյեմբեր, Եշ
Ոմն ծեր մի եղբոր հետ բնակվում էր խցում, և նա խիստ ողորմած էր: Սով եղավ, և շատերն սկսեցին քաղցել և գալիս էին նրա դուռը, որպեսզի ողորմություն անի իրենց, իսկ նա բոլորին հաց էր տալիս: Եղբայրը տեսնելով, որ շատ է դուրս տալիս, ասաց ծերին. «Տո՛ւր իմ բաժին հացը»: Եվ նա ասաց. «Վերցրո՛ւ՝ ինչպես կամենում ես»: Եվ բաժանեցին հացը. վերցրեց եղբայրն իր բաժինն առանձին, իսկ ծերն իր բաժին հացից ողորմություն էր անում: Եվ շատերն էին լսում ու գալիս ծերի մոտ, իսկ նա բոլորին էլ հաց էր տալիս: Եվ Աստված, տեսնելով ծերի բարյացակամությունը, օրհնեց նրա հացը: Եղբայրը կերավ իր բաժին հացը և ծերն ասաց. «Ահա ես էլի հաց ունեմ, ե՛կ վերստին համատեղ ապրենք»: Եվ նա ասաց՝ լավ, և երկրորդ անգամ միացրին հացերը: Եվ դարձյալ առատություն եղավ, դարձյալ գալիս էին ծերի մոտ, խնդրում էին նրանից, և նա տալիս էր նրանց: Պատահեց այնպես, որ հացը սպառվեց, և եղբայրը մտնելով՝ տեսավ, որ հացը վերջացել է: Եվ մի աղքատ եկավ, որ հաց խնդրի, ծերն ասաց. «Մտի՛ր և հա՛ց տուր նրան»: Եղբայրն ասաց. «Չկա, որովհետև հացն սպառվել է»: Եվ ծերը նրան ասաց. «Մտի՛ր և փնտրի՛ր»: Եվ նա մտնելով՝ գտավ հացի կողովը բերնեբերան լցված հացով և մեծ երկյուղածությամբ վերցնելով՝ տվեց աղքատին և ճանաչելով ծերի առաքինությունն ու հավատը՝ փառաբանեց Աստծուն:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016