26 Դեկտեմբեր, Եշ
Մարդը, ստեղծված լինելով Աստծու պատկերով, օժտված է ազատ կամքով: Բանական արարածի ազատ ընտրության և ազատ գործելու որոշումները ծնում են պատասխանատվության անհրաժեշտություն, որովհետև որտեղ ազատությունն է, այնտեղ նաև պատասխանատվությունն է: Ազատության կշիռը, արժևորումն ու գնահատականը չափվում է տվյալ անձի ազատ գործունեության պատասխանատվության չափով: Իսկ պատասխանատվության բացակայությունը ծնում է բարոյական անկում, աններդաշնակություն և վերջում՝ կործանում: Հետևաբար, որպեսզի անհատը կամ հասարակությունը չգլորվի հավիտենական անդունդը, բարոյական պատասխանատվության բացակայությունը Երկնային Նախախնամության կողմից լրացվում է, ինչպես ընդունված է նաև ասել` աստվածային պատժով, որպեսզի անձը կամ հանրությունը գիտակցի իր արարքների հետևանքների արդյունքները և վերականգնի բարոյական պատասխանատվության գիտակցությունը` ուղղվելով դեպի ապաշխարություն: Հետևապես, հոգևոր իմաստով պատիժ հասկացությունը, ըստ էության, խրատ է, որովհետև դրա նպատակը ոչ թե պարզապես գործած մեղքերի համար միայն արժանի հատուցումն է, այլև խոտորված մարդուն ուղղելն է դեպի ճշմարտության և աստվածանմանության ճանապարհը, և ունի դաստիարակչական նշանակություն (Եբր. 12։11): Հոբի գրքում կարդում ենք. «Երանելի է այն մարդը, որին Տերն ուղղում է երկրի վրա. ուստի, Հո՛բ, չհրաժարվես Ամենակալի խրատից» (Հոբ 5։17): Հոգևոր առումով պատիժ հասկացությունն իր մեջ կրում է մարդու հոգին բժշկելու սկզբունք: Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է` ինչպես դեղերն են անհրաժեշտ հիվանդի համար, այդպես էլ պատիժներն են անհրաժեշտ հանցանքների համար:
Նոր Կտակարանում մարդու կյանքը Հիսուս Քրիստոսի միջոցով լիովին նոր որակ է ձեռքբերում: Եթե Հին Կտակարանի ժամանակներում մարդկային համակեցության փոխհարաբերությունները լուծվում էին խստասրտությամբ, դաժանությամբ, որոնց պատճառով էլ Աստված այդ ժամանակների մարդկանց նկատմամբ վարվում էր խիստ` պատժելով նրանց, որովհետև ունեին ցածր, մակերեսային հոգևոր մակարդակ և իրենց սխալներն ու դրանց հետևանքների գնահատականը հասկանում էին խստության դեպքում, ապա Հիսուս մարդուն նոր որակի հասարակական հարաբերությունների վրա է բարձրացնում` շեշտելով աստվածասիրության ու մարդասիրության կարևորագույն պատվիրանները (Մատթ. 22։37-40), և Աստված-մարդ փոխհարաբերության մեջ ընդգծում Երկնավոր Հայր ու որդի հարաբերությունը (Մատթ. 5։48, 6։26, 6։9-14, Ղուկ. 11։13, 12։29-31): Այդ իսկ պատճառով պատժի փոխարեն խրատելն է առաջնություն ստանում: Այս առնչությամբ Պողոս առաքյալը նշում է. «Թէ խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրև որդիների։ Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում. որովհետև, եթե մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ եք և ոչ թե հարազատ որդի. հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ ևս առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք. քանի որ սրանք մի փոքր ժամանակ և ըստ իրենց կամեցողության են խրատում, իսկ Նա՝ մեր օգտի համար, որպեսզի հաղորդակից լինենք նրա սրբությանը» (Եբր 12:6-9): Այդուհանդերձ, Աստծու կողմից մարդուն խրատելու գործոնը շատ անգամ հանդիպում ենք նաև Հին Կտակարանում: Հոգևոր խրատը դրսևորվում է տարբեր աստիճաններով: Այն մարդու մեղավոր արարքների հայելանման, արդարացի պատասխան արտացոլումն ու դաստիարակության ուղին է: Սա է խրատ ստանալու խստության կամ մեղմ լինելու չափը, որը կարող է լինել խիստ պատիժ կամ էլ մեղմ խրատ ուղղվելու համար: Սուրբ Գրքում ասվում է. «Սրանց, իբրև խրատող հայր, փորձության ենթարկեցիր, իսկ ամբարիշտներին, իբրև խիստ թագավոր, կշտամբեցիր դատապարտելով» (Իմաստ. 11։11):
Յուրաքանչյուր անձ խրատ է ստանում ըստ արդարության և սիրո ողորմածության, որպեսզի ամեն անհատ հնարավորություն ունենա զգալու, տեսնելու և գիտակցելու իր մեղավոր արարքի խորությունը և աստվածային սիրո ողորմածությամբ դառնալու դեպի բարին ու Երկնավոր Հայրը: Աստվածային խստության չափի և արդարադատության մասին «Իմաստություն Սողոմոնի» գրքում կարդում ենք. «Իրենց անիրավ ու անմիտ մտածումների փոխարեն, որոնցով մոլորված՝ նրանք անխոս սողուններ և վատթար ճիճուներ էին պաշտում, նրանց վրա արձակեցիր անբան անասունների մի բազմություն՝ վրեժխնդիր լինելու համար, որպեսզի գիտենան, թե ինչով, որ մեղանչում է մարդ, նույն բանով էլ պիտի պատժվի» (11։16-17): Այսպիսով, տեսնում ենք աստվածային խստությունը հատկապես Հին Կտակարանի ժամանակների մարդկանց հանդեպ, թե Աստված ինչպես է վարվում Նոյի ժամանակակիցների (Ծննդ. 7։21-23), Սոդոմի և Գոմորի (Ծննդ. 19։23-29) բնակիչների, քանանացիների և այլ մարդկանց հետ, որոնք շարունակաբար ընթանում էին Երկնային Նախախնամության կամքին հակառակ:
Երբեմն հարցնում են` եթե Աստված սեր է (Ա Հովհ. 4։7), ինչպե՞ս կարող է պատժել` ոչնչացնելով հատկապես Հին Կտակարանում նկարագրված այդ ժողովուրդներին, մարդկանց: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Հին Կտակարանում տեսնում ենք այլ Աստծու` բարկությամբ լեցուն, պատժող և դատավոր, իսկ Նոր Կտակարանում` սիրով, ներողամտությամբ, ողորմածությամբ լեցուն Աստծու (Հովհ. 12։47): Բայց ավելի ուշադիր կարդալով Սուրբ Գիրքը նկատում ենք՝ թե´ Հին, թե´ Նոր Կտարականներում նույն Աստված է գործում և յուրաքանչյուրին իր կատարած հանցանքի համեմատ արդարացիորեն խրատում: Ինչպես նշեցինք, աստվածային խստությունը պայմանավորված է տվյալ պատժվող մարդկանց կողմից ցուցաբերած խստասրտության, դաժանության, անբարոյականության, կռապաշտության պատճառներով, մարդիկ, որոնք ստորության, արյունահեղության և անբարո վարքի հետևորդներ էին դարձել, հավասարվել վայրի կենդանիներին և այդ վիճակից էլ ավելի վատթար կյանքով էին ապրում: Աստծու խստության մասին Պողոս առաքյալը նշում է, թե արդարև ճանաչում ենք նրան, ով ասաց. «Իմն են վրեժխնդրությունները, և ես պիտի հատուցեմ: Ահավոր է ընկնել կենդանի Աստծու ձեռքը» (Եբր. 10։30-31): Իսկ քանանացիների մասին կարդում ենք. «Դու ատեցիր նաև քո սուրբ երկրի հին բնակիչներին իրենց կատարած գարշելի գործերի՝ կախարդությունների, անսուրբ զոհաբերությունների, մանուկների անողորմ կոտորածների և աստվածությանդ նվիրված խորհրդավոր ծեսերի ժամանակ՝ մարդկային մարմնի փորոտիք և արյուն ուտելու համար» (Իմաստ. 12։3-5): Դավիթ սաղմոսերգուն այդ մասին նույնպես գրում է. «Իրենց որդիներին ու դուստրերին զոհեցին դևերին, և անմեղ արյուն թափեցին՝ արյունն իրենց որդիների ու դուստրերի, որ զոհեցին Քանանի կուռքերին» (Սաղմ. 105։37-38): Այս երևույթների դեպքում նույնիսկ կարող ենք զարմանալ, թե Աստված ինչ համբերատարությամբ և ողորմածությամբ երկար ժամանակ հանդուրժում էր այդ մարդկանց, ժողովուրդներին` նրանց ժամանակ տալով ուղղվելու և դարձի գալու համար: Այդ առնչությամբ Սուրբ Գրքում կարդում ենք. «Բայց դու ողորմում ես բոլորին, որովհետև կարող ես անել ամեն բան և թողնում ես, որ ապաշխարութեամբ քավվեն մարդկային մեղքերը» (Իմաստ. 11։24): «Դրա համար էլ մեղապարտներին հանդիմանում ես սակավ առ սակավ և հիշեցնելով, թե ինչ մեղքեր են գործում, սովորեցնում ես, որ չարիքներից խուսափելով՝ հավատան քեզ, Տե՛ր» (Իմաստ. 12։2): «Բայց նրանց ևս, որպես մարդկանց, խնայեցիր, արձակելով քո զորքի առաջամարտիկներին՝ պիծակներին, որ սակավ առ սակավ սպանեն նրանց, թեև դու անզոր չէիր ամբարիշտների դեմ պատերազմելու արդարների ձեռքով կամ ամեհի գազաններով, կամ հենց մի խոսքով միանգամից կործանելու նրանց, բայց դու կամաց-կամաց դատաստան տեսնելով՝ ապաշխարության տեղ էիր թողնում՝ չմոռանալով սակայն, որ չար է նրանց արարքը, բնածին է նրանց չարությունը, և հավիտյան չեն փոխվելու նրանց մտածումները» (Իմաստ. 12։8-10):
Աստծու գլխավոր նպատակը մարդու հավիտենական կյանքն է, փրկությունը: Աստված դիմում է խիստ քայլերի, որպեսզի մարդկությունն ամբողջապես չվարակվի վերոհիշյալ չարությամբ և կասեցնում անդառնալի ընթացք ունեցող մարդկանց կամ ժողովուրդների երկրավոր կյանքը, որպեսզի ամբողջ մարդկությունը չվարակվի այդ ախտով: Այս ամենը նման է մի այգեպանի, որ իր ծառերն էտում է` հեռացնելով չոր և հիվանդությամբ վարակված ճյուղերը, որպեսզի ծառերը դալար ու նոր ճյուղերով ծաղկեն ու առողջ մնան: Այնպես որ, Աստվածաշնչում նկարագրված պատիժները մարդկությանն ուղղված խրատներ են, որոնց նպատակը հոգևոր պտուղների առաջացումն է և հոգու բժշկությունը: Այնուամենայնիվ, ժողովուրդը հաճախ օգտագործում է «Աստված կպատժի» կամ «Աստծու պատիժ» խոսքերը, հատկապես Պողոս առաքյալն էլ մատնանշում է, որ Աստծուն ծառայենք հաճելի ձևով՝ ահով և դողով, քանզի մեր Աստվածը ոչնչացնող կրակ է (Եբր. 12։28-29): Բայց ինչպես տեսանք՝ հոգևոր առումով պատիժը խրատի իմաստ ունի՝ մարդկությանն ուղղելու դեպի հավիտենական փրկության ճանապարհը: Սուրբ Եփրեմ Ասորին ասում է․ «Քո հարվածները լեցուն են սիրով, Քո պատիժները բոցկլտում են ողորմածությամբ, այսինքն` Քո սիրով: Եվ երբ պատժում ես, միայն մարդու օգուտի համար ես այդպես անում»: Իսկ Հովհաննես առաքյալի Հայտնության գրքում ասվում է «Ում սիրում եմ ես, նրան հանդիմանում եմ և խրատում։ Նախանձախնդի՛ր եղիր ուրեմն և ապաշխարի՛ր» (Հայտն. 3։19): Հարկ է նշել, որ այդ պատիժների պատճառը հենց ինքը մարդն է: Սբ. Մարկոս Ճգնավորն ասում է, որ բոլոր տառապանքների պատճառը, որ մեզ պատահում են, ըստ էության յուրաքանչյուրիս մտքերի հետևանքներն են: Իսկ հռոմեացիներին ուղղված նամակում Պողոս առաքյալն այսպես է անդրադառնում այդ խնդրին. «Եվ քո խստասրտությամբ ու անզեղջ սրտով քո անձի դեմ բարկություն ես դիզում բարկության օրվա և Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար» (Հռոմ. 2։5): Կողոսացիներին ուղղված նամակում նշում է. «Սպանեցե՛ք ուրեմն ձեր երկրավոր ցանկությունները. դե՛ն գցեցեք պոռնկություն, պղծություն, հոռի կրքեր, չար ցանկություն և ագահություն, որ կռապաշտություն է։ Դրա համար է, որ անհնազանդ որդիների վրա գալիս է Աստծու բարկությունը» (Կողոս. 3։5-6): Աստվածային խստությունը կարող ենք տեսնել նաև «Գործք Առաքելոց» գրքում, երբ Անանիան և Սափիրան կեղծիքի համար պատժվեցին և շունչները փչեցին (Գործք 5։1-11):
Ռուսական Օպտինա վանքի անվանի հոգևոր հայրերից մեկը` հայր Ամբրոսիոսը նշում է, որ Տերը համբերատար է: Նա մարդու կյանքը դադարեցնում է միայն այն դեպքում, երբ տեսնում է, որ այդ մարդը պատրաստ է անցում կատարելու դեպի հավերժություն, կամ էլ` երբ որևէ հույս չի տեսնում նրա ուղղման համար: Մի կողմից պատիժը խրատ է ուղղվելու համար, մյուս կողմից` շարունակաբար և անդառնալիորեն մարդու սխալ ճանապարհով ընթանալու դեպքում` Երկնային Նախախնամության կողմից թույլ տրված տարբեր միջոցներով այդ ընթացքի կասեցում է, որպեսզի հույս լինի տվյալ մոլորված անձի հոգու փրկության համար և ծառայի որպես խրատ մյուս մարդկանց համար (Իմաստ. Սողոմ. 12։22): Ավետարանում Հիսուս ասում է. «Եվ մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առավել վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը» (Մատթ. 10։28): Ուստի, այս առումով Հին Կտակարանի «Առակաց» գրքի խոսքերը խրատելու վերաբերյալ խիստ են, բայց հոգեշահ մարդու կյանքի համար. «Քո խրատը մի՛ խնայիր երեխային, որովհետև եթե գավազանով էլ խփես նրան՝ չի մեռնի, դու նրան կհարվածես գավազանով, բայց նրա հոգին կփրկես մահից» (Առակ. 23։13-14): Խստության դրևսորում տեսնում ենք նաև Հիսուս Քրիստոսի մոտ. «Եվ չվանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց» (Հովհ 2։13-16): Արդ, հոգևոր խրատի հիմքերն աստվածային սերն ու արդարությունն են, որոնք անբաժան են միմյանցից և ծառայում են մարդու հավիտենական երջանկության և փրկության համար: Դրա համար, երբ Զեբեդեոսի որդիները ցանկանում էին պարզապես ոչնչացնել անհյուրընկալ սամարացիներին, Հիսուս Քրիստոս սաստում է նրանց և ասում. «Չգիտեք ի՛նչ հոգուց եք դուք. որովհետև մարդու Որդին չեկավ մարդկանց հոգիները կորստյան մատնելու, այլ՝ փրկելու» (Ղուկ. 9։52-56): Իսկ «Իմաստություն Սողոմոնի» գրքում նաև ասվում է. «Դու զորությամբ ես տիրում, բայց դատում ես հեզությամբ և մեծ խնամքով խնամում ես մեզ, քանի որ քո զորությունը քեզ հետ է միշտ, և դու երբ կամենաս, կարող է քո կամքը լինել» (Իմաստ. 12։18):
Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը