12 Հոկտեմբեր, Շբ
Աստված մեծագույն օրհնություն տվեց նախամարդկանց՝ Ադամին ու Եվային՝ Իրեն համահեղինակ արարիչներ լինելու: Ծնողները, պապերը, նախապապերն իրենց հերթին, նույնպես Աստծո համահեղինակ արարիչներ են, քանի որ իրենց երեխաներին մարմին են տալիս:
Եթե կարելի է այդպես արտահայտվել, ապա Աստված պարտավոր է հոգ տանել երեխաների մասին: Երբ երեխան Սուրբ Մկրտության Խորհուրդն է ընդունում՝ Աստված մի հրեշտակ է տալիս, որպեսզի պահպանի նրան: Այսպիսով երեխան պահպանվում է Աստծո, Պահապան հրեշտակի և ծնողների կողմից:
Պահապան հրեշտակը միշտ երեխայի կողքին է գտնվում և օգնում է նրան: Ինչքան երեխան մեծանում է՝այնքան նրա ծնողներն ազատվում են պատասխանատվությունից: Եթե ծնողները մահանան, ապա Աստված թե՛ վերևից և թե՛ նրան մոտ, իսկ Պահապան հրեշտակը նրա կողքին՝ շարունակում են մշտապես պահպանել երեխային:
Երբ երեխաները դեռ փոքր են՝ ծնողները պետք է հոգևոր օգնություն ցույց տան նրանց, որովհետև փոքր ժամանակ նրանց թերություններն էլ են փոքր և հեշտ է դրանք արմատախիլ անել: Նրանք նման են վաղահաս կարտոֆիլի, որի կճեպը թեթև շփումից հեշտությամբ դուրս է գալիս: Սակայն եթե կարտոֆիլը երկար է մնում, ապա կլպելու համար արդեն դանակ հարկավոր կլինի: Իսկ եթե այն նաև փչացած տեղ էլ ունի, ապա այդ դանակով պետք է խորը փորել: Եթե փոքր հասակից երեխաները օգնություն ստանան ու լցվեն Հիսուսով, ապա հավիտյանս Նրա մոտ կմնան: Եթե մեծանալով, նրանք նույնիսկ մի փոքր շեղվեն ուղուց՝ տարիքի կամ վատ շրջապատի պատճառով, ապա նորից ուշքի կգան: Չէ՞ որ Աստծո հանդեպ երկյուղածությունն ու ակնածանքը, որոնցով լի էին նրանց սրտերը պատանի հասակում, այլևս երբեք չեն անհետանա այնտեղից:
Ամենադժվար՝ դեռահասության տարիքում, ծնողների անհանգստությունը երեխաների համար ավելի է աճում: Այդ տագնապն այնքան է շարունակվում, մինչև որ ծնողները երեխաներին կրթության տան և կանգնեցնեն ինքնուրույն կյանքի ճանապարհին: Երբ երեխաներն այդ տարիքում են՝ ծնողները պետք է ամեն ինչ անեն նրանց օգնելու համար: Իսկ այն՝ ինչ ծնողական ուժերից վեր է՝ պետք է թողնել Ամենակարող Աստծո վրա: Եթե ծնողներն իրենց երեխաներին Աստծուն վստահեն, ապա Նա պետք է օգնի այն դեպքերում, որոնք մարդկային ուժերից վեր են: Օրինակի համար, եթե երեխաները չեն լսում ծնողներին, ապա ծնողները նրանց պետք է Աստծո խնամքին հանձնեն, այլ ոչ թե տարբեր ուղիներ փնտրեն՝ նրանց «կոտրելու» համար: Այսպիսի դեպքերում մայրը պետք է Աստծուն ասի. «Աստված իմ, իմ երեխաներն ինձ չեն լսում: Ես ոչինչ չեմ կարող անել: Խնդրում եմ Դու հոգ տար նրանց մասին»:
Ինձ վրա մի մայր տպավորություն թողեց, որ այստեղ էր եկել գիշերային հսկման ժամանակ: Ես այդ կնոջը վաղուց էի ճանաչում: Նա մոտեցավ ինձ ողջունելու: Տեսնելով, որ նրա հետ միայն ավագ երեխաներն էին, հարցրեցի. «Իսկ ո՞ւր են փոքրիկները»: «Տանն են, հա՛յր,-պատասխանեց նա,- Այսպիսի տոնին ես ու ամուսինս ուզում էինք հսկման գնալ և այդ պատճառով էլ որոշեցինք. «Քանի որ հսկման ենք գնում, այլ ոչ թե զվարճանալու, ապա Աստված մի հրեշտակ կուղարկի, որպեսզի նա պահպանի երեխաներին՝ մեր բացակայության ընթացքում»: Մեր օրերում այսպիսի վստահության շատ հազվադեպ կհանդիպես, քանի որ թե՛ երեխաների վստահությունն է ծնողների հանդեպ սպառվել, թե՛ ծնողների վստահությունը՝ առ Աստված: Հաճախ ես լսում, թե ինչպես են շատ ծնողներ ասում. «Ախր ինչո՞ւ հենց մեր երեխան պիտի ճանապարհից շեղվեր: Չէ՞ որ մենք եկեղեցի ենք գնում»: Այդպիսի ծնողները «պտուտակահանը» Քրիստոսին չեն տալիս, որպեսզի Նա իրենց երեխաների որոշ պտուտակները ձգի: Նրանք ուզում են ամեն ինչ ինքնուրույն գլուխ բերել: Այդ ծնողները տանջվում են եսասեր տագնապով այնքան ժամանակ, մինչև որ չեն հիվանդանում, և դա այն դեպքում, երբ իրենց երեխաներին պահպանող Աստված կա, և Պահապան հրեշտակն էլ մշտապես նրանց կողքին է գտնվում և նույնպես պահպանում է: Այդ մարդիկ, չնայած որ հավատացյալներ են, իրենց այնպես են պահում ՝ ասես Աստված ու Պահապան հրեշտակ գոյություն չունեն: Նրանք խոչընդոտում են աստվածային միջամտությանը: Բայց ընդհակառակը՝ նրանք պետք է խոնարհվեն և օգնություն խնդրեն Աստծուց: Եվ այնժամ Բարեգութ Աստված կծածկի ու կպաշտպանի նրանց երեխաներին:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի