Երբ մարդու կյանքում բացակայում է երկրային կյանքի բուն նպատակը, ապա մարդն սկսում է ապրել Աստծո խոսքի և Նրա պատգամների հանդեպ անտարբեր կյանքով: Նա սկսում է քայլել ոչ թե դեպի Երկնային Հայրենիք, որին կոչում է մեզ Սուրբ Գիրքը. «Մենք, սակայն, Երկնքի քաղաքացիներ ենք և սպասում ենք, որ այնտեղից գա մեր Փրկիչը՝ Տեր Հիսուս Քրիստոս» (Փիլ. 3:20), այլ դեպի անցողիկը և ժամանակավորը, որոնց ավարտը կորուստ է և հավիտենական մահ:
Մարդկային կյանքում կատարվող որևէ իրադարձություն ունի իր հոգևոր իմաստը: Քրիստոս ասում է. «Ով Ինձ հետ չէ՝ հակառակ է Ինձ, և ով Ինձ հետ չի հավաքում՝ ցրում է» (Մատթ. 12:30): Չարը ի հայտ է գալիս մարդու հոժարակամ Աստծուց հեռանալու արդյունքում: Չարն անխուսափելիորեն այնտեղ է, որտեղ խախտվում է աստվածային պատվիրանները, որտեղ մարդ արարածը կամայականորեն ապստամբում է Աստծո դեմ՝ հնարելով «չարու և բարու» վերաբերյալ սեփական աղճատված հասկացությունը: Տիեզերական չարիքի սկիզբը դրվեց այն ժամանակ, երբ քերովբեներից մեկը, նախանձելով իր Արարչին, ցանկացավ իրականացնել իր ինքնապաշտման նպատակը. «Կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ Բարձրյալին» (Եսայի 14:14): Աստծո դեմ կատարված այս քայլը սկիզբը դրեց Աստծո կողմից արարված աշխարհում Արարչի դեմ գործելու մեղքին: Մեր նախածնողներն էլ խախտեցին աստվածադիր պատվիրանը և նմանվելով անկյալ հրեշտակին՝ ցանկացան դառնալ «ինչպես Աստված» (Ծննդ. 3:4-5): Ընտրելով իրենց համար «հաճելին և լավագույնը»՝ նրանք չհնազանդվեցին Աստծուն, այլ վստահեցին չարին, որ իդեալականացրել էր աշխարհը և մարմնականը: Ս. Հովհաննես ավետարանիչն ասում է. «Աշխարհին հատուկ բաներ են մարմնի ցանկությունը, աչքի տեսածն ունենալու ցանկությունը և երկրային հարստությամբ հպարտանալը, որոնք Հորից չեն գալիս, այլ այս աշխարհից» (Ա Հովհ. 2:16):
Երբ մարդն իր ազատ կամքով ընտրում է մեղսալից ուղին, կորցնելով Աստծո հետ հաղորդակցվելու և Երկնային Հայրենիքը ժառանգելու հնարավորությունը, ապա հայտնվում է «այս աշխարհի իշխանի» ստրկության ներքո (Հովհ. 14:30): Այնինչ մարդասեր Տերը մարդկության փրկության համար խաչվեց, որպեսզի ազատագրի մարդուն մեղքի գերությունից և Իր կողմից ավանդված պատգամներով ազատ պահի մարդուն չարի հարձակումներից, քանի որ Տիրոջ պատվիրանները ոչ միայն բարոյականության վերաբերյալ կանոններ են, այլ ճշմարիտ և աստվածահաճո կյանքի էությունը և հիմքը: Պատվիրանապահը ցուցաբերում է Աստծո հանդեպ իր որդիական հավատարմությունը և հաստատում քրիստոնյա անունը կրելու իրավունքը՝ Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասում է. «Եթե սիրում եք Ինձ, պիտի գործադրեք Իմ պատվիրանները» և «Ով ուզում է Ինձ ծառայել, պետք է հետևի Ինձ» (Հովհ. 14:15; 12:26): Ցավալի է ընդունել, որ մարդը հասարակության դատին և բարկությանը չենթարկվելու համար, կատարում է հասարակական օրենքները, բայց անուշադրության է մատնում Աստծո կողմից տրված պատվիրանները՝ մոռանալով Աստծո բարկության մասին: Չէ՞ որ Քրիստոս ասաց, եթե ուզում ես հավիտենական կյանք մտնել, պահի՛ր պատվիրանները (Մատթ. 19:17):
Ըստ էության՝ նա, ով կառուցում է իր կյանքն առանց Աստծո պատվիրանների, նպաստում է չարի բազմացմանը թե՛ իր մեջ և թե՛ իր շրջապատում: Նման անխոհեմ կենսակերպը ոչ միայն հեռվացնում է մարդուն Աստծուց, այլ նրա մեջ Աստծո հանդեպ հակառակության ոգի ստեղծում: Եվ Աստծո արարածն աստվածահաճո լինելու փոխարեն սկսում է ապրել չարին հաճելի կյանքով, ինչպես ասված է Սուրբ Գրքում. «Ով մեղք է գործում, սատանայի հետևորդ է, որովհետև սատանան հենց սկզբից մեղք է գործում: Եվ Աստծո Որդին աշխարհ եկավ, որպեսզի վերջ դնի սատանայի գործունեությունը» (Ա Հովհ. 3:8), այդ պատճառով Սուրբ Գիրքը մեզ հորդորում է. «Հնազանդվեցե՛ք Աստծուն և դիմադրե՛ք չարախոսին՝ սատանային, և նա հեռու կփախչի ձեզնից: Մոտեցե՛ք Աստծուն, և Աստված Ինքը կմոտենա ձեզ» (Հակոբ. 4:7-8): Ազատ կամքով արարված մարդը կյանքի բոլոր իրավիճակներում, ունենալով ընտրության հնարավորություն, կարող է որոշել ընթանա՞լ դեպի Աստված, թե՞ Նրան հակառակ:
Կարինե Սուգիկյան