Մի հավատացյալ գյուղացի այգիներ ուներ: Ամեն տարի բերքահավաքի եկամտից նաև բաժին էր հանում եկեղեցու համար: Երբ մի շոգ ու արևոտ օր ճամփա է ընկնում իր այգիները, վաճառականի կերպարանքով սատանան նստում է ծառի ստվերի ներքո` ձեռքին մի մեծ կուժ` սառնորակ ջրով լի: Մոտեցող գյուղացուն բարձաձայն ասում է.
- Այս շոգին ծարավ կլինես, լեռների սառնորակ ջուրն եմ վաճառում, բայց քեզանից վարձ չեմ ուզում, էլ ո՞ւր մնաց մարդկությունը, վերցրո՛ւ, խմի՛ր:
Կժով լի ջուրը տալիս է ու հեռանում: Այգեպանն ասում է.
- Շնորհակալ եմ քեզանից, ինչքան օրհնյալ ու բարի մարդ ես:
Այդ երեկոյան գյուղացին հիվանդանում է, քանի որ ամբողջությամբ խմել էր կժով լի սառը ջուրը, որը բավականին շատ էր:
Մի քանի օր անց, փոքր-ինչ կազդուրվելով, կրկին ճամփա է ընկնում մշակելու համար իր այգիները: Որոշում է, ով էլ հանդիպի, ինչ էլ լինի, այլևս, որևէ սառն ըմպելիք չի խմի, մինչև իր լիակատար առողջանալը:
Նույն վայրում, որ հանդիպել էր վաճառականին, տեսնում է իր ընկեր հովիվները վաճառականի հետ միասին թան են խմում: Միանում է նրանց: Վաճառականը թանով լի մի մեծ գավաթ պարզում է դեպի գյուղացին ու ասում.
- Այսօր շատ շոգ օր է, հուսով եմ ինձ կրկին կօրհնես ու ընկերներիդ հետ երախտապարտ կլինես, ձեզ անհատույց թան եմ հյուրասիրում:
Այգեպանը մի փոքր ըմպում է, զգում է, որ շատ սառն է:
Սատանան ասում է.
- Այս անգամ էլ խմիր, ոչինչ էլ չկա, այս պահին դու լավ ես:Գյուղացին զարմանում է, թե վաճառականը որտեղից գիտի իր որպիսությունը, սակայն քաջալերվում է այդ խոսքերից ու խմում է և հաջորդ օրը նորից հիվանդանում, իսկ այգիներն անմշակ են մնում: Սատանան էլ միևնույն ծառի ստվերում նստած հանգիստ սպասում է, թե գյուղացին կրկին երբ կգա:
Միշտ պետք է զգոն լինել և մտքով արթուն, որպեսզի այսպիսի փորձությունների մեջ չընկնել, նմանատիպ փորձություններ հատկապես լինում են նաև պահքի ընթացքում:
Հովհաննես Մանուկյան