Փարիսեցու և մաքսավորի առակը

Փարիսեցու և մաքսավորի առակը | Parisecu Ev Maqsavori Araky

Սիրելի՛ բարեպաշտ և հավատավոր ժողովուրդ,

Քարոզիս թեման՝ այսօրվա ավետարանական ընթերցվածքը, քաջ հայտնի է ամենքիդ: Բոլորդ էլ բազմիցս լսել եք տերունական այս առակն իր մեկնաբանություններով, սակայն վստահեցնում եմ, որ դրա խորհուրդն ու պատգամն այնքան խորապես կարևոր են քրիստոնյաներին, որ կարիք է զգացվում տարեցտարի թարմացնելու այն մեր հիշողություններում և ըստ դրա՝ վերանայելու մեր սրտերն ու հոգիները:

Այսպիսով, խոսքս փարիսեցու և մաքսավորի առակի մասին է, որ գրի է առնվել Ղուկասի ավետարանի 18-րդ գլխում: Կհամաձայնեք ինձ հետ, սիրելինե՛ր, որ ավետարանների առանձնահատկություններից են հենց  առակները, որ առատ են մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքում: Աստվածորդին ժամանակին հենց այս պատկերավոր միջոցն ընտրեց ժողովրդի հետ շփվելու, նրան ուսուցանելու և Իր խոսքը նրա սրտին հասցնելու համար: Սակայն ակնհայտ է, որ ավելի քան երկու հազար տարի առաջ պատմած այդ առակները մինչև օրս էլ արդիական են և հասնում են  նշանակետին՝ մեր սրտերին:

Անդրադառնալով այսօրվա առակին՝ ևս մեկ անգամ հիշեցնեմ դրա բովանդակությունը: Այսպիսով, երկու հոգի տաճար գնացին՝ աղոթք անելու: Փարիսեցին, որ համարվում էր կրոնասեր ու աստվածավախ, և մեծապես հարգված էր հասարակության կողմից, իր աղոթքում շնորհակալություն էր հայտնում Աստծուն, որ ինքն այդքան լավն է ու նման չէ այն մաքսավորին, որը, քիչ հեռու կանգնած, աղոթում էր: Իսկ մաքսավորը ժողովրդին ատելի հարկահավաք էր: Եվ ահա հասարակության մերժած այս մարդն իր կուրծքն էր ծեծում ու Աստծուն աղաչում, որ ների իրեն՝ մեղավորին: Եզրափակելով խոսքը՝ Քրիստոս բացահայտում է այն հավիտենական ճշմարտությունը, որ արդիական է բոլոր ժամանակներում՝ ասելով. «Մաքսավորն իջավ իր տունը արդարացած, ոչ թե մյուսը. որովհետև, ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. 18:14): Եվ  հավելեմ, սիրելինե՛ր, որ այս առակը պատմելուց առաջ Տեր Հիսուս հստակեցնում է, թե այն հատկապես ում է ուղղված. բոլոր նրանց, ովքեր պարծենում են իրենք իրենցով և արհամարհում ուրիշներին (Ղուկ. 18:9):

Եթե դառնանք այսօրվա խելահեղ աշխարհին, սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, պարզորոշ կտեսնենք, որ փարիսեցիությունը՝ պարծենկոտությունը, ինքնագովազդն ու ինքնափառաբանումն այնքան խորն են  արմատացել մեր կյանքում, որ, ցավոք, արդեն չենք էլ նկատում դրանց բազմապիսի դրսևորումները: Այդ պատճառով էլ տարեցտարի Եկեղեցին չի դադարում այս կարևորագույն առակը հիշեցնելուց, որպեսզի այն հետ պահի մեծամտանալու և դատելու սարսափելի մեղքերից, ու խոնարհության ևս մեկ դաս տա մեզ:  

Փարիսեցին կրոնասեր, բարեպաշտ ու անբասիր էր արտաքնապես, բայց  խնդիրն այն է, որ նա ամեն ջանք գործադրում էր, որ մարդկանց աչքին այդպիսին երևար, սակայն ներքուստ բոլորովին այլ էր: Հասարակությունը նրան այնքան էր մեծարել ու պատվել, և նա դրանից այնքան էր մեծամտացել, որ նույնիսկ աղոթքներում էր դրսևորվում նրա պարծենկոտ ու ինքնահավան ոգին: Եվ փարիսեցու հպարտությունն արտահայտվեց նույնիսկ Աստծու Տուն մտնելիս, երբ հպարտորեն առաջ անցավ բոլորից, կանգնեց ամենաերևացող տեղում և աղոթելիս նվաստացնելով ու արհամարհելով մյուսներին՝ իր անձը վեր բարձրացրեց: Նա վստահորեն իրեն իրավունք վերապահեց հավատալու, որ Աստծու ողորմածությանն արժանի մարդ է: Սակայն տեսնում ենք, սիրելինե՛ր, որ նա չարաչար սխալվում էր: Աստծու իմաստուն ու անաչառ դատաստանը տարբերվում է մարդկային դատաստանից, և Իմաստության Աղբյուրը բոլորովին այլ գնահատական է տալիս մեր կյանքին, քան մենք:

«Լեռան քարոզի» երանիների շարքում (Մտթ. 5:3-12) Հիսուս Քրիստոս առաջինը երանի է ասում հոգով աղքատներին, իսկ ըստ հայրաբանական մեկնությունների՝ Քրիստոս նկատի ուներ խոնարհներին: Սուրբ Հովհան Ոսկեբերանն այսպես է մեկնաբանում. «Ի՞նչ է նշանակում հոգով աղքատ, եթե ոչ խոնարհ և սրտով բեկված: Այստեղ հոգի ասելով՝ նկատի ունի շունչը և կամքը: Քանզի շատերը կան, որ խոնարհ են ոչ թե իրենց կամքով, այլ ակամա և ստիպողաբար: Թողնենք այդպիսիներին, քանզի գովեստը և պատիվը նրանցը չէ, այլ նրանցը, ովքեր իրենց կամքով են խոնարհեցնում ու ցածրացնում իրենց անձը. նախ երանի է տալիս այդպիսիներին: ….Քանզի առաջին մարդը, թշնամու սնոտի հույսով լցվելով, ամբարտավանացավ և մահկանացու դարձավ. կարծելով, թե աստված կլինի, կորցրեց այն ամենը, ինչ ուներ»: Այնուհետև երանիների շարքը շարունակվում է՝ երանի տալով հեզերին և ևս մեկ անգամ ցույց տալով, թե Ամենակալը մեր մեջ որքան է կարևորում այդ հատկանիշը: Նա փարիսեցիության կործանարար հպարտությամբ ախտահարված աշխարհին որպես փրկության ու մաքրման միջոց առաջարկում է խոնարհության առաքինությունը, քանի որ խոնարհ լինել նշանակում է արիաբար ընդունել սեփական մեղսավորությունն ու անկատարությունը: Իսկ դրան անխուսափելիորեն հետևում է իրական զղջումն ու ապաշխարումը և փրկության ճշմարիտ ուղու վրա կանգնելը: Հենց այս անգին հատկանիշը ցուցաբերեց մաքսավորը և արդարացվեց Անաչառ Դատավորի կողմից, սիրելի՛ հավատացյալներ:

Երբ խոսում ենք հոգու խոնարհության մասին, միանշանակորեն հասկանում ենք, որ աստվածային այս առաքինությունը, բնականաբար, պիտի դրսևորվի մարդու ամեն քայլի մեջ, և հետևաբար վերաբերում է նաև աղոթքին: Քրիստոս Իր կենդանի օրինակով ցույց տվեց մաքուր ու խոնարհ սրտով արված հարատև աղոթքի կարևորությունը և այս առակով էլ բացահայտեց, որ ոչ բոլոր աղոթքներն են Աստծուն ընդունելի: Եկեղեցու հայրերը մշտապես նշում են փառաբանական աղոթքների կարևորությունը` հիշեցնելով, թե որքան կարևոր է Տիրոջը մշտապես երախտագիտությունը հայտնելը: Առաջին հայացքից թվում է, թե փարիսեցին հետևում էր այս խրատին ու շնորհակալություն հայտնում Աստծուն, սակայն ինչի՞ համար: Նրա շնորհակալության մեջ ո՛չ խոնարհություն կար, ո՛չ սեփական մեղքերի գիտակցում: Նա Աստծուն երախտագիտություն էր հայտնում ոչ թե մեղքերից ու գայթակղություններից ազատվելու համար, այլ նրա համար, որ նման չէ մյուսներին: Եվ փաստորեն այսպիսի ինքնագովաբանական աղոթքն ընդունելի չէր Աստծուն:

Իսկ մաքսավորի աղոթքը կարելի է համարձակորեն հոգու ճիչ անվանել: Այս մարդը սրտի խոնարհությամբ քննել էր իր մեղքերն ու սարսափել: Իր բազում ախտերի բժշկության միջոցը միայն Տիրոջ մեջ էր տեսել: Նա գլխահակ կանգնել էր Ամենակալի առջև ու մերկացրել մեղքերից սևացած իր հոգին՝ աղերսելով գթալ իրեն ու ողորմություն պարգևել: Եվ Աստված ընդունել էր նրա աղոթքը, քանի որ Իր առջև տեսել էր մի մարդու, որն ընդունել էր մեղքերից միայնակ ձերբազատվելու և հոգին նորոգելու սեփական անզորությունը: Իրական խոնարհությամբ ու զղջումով արված աղոթքն Աստված ընդունել էր:

Եվ այժմ, սիրելինե՛ր, երբ Եկեղեցին ամեն տարի կրկին ու կրկին անդրադառնում է այս իմաստուն առակին, կոչ է անում ազնվորեն քննել մեր սրտերն ու հոգիները և պարզել, թե իրականում առակի երկու հերոսներից որն է բնակվում մեզանում։ Եկեղեցին զգուշացնում է մեզ չնմանվել այն արկղիկին, որ հարթ ու փայլուն մակերես ունի, սակայն գարշահոտ թույներով է լցված, այլ նմանվել մյուսին, որ գուցե թե արտաքինից գունաթափ ու քերծված է, բայց ներսում անուշահոտ յուղեր ու խունկ ունի պահած: Մի խոսքով՝ սա Քրիստոս Հիսուսով ապրելու և ոչ թե արտաքնապես քրիստոնեություն խաղալու հերթական կոչ է:

Այսպիսով, սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ մեր կյանքն ընտրություն է: Այժմ մեր առջև երկու ճանապարհ կա, որ պետք է ընտրենք. կա՛մ պետք է գնանք փարիսեցու ճանապարհով, որը մեզ տանում է արտաքնապես հարգված լինելու, սնում է մեր փառասիրությունն ու հպարտությունը, սակայն հանգեցնում է հավիտենական կործանման: Կամ էլ մաքսավորի ուղին պետք է ընտրենք, խոնարհ սրտով ու հեզ հոգով կանգնենք Ամենակալի առջև ու Նրա ողորմածությունն աղերսենք: Այս ճանապարհը դառն է ու փշոտ այս աշխարհում, սակայն տանում  է դեպի հավիտենական լույս ու երանություն:

Արդ, սիրելինե՛ր, հեռու մնանք կործանարար հպարտությունից, որ սին փայլով կուրաց­նում է մարդկանց հոգիներն ու անդունդ տանում: Զգուշանանք փարիսե­ցի­ներ լինելուց, որ տեսնում են շրջապատողների բոլոր սխալներն ու թերու­թյունները, սակայն կույր են հոգով և չեն տեսնում սեփական մեղքերը: Մաղթում եմ ամենքիդ, որ սեփական սխալները տեսնելու և շտկելու արիություն գտնեք ձեր մեջ, որպեսզի ի վիճակի լինեք սթափ գնահատելու ձեր հոգևոր և բարոյական վիճակը: Մաղթում եմ, որ ձեր աղոթքներով նմանվեք առակի մաքսավորին ու ձեր աղոթքներն այնպիսի խոնարհ ու մաքուր սրտից բխեն, որ ընդունվեն Աստծուց: Թող այս խոսքերը գործ դառնան, սիրելինե՛ր, և մեր կյանքը համապատասխանեցնեն Աստծու կամքին, որպեսզի մենք էլ արժանի լինենք Աստծու Արքայության մեջ փառաբանելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ, միշտ և հավիտյանս, հավիտենից. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

20.12.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․