22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
- Հա՛յր, մի անգամ ասացիք մեզ, որ մարդը սիրուց աճում է, հասունանում:
- Ուղղակի ինչ-որ մեկին սիրելը դեռ բավարար չէ: Պետք է մարդուն սիրես քեզնից առավել: Մայրն իր երեխաներին իրենից շատ է սիրում: Երեխաներին կերակրելու համար՝ նա սոված է մնում: Սակայն այն ուրախությունը, որ նա է զգում՝ առավել է, քան այն, որ երեխաներն են զգում: Փոքրիկները մարմավոր կերպով են սնվում, իսկ մայրը՝ հոգևոր: Նրանք սնունդի զգայական համն են առնում, այն պարագայում, երբ մայրն ուրախանում է հոգևոր ուրախությամբ:
Աղջիկ կա, որ մինչ ամուսնությունը կարող է մինչև առավոտյան ժամը տասը քնել և դեռ հուսալ էլ, որ մայրն իր փոխարեն նախաճաշի կաթը կտաքացնի: Այդպիսի աղջիկը ծուլանում է որևէ գործ անել: Նա ուզում է ամեն ինչ պատրաստի ունենալ: Ուզում է, որ բոլորն իրեն սպասարկեն: Նա պահանջում է թե՛ հորից և թե՛ մորից, իսկ ինքը վայելում է պարապությունը: Չնայած այն փաստին, որ նրա կանացի բնության մեջ սեր է դրված, այն չի զարգանում, որովհետև անդադար օգնություն ու օրհնություն է ստանում մորից, հորից, եղբայրներից և քույրերից: Սակայն, երբ ինքն է մայրանում, սկսում է նմանվել ինքնալիցքավորվող սարքի, որը որքան շատ է լարվում աշխատանքում, այնքան շատ է լիցքավորվում, որովհետև նրա ներսում սերն է անդարար գործում: Առաջ, երբ նա ինչ-որ կեղտոտ բանի էր դիպչում՝ զզվում էր և ձեռքերը մանրամասնորեն լվանում էր բուրավետ օճառով: Իսկ այժմ, երբ նրա բալիկը կեղտոտում է և պետք է նրա տակաշորերը լվանա, ապա մի այնպիսի զգացում է ապրում, ասես մարմելադե կոնֆետ է ձեռքն առել: Ոչ մի զզվանք էլ չի զգում: Առաջ, երբ նրան արթնացնում էին, նա բարձրաձայն իր դժգոհությունն էր արտահայտում, որ անհանգստացրել են իրեն: Այժմ, երբ նրա փոքրիկը լաց է լինում, նա ողջ գիշեր չի քնում և նրա համար դա դժվար էլ չի լինում: Նա հոգ է տանում իր մանկիկի մասին և ուրախանում է: Ինչո՞ւ: Որովհետև նա ինքը դադարել է երեխա լինելուց: Նա մայր է դարձել և նրա մոտ ի հայտ են եկել զոհողությունն ու սերը:
Պետք է նշել նաև, որ մայրն ավելի մեծ սիրո և զոհողության է հասնում, քան հայրը, քանի որ հորն այդքան բարենպաստ հնարավորություններ չեն ընձեռվում՝ իրեն զոհաբերելու համար: Մայրը տանջվում է երեխաների պատճառով, նրանց հետ ավելի շատ է դես ու դեն ընկնում, քան հայրը, բայց միևնույն ժամանակ նա «լիցքավորվում է» երեխաներից, ամբողջովին տրվում է նրանց: Իսկ հայրը ո՛չ այդքան շատ է տանջվում երեխաների պատճառով, ինչպես մայրը, բայց ո՛չ էլ «լիցքավորվում է» նրանցից, այդ պատճառով էլ նրա սերն այդքան մեծ չէ, որքան մայրականը:
Որքան մայրերն են արտասվելով ինձ մոտ գալիս և խնդրում. «Հա՛յր, աղոթիր զավակիս համար»: Գիտե՞ք, թե որքա՜ն են նրանք տառապում: Շատ քիչ տղամարդկանցից կարող ես լսել. «Աղոթիր, որովհետև զավակս շեղվել է ճիշտ ճանապարհից»: Ահա այսօր էլ մի մայր էր եկել՝ իր ութ երեխաների հետ: Ու ի՜նչ հուզմունքով էր նա առաջ մղում իր երեխաներին, շարքով կանգնեցնում էր, որպեսզի բոլորն էլ կարողանան օրհնություն ստանալ: Իսկ ականատես լինել իրեն այդպես դրսևորող հոր՝ դա հազվադեպ երևույթ է: Եվ Ռուսաստանն էլ կայուն մնաց շնորհիվ մայրերի: Եթե հայրական գրկախառնության մեջ Աստվածային Բարեբերություն չկա, ապա այն չոր է: Իսկ մայրական գրկախառնությունը, նույնիսկ առանց Աստծո, իր մեջ կաթ ունի: Երեխան սիրում ու հարգում է իր հորը: Բայց հոր նկատմամբ այդ սերը ևս, աճում է մայրական սիրո քնքշանքից ու ջերմությունից:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի