22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

«Փրկիչը մոտ է բոլորին, միայն պետք է նայել Նրան հավատի աչքերով»

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մինչև ձերբակալությունը Իր առաքյալներից երեքի՝ Պետրոսի, Հովհաննեսի ու Հակոբոսի հետ գնաց Գեթսեմանի այգի և ասաց նրանց. «Նստե՛ք այստեղ, մինչև որ գնամ աղոթեմ: Հոգիս մեռնելու աստիճան տխուր է. այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթուն հսկեցե՛ք»: Աղոթքից հետո, երբ Հիսուս վերադարձավ առաքյալների մոտ, նրանց քնած գտավ և ասաց Պետրոսին. «Չկարողացա՞ք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ: Արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթ. 26:36-41): Հավատի մեծ փորձություն էր սպասվում առաքյալներին, այդ պատճառով Տերը հորդորում էր նրանց արթուն մնալ և աղոթել, որպեսզի հաղթահարեն փորձությունը, քանի որ, Տիրոջ խոսքի համաձայն, հոգին կարող է հոժար լինել, բայց մարմինը տկար է (Մատթ. 26:41): Այսինքն՝ հոգին ունակ է հաղթահարելու փորձությունը, բայց մարդկային բնությունը տկար է և զգոնության ու աղոթքի թուլացման դեպքում ունակ է մեծ անկման: Ուստի, ըստ հայրաբանության, յուրաքանչյուր ոք չպետք է հպարտանա՝ ուշադրություն դարձնելով իր հոգու քաջությանը, այլ խոնարհ լինի՝ տեսնելով իր մարմնի տկարությունը: Մինչ Հիսուս Իր առաքյալների հետ էր, նրանք չէին քնում, բայց երբ մի փոքր հեռացավ նրանցից, չկարողացան մեկ ժամ արթուն մնալ: Ուստի անհրաժեշտ է աղոթել՝ Տիրոջ ներկայության մեջ մնալու և արժանանալու Տիրոջ խոստմանը՝ Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը (Մատթ. 28:20):

Հայրաբանական գրականության մեջ կարդում ենք, որ զգոնությունն ու աղոթքը հնարավոր չեն առանց մեկը մյուսի: Զգոնությունն առանց աղոթքի երազկոտություն է, աղոթքն առանց զգոնության՝ ինքնախաբեություն, քանի որ աղոթել ու մտքով զգոն չլինել, նույնն է, թե չաղոթել: Խրախուսելով զգոնությունն ու աղոթքը՝ Փրկիչը չի մատնանշում առաքյալներին իրենց անհավատարմությունն ու անշնորհակալ վերաբերմունքն Իր հոգատար սիրո հանդեպ, այլ Նա՝ որպես սիրող Ուսուցիչ, սահմանափակվում է՝ մատնանշելով միայն այն թուլությունը, որ բնորոշ է բոլոր մարդկանց: Առակներ գրքում կարդում ենք. «Աչքերիդ քուն մի՛ տուր և թարթիչներիդ՝ նինջ, որպեսզի փրկվես, ինչպես այծյամը թակարդից և թռչունը՝ ծուղակից» (Առակ. 6:4): Երբ Հիսուս չարի կողմից փորձվեց անապատում, ցույց տվեց փորձության դեմ պայքարելու և փորձությունից պաշտպանվելու միջոցները: Եկեղեցու հայրերից Տերտուղիանոսն ասել է, որ մարմինը պետք է հնազանդվի հոգուն, թույլը՝ ուժեղին, որ զորանա:  

Առաքյալները վճռական պահին քուն մտան, քանի որ իրենց մեծ տխրություն էր պատել, նրանք աղոտ, բայց հասկանում էին, որ ինչ-որ սարսափելի ողբերգություն է սպասվում, բայց չգիտեին, թե ինչպես կանխեին այն: Հայտնի է, որ մեծ փորձությունները կարող են հյուծել մարդու նյարդային համակարգը, և մարդը կարող է կորցնել դիմադրելու կամքը և քնին տրվել: Սակայն Տերը հորդորում է առաքյալներին՝ ի դեմս քրիստոնյաների, դժվարին հանգամանքներում չհուսահատվել, այլ ջանասիրաբար հսկել ու աղոթել: Աստված, տեսնելով մարդու հավատքը, թույլ չի տա, որ նա ուժերից վեր փորձության մեջ ընկնի, այլ անպայման Իր օգնությունը կցուցաբերի: Երբ փորձությունները պատում են մարդու հոգին, նա պետք է առավել աղոթի, որպեսզի աստվածային հատուկ շնորհի արժանանա, ինչի օգնությամբ էլ կկարողանա հաղթահարել ժամանակավոր փորձությունները: Մարդը պետք է զգոն լինի, որպեսզի պահպանի աստվածային պարգևը, քանի որ մեղքերի մեջ ընկնելուց հետո մեղքը հեռացնում է մարդուց աստվածային շնորհը: Եկեղեցու հայրերն ասում են, որ եթե մարդը թույլ տա, որ մեղքը գործի իր մեջ, ապա պղծում է և՛ մարմինը, և՛ հոգին, ինչի հետևանքով աստվածային շնորհը հեռանում է իրենից՝ թողնելով միայնակ ու մերկ:  

Անհնար է, որ մարդկային հոգին չենթարկվի փորձության, այդ պատճառով «Տերունական աղոթք»-ում ասում ենք՝ թույլ մի՛ տուր, որ ընկնենք փորձության մեջ, այլ ազատի՛ր մեզ չարից (Մատթ. 6:13, Ղուկ. 11:4): Սուրբ Գրքում կարդում ենք. «Փորձություն չէ՞ միթե երկրի վրա կյանքը մարդու» (Հոբ 7:1), այսինքն՝ հնարավո՞ր է, որ նրանք, ովքեր գտնվում են փորձության վայրում, չփորձվեն: Եթե Փրկիչն ասեր՝ աղոթեք, որ որևէ կերպ չընկնեք փորձության մեջ, ապա Իր խոսքը, թե՝ արթո՛ւն  մնացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք, իմաստ չէր ունենա, քանի որ և՛ մարգարեները, և՛ առաքյալները, որ աստվածահաճո կյանքով էին ապրում, շատ ու շատ փորձությունների մեջ ընկան: Այսինքն՝ անհնար է փորձության մեջ չընկնելը, բայց հնարավոր է փորձությունից չհաղթահարվելը: Սրբերն իրենց արյունն էին թափում Քրիստոսին խոստովանելու համար, ենթարկվում էին փորձության, բայց չէին խճճվում փորձության ցանցում:

Ավետարանը գրվել է մարդկանց հոգու շինության, մխիթարության և փրկության համար: Ավետարանի կարևորագույն դասերից մեկն աղոթելն է: Քրիստոս հաճախ էր գիշերները միայնության մեջ աղոթում: Այդ պատճառով էլ հորդորում է և ասում՝ արթո՛ւն եղեք և աղոթե՛ք, որ փորձության մեջ չընկնեք (Մատթ. 26:41): Մարդիկ մեղանչում են, ունեն հոգևոր և մարմնավոր կարիքներ, փորձությունները շատ են, ուստի պետք է անդադար աղոթել: Ավետարանում կարդում ենք, որ երբ Հիսուս տեսավ առաքյալների աղետալի նավարկությունը ծովի վրա, գնաց օգնության՝ որպես Արարիչ և Տեր, քայլեց ծովի վրայով ինչպես ցամաքի վրայով: Առաքյալները, տեսնելով ծովի վրայով քայլող մարդուն, ինչն անհնար էր, նրան ուրվական համարեցին և վախից բացականչեցին: Բայց Տերը, որ եկել էր օգնության, հանգստացրեց նրանց՝ ասելով, որ Ինքն է և վախենալու ոչինչ չունեն: Կյանքի ծովում գտնվող քրիստոնյաների վրա հաճախ են թափվում փորձությունների և զանազան կրքերի փոթորիկներ, որ նրանց, ինչպես առաքյալներին, վախի և շփոթության են մատնում: Ուստի պետք է աղաղակել առ Տեր ողջ սրտով, որպեսզի հանդարտվեն հակառակորդի քամիները: Եկեղեցու հայրերն ասում են, որ այդպես միշտ եղել է հավատավորների հետ և այդպես էլ կլինի: Վերադառնալով ավետարանական պատմությանը՝ տեսնում ենք, որ Պետրոս, ոգևորվելով Տիրոջ խոսքերից, խնդրում է Նրա թույլտվությունը ծովի վրայով քայլելով Իրեն մոտենալ՝ մի պահ մոռանալով իր և Աստվածորդու միջև եղած տարբերությունը: Տերը չի մերժում նրա համարձակությունը և օգնում է Պետրոսին քայլել ջրի վրայով: Բայց Պետրոսի համարձակությունը երկրար չտևեց: Տեսնելով քամու սաստկությունը՝ նա վախեցավ, սկսեց սուզվել և աղաղակեց՝ Տե՛ր, ազատի՛ր ինձ: Հիսուսն իսկույն երկարելով Իր ձեռքը՝ բռնեց նրան ու ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ կասկածեցիր» (Մատթ. 14:22-36): Ռուս եկեղեցու հոգևորականներից Իոհան Կրոնշտադտացին, մեկնելով ավետարանական այս հրաշքը, ասել է. «Չպետք է զարմանալ, որ Պետրոսի հավատը լիարժեք չէր, քանի որ նա դեռ չէր նորոգվել Սուրբ Հոգու կենարար շնչով և, հետևաբար, ցույց տվեց մարդկային թուլություն: Բայց երբ Սուրբ Հոգին իջավ Պետրոս առաքյալի վրա, նա բոլոր կասկածներից վեր էր և ուներ այնպիսի հավատ, որով հարություն տվեց մահացածին: Պետրոսը սուզվելուն պես սկսեց աղաղակել Տիրոջը փրկության համար: Այժմ շատերն են խեղդվում մեղքերի մեջ և չեն գալիս Փրկչի մոտ ու ասում՝ Տե՛ր, փրկիր ինձ: Փրկիչը մոտ է բոլորին, միայն պետք է նայել Նրան հավատի աչքերով՝ հուսալով, որ նա մեր առջև է և կփրկի, եթե իսկապես փրկություն ենք ուզում: Սովորենք Պետրոս առաքյալից հավատով և հույսով աղաղակել Փրկչին նեղությունների, վշտերի ու մեղքերի մեջ՝ ասելով՝ Տե՛ր, փրկիր ինձ: Աստծու Որդին աշխարհ եկավ որպես Փրկիչ, որ փրկի մեզ՝ մեղավորներիս: Նա կփրկի քեզ և այն ժամանակ դու կասես Նրան՝ իսկապես Դու Աստծու Որդին ես և սիրով կերկրպագես Նրան»:  

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

05.10.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․