- Հա՛յր, մի քառասնամյա տիկին, որ հասուն զավակների մայր է, հղիացել է և այժմ հղիության երրորդ ամսում է գտնվում: Նրա ամուսինը պնդում է, որ աբորտ անի, այլապես սպառնում է ամուսնալուծվել նրանից:
- Եթե այդ կինն աբորտ անի, ապա դրա համար կվճարեն նրա մյուս զավակները՝ հիվանդություններով և դժբախտ պատահարներով: Այսօր ծնողներն աբորտների միջոցով սպանում են իրենց երեխաներին և զրկվում են Աստծո օրհնությունից: Նախկինում, երբ երեխան հիվանդ էր ծնվում, ապա նրան մկրտում էին և նա մահանում էր որպես հրեշտակ: Եվ նրա անդրշիրիմյան ճակատագրի համար անհանգստանալու պատճառ չէր լինում: Ծնողներին էին մնում իրենց մյուս ամուր, առողջ երեխաները և Աստծո օրհնությունը: Իսկ այժմ, ամուր երեխաներին ծնողները սպանում են աբորտների միջոցով, իսկ հիվանդներին՝ ուժով փորձում են պահել այս կյանքում: Ծնողներն անգլիաներ ու ամերիկաներ են տանում իրենց հիվանդ երեխաներին, որպեսզի բուժեն: Այսպիսով, սերնդեսերունդ երեխաներն ավելի ու ավելի անառողջ են ծնվում: Որովհետև եթե ծնողներին հաջողվի բուժել իրենց երեխաներին և նրանք չմահանան ու հետագայում ամուսնանան, ապա նրանցից ծնված երեխաները նույնպես կարող են անառողջ լինել: Տեսնո՞ւմ ես, թե ինչի է բերում այս ամենը: Իսկ եթե ծնողները ոչ թե մեկ, այլ մի քանի զավակ ծնեին, ապա ստիպված չէին լինի այդպես տանջվել՝ մի բժշկից մյուսն ու արտասահմաններ գնալով, որպեսզի երկարեցնեին հիվանդ երեխայի կյանքը: Հիվանդ երեխան Աստծո մոտ կգնար: Եվ կգնար որպես հրեշտակ:
- Հա՛յր, ես մի տեղ կարդացել եմ, որ ամեն տարի ամբողջ աշխարհում կատարվում է 50 միլիոն աբորտ*, որոնց ընթացքում էլ 200 հազար կին է մահանում:
- Ասում են, երեխաներին սպանում են, որովհետև իբրև թե, աշխարհում մարդականց թվի աճով պայմանավորված՝ ապրողներին սնունդն ու այլ անհրաժեշտ պարագաները չեն բավականացնի: Բայց չէ՞ որ այդքան ազատ տարածքներ կան, այդքան անտառներ, որ ներկայիս ժամանակակից տեխնիկական միջոցների շնորհիվ կարելի է վերածել ձիթենիների պուրակների և բաժանել կարիքավորներին: Եվ այս դեպքում վտանգ չկա, թե անտառահատումը կբերի թթվածնի անբավարարության, որովհետև այդ վայրի ծառերի փոխարեն կտնկվեն մշակելի ծառեր: Ամերիկայում այրում են ցորենը, իսկ այստեղ՝ Հունաստանում, մրգերն ու պտուղները հողի տակ են լցնում, որպեսզի դրանց գինը չընկնի: Իսկ միևնույն ժամանակ մարդիկ սովամահ են լինում Աֆրիկայում: Երբ Եթովպիայում սարսափելի երաշտ էր և մարդիկ մահանում էին հյուծվածությունից, ես խնդրեցի իմ ծանոթ նավատիրոջը, ով մարդկանց օգնում է նման դեպքերում, խնդրանքով դիմելու բոլոր նրանց, ովքեր պահում են մրգերն ու բանջարեղենը հողի տակ, որպեսզի անվճար բարձեն դրանք նավի վրա և ուղարկեն սովյալներին: Բայց որքան էլ խնդրեց՝ մերժում ստացավ:
Քանի՜ հազար մարդկային սաղմ է ամեն օր սպանվում: Աբորտը սարսափելի մեղք է: Աբորտը սպանություն է և ոչ թե ուղղակի սպանություն, այլ՝ շատ ծանր սպանություն, քանի որ սպանում են չմկրտված երեխաների: Ծնողները պետք է հասկանան, որ մարդկային կյանքը սկսվում է նրա բեղմնավորման պահից:
Մի գիշեր, Աստծո կամոք, ես մի սարսափելի տեսիլք տեսա: Դրանից հետո ես հասկացա, թե ինչ է աբորտը: Սուրբ Զատկի առաջին շաբաթվա երեքշաբթի գիշերն էր: Սովորության համաձայն, երկու մոմ վառեցի ու դրեցի պահածոյի երկու տուփերի մեջ: Սովորաբար այդ մոմերը վառն են մնում, երբ ես քնած եմ: Ես դրանք վառում եմ նրանց համար, ովքեր տառապում են մարմնապես և հոգևոր կերպով՝ թե՛ ողջերը և թե՛ ննջեցյալները: Եվ ահա, կեսգիշերին, երբ Հիսուսի աղոթքն էի ասում (Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, ողորմյա ինձ մեղավորիս), ես տեսա մի մեծ, քարե ցանկապատով պատված արտ: Արտում ցորեն էր ցանված և ծիլերը նոր-նոր սկսել էին աճել: Ցանկապատի մյուս կողմում կանգած՝ ես մոմեր էի վառում մահացածների համար և դնում քարե պատի վրա: Ձախ կողմում մի անջուր ու անպտուղ տարածք էր երևում, որտեղ միայն քարե ապառաժներ էին: Այդ տեղանքն անդադար ցնցվում էր բարձր դղրդոցից, որում միաձուլվում էին հազարավոր հոգեցունց ու սիրտը ծվատող ճիչեր: Նույնիսկ ամենաանհոգի մարդը դա լսելով՝ չէր կարող անտարբեր մնալ: Տառապելով այդ ճիչերից և չհասկանալով, թե ինչ է կատարվում, ես մի ձայն լսեցի, որ ասում էր ինձ. «Արտը, որ ցանված է դեռ չհասկակալված ցորենով՝ այն ննջեցյալների հոգիների հանգստարանն է, որոնք հարություն են առնելու: Իսկ այն վայրում, որը ցնցվում ու դողում է հոգեցունց ճիչերից, այն երեխաների հոգիներն են գտնվում, որ սպանվել են աբորտների միջոցով»: Այսպիսի բան վերապրելով, ես ուշքի չէի գալիս այն ահավոր ցավից, որ ապրեցի այդ երեխաների հոգիների համար: Եվ արդեն պառկել, հանգստանալ էլ չէի կարող, չնայած որ շատ հոգնած էի:
- Հա՛յր, իսկ կարելի՞ է արդյոք, ինչ-որ միջոցներ ձեռնարկել, որպեսզի աբորտներն օրինականացնող օրենքն անուժ ճանաչվի:
- Կարելի է, բայց անհրաժեշտ է, որ պետությունը, Եկեղեցին տեղից շարժվեն, որպեսզի մարդիկ իմանան այն հետևանքների մասին, որոնց կհանգեցնի ծնելիության անբավարարությունը: Հոգևորականները պետք է բացատրեն մարդկանց, որ աբորտների մասին օրենքը հակասում է Ավետարանական պատգամներին: Բժիշներն իրենց հերթին պետք է խոսեն այն վտանգների մասին, որոնց ենթարկվում է աբորտ անող կինը: Տե՛ս, եվրոպացիները դաստիարակություն ունենալով, ժառանգաբար փոխանցել են իրենց երեխաներին: Իսկ մենք, նախկինում Աստծո վախն ունենալով, կորցրել ենք այն և ապագա սերունդերին ոչինչ չենք թողել: Այդ պատճառով էլ մենք այժմ թույլատրում ենք աբորտները, օրինականացնում ենք քաղաքացիական ամուսնությունը…
Եթե Ավետարանական պատգամները մի հոգի է խախտում, ապա պատասխանատվությունն ընկնում է միայն նրա վրա: Սակայն, եթե Ավետարանի պատգամներին հակասող ինչ-որ բան դառնում է պետական օրենք, ապա Աստծո ցասումն ամբողջ ժողովրդի վրա է ընկնում՝ նրան դաստիարակելու համար:
* Այս խոսքերն արտասանվել են 1989թ.:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի