«Փրկության ուղին դա սիրո ուղի է»

«Երբեմն մարդիկ փնտրում են, թե ինչ կարող են անել հանուն իրենց փրկության՝ շատ հաճախ չնկատելով այն ռեալ հնարավորությունները, որ իրենց կողքին են: Հնարավոր չէ փրկվել միայնակ, քանի որ փրկության ուղին դա սիրո ուղի է, իսկ սերը աշխարհով մեկ տարածվում է միայն սիրով: Կ. Պոլսի պատրիարք Հակոբ Բ Նալյանն (18-րդ դար) ասել է. «Քրիստոս Իր առաքյալներին մեռելներին հարություն տալու պատվեր չտվեց, այլ միմյանց սիրելու: Առանց սիրո չի օգնի ո՛չ մարտիրոսությունը, ո՛չ ունեցվածքի բաշխումը և ո՛չ էլ հրեշտակների քաղցրախոսությունը»: Ուստի, հարկ է բաց չթողնել բարին գործելու հնարավորությունները, քանի որ կարճ է և անցողիկ այս կյանքը»,-ասաց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

Սոցիալական ծրագրերի շրջանակներում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը փորձում է հնարավորինս նկատել և իրագործել փրկագործությանն ուղղված այս հնարավորությունները: Հուլիսի 7-ին համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան գլխավորությամբ, հերթական տնայցով եղավ Թոթովենցի 11/2 շենքի 14-րդ բն. ապրող Մնացականյան ընտանիքում: Չորս հոգուց բաղկացած ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում էր գտնվում: 33-ամյա Անժելա Մնացականյանի ամուսինը, հինգ ամիս առաջ արտագնա աշխատանքի մեկնելով, մոռացության է մատնել իր ընտանիքին: Անժելան նշեց, որ իր երկու զավակների հետ միասին երկար ժամանակ է, ինչ բնակվում է իր հայրական տանը: «Մեկ տարի առաջ, երբ հայրս մահացավ, մեր վիճակն ավելի ծանրացավ: Մեծ պարտքեր են կուտակվել: Մայրս առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ աշխատելու, ես էլ յոթ ամսեկան տղայիս խնամելուն զուգահեռ փորձում եմ ամսվա մեջ գոնե մի քանի օր աշխատել»,-ասաց Անժելան:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի աջակցությամբ գնված սննդի փաթեթներ և հիգիենիկ պարագաներ: Երախտապարտ և զգացված էր Մնացականյան ընտանիքը, որ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքն արձագանքեց իրենց խնդիրներին և աջակից եղավ:

 

 

Կարինե Սուգիկյան

07.07.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․