Ինչպես են երեխաները տանջվում ծնողների պատճառով

- Հա՛յր, մի մայր հարցրեց մեզ, թե ինչ անի: Նրա դուստրը հայհոյում է Սուրբ Աստվածամորը:

- Թող նա պարզաբանի, թե ինչից է սկսում այդ չարը: Երբեմն, նման դեպքերում ծնողներն են մեղավոր: Իրենց վատ դրսևորելով՝ ծնողներն իրենք են վնասում երեխաներին, և նրանք սկսում են անամոթաբար խոսել: Այնուհետև նրանք սկսում են ընդունել դիվական ներգործություն և ուղղակի զզվելի ձևով են հակազդում, երբ ծնողները փորձում են կարգի հրավիրել իրենց: Ուրիշ դեպքերում ծնողները կարծում են, թե կարող են բռնության միջոցով իրենց երեխաներին ավելի լավը դարձնել: Խառնվում է եսասիրությունն ու ծնողներն սկսում են երեխաների հետ նյարդայնացած ու զայրույթով խոսել, այն դեպքում, երբ միշտ պետք է նրանց հետ բարությամբ վարվեն:

Այսօր մի կին ինձ ամբողջովին հունից հանեց: Նա մի երեխա ունի և անխղճորեն ծեծում է նրան: Խեղճ երեխան վախից դողում է, չի կարողանում խոսել և նյարդային համակարգն էլ հյուծվել է: «Նա դիվահար է»,- վստահեցնում է այդ կինն ու իր երեխային սոված թողնում, իբրև թե դևին հեռացնելու համար: «Ես նրան ուտելիք չեմ տալիս,- բացատրում է նա,- որպեսզի նա ազատվի անմաքուր հոգուց»: «Լսի՛ր,- ասում եմ,- ուսերիդ գլուխ ունե՞ս, թե՞ չէ: Երեխային կերակրի՛ր: Եվ աշխատիր, որ դուրս գան անմաքուր հոգիները, որոնք հենց քո՛ մեջ են նստած: Դո՛ւ ես մեղավոր, որ քո երեխան այդպես այլանդակվել է: Երեխան դիվահար չէ. նա դողում է, որովհետև քեզնից է վախենում, որովհետև ծեծում ես նրան: Իսկ պարբերաբար տանո՞ւմ ես նրան հաղորդվելու»: «Ոչ»,- պատասխանում է: Դե ի՞նչ անել նման դեպքերում: Փորձիր նմանների հետ ընդհանուր հայտարարի գալ:

- Հա՛յր, մի՞գուցե նա ասում է երեխան դիվահար է, որովհետև երբեմն-երբեմն հայհոյախոսում ու Աստծո՞ւն է անարգում:

- «Հայհոյախոսում ու Աստծուն է անարգում»: Ախր, երբ այդ մայրիկ կոչեցյալն, իր բռնությամբ, համարյա խեղդամահ է անում նրան, ապա երեխան ինքն էլ չի հասկանում, թե ինչ է անում: Որքա՜ն եմ խղճում այդ դժբախտին: Նրա մայրն է դիվահար, այլ ոչ թե նա:

Ինչ էլ որ լինի, Ահեղ Դատաստանի օրը մենք զարմանալի բաներ կտեսնենք: Կռապաշտական ժամանակներում, մայրերն այրում էին իրենց զավակներին Մեղքոմի արձանի առջև*, որպեսզի այդ կերպ մասնակցեն «աստծո» փառաբանությանը (Ղևտ. 18:21, 20:2-4, Դ Թագ. 23:10, 13): Եթե այդ կանայք ճանաչեին Իրական Աստծուն, ապա ինչպիսի՜ զոհաբերություններ կանեին Նրա համար: Ահեղ Դատաստանի օրն այդ կանայք իրենց մեղքի մեղմացուցիչ հանգամանքը կունենան, որովհետև նրանք տարված էին չարով: Սակայն ի՞նչ մեղմացուցիչ հանգամանքներ պիտի ունենան այժմյան մայրերը, որ անտարբերություն են ցուցաբերում իրենց հարազատ երեխաների նկատմամբ: Աստված կասի նրանց. «Դուք ճանաչում էիք Իրական Աստծուն, դուք մկրտված էիք Սուրբ Մկրտությամբ: Դուք այդքան բան էիք լսել ու գիտեիք: Աստված Ինքը խաչվեց, որպեսզի փրկի ձեզ: Բայց ի՞նչ եք արել դո՛ւք, ինքներդ: Դուք ծուլացել եք ձեր երեխաներին եկեղեցի տանել՝ հաղորդվելու: Կռապաշտ կանայք կարծում էին, որ Մեղքոմն իրական աստված է և նույնիսկ իրենց հարազատ երեխաներին էին նրան զոհաբերում: Իսկ դո՛ւք, ի՞նչ եք արել»:

Ծնողների սխալների համար երեխաներն են վճարում: Որոշ ծնողներ կործանում են իրենց երեխաներին: Սակայն Աստված անարդար չէ: Նա մեծագույն ու հատուկ սեր է տածում այն երեխաների նկատմամբ, որոնք այս աշխարհում անարդարության են հանդիպել իրենց ծնողների կողմից կամ մեկ ուրիշի: Եթե երեխան շեղվել է ճիշտ ուղուց իր ծնողների պատճառով, ապա Աստված չի լքում այդպիսի երեխային, որովհետև նա Աստծո օգնության իրավունքն ունի: Աստված ամեն ինչ անյպես կդասավորի, որ օգնի նրան: Եվ ահա մենք տեսնում ենք, թե ինչպես որոշ երիտասարդներ և ոչ միայն նրանք՝ մեծահասակ մարդիկ ևս, մի ինչ-որ պահի կտրուկ շրջվում ու դառնում են դեպի բարին: Ես մի այդպիսի դեպք եմ հիշում: Մի ընտանիքում երկու երեխա կար: Հայրը, մայրը և դուստրն անտարբեր էին հավատի ու եկեղեցու նկատմամբ: Որդին՝ նախ մի ինչ-որ մարքսիստական կազմակերպության հետ էր կապվել: Հետո նրան այնտեղ դուր չեկավ ու գնաց դեպի հինդուիզմ: Այնտեղ նույնպես նրան դուր չեկավ և այդժամ նա եկավ Սուրբ Լեռ: Այդ տղան հաճախ էր գալիս իմ խուցը, այցելում էր նաև այլ խցեր: Այդ ամբողջ ժամանակ նրա ծնողները կրկնում էին. «Հիսո՜ւս Քրիստոս: Սո՜ւրբ Աստվածամայր: Պահպանեք մեր երեխային»: Երիտասարդը պիտանի չեղավ վանականության համար: Որոշ ժամանակ Աթոսում ապրելուց, իրեն վերագտնելուց ու հոգեպես ամրանալուց հետո՝ նա տուն վերադարձավ և հոգևոր օգնություն ցույց տվեց իր ծնողներին: Հիմա ես տեսնում եմ, թե ինչպես է նրա հայրը առաջիններից մեկը գալիս գիշերային հսկումներին մասնակցելու: Իրենց համայնքի եկեղեցում նա սաղմոսներ** է կարդում, տանը՝ ժամերգություններ ու շարականներ է երգում: Ինչպե՜ս է Աստված ամեն ինչ դասավորում: Չարը ցանկանում էր չարիք գործել, սակայն Աստված, հարթելով այդ չարիքը մեկ՝ մի, մեկ՝ մյուս կողմից, այդ մարդկանց ճիշտ ուղու վրա բերեց:

- Հա՛յր, իսկ դո՞ւստրը:

- Նա նույնպես կամաց-կամաց ճիշտ ուղու վրա է կանգնում: Աստված դրա համար բարեհաջող հնարավորություններ է տալիս:

- Հա՛յր, որոշ ծնողներ, սկսելով ապրել հոգևոր կյանքով հասուն տարիքում, անհանգստանում ու ափսոսում են, որ քրիստոնեական դաստիարակություն չեն տվել իրենց երեխաներին, երբ նրանք փոքր էին:

- Եթե անկեղծ զղջան ու խնդրեն Աստծուն, որ օգնի իրենց երեխաներին, ապա Աստված նրանց համար կանի այն՝ ինչ հնարավոր է: Նա երեխաներին փրկօղակ կնետի, որպեսզի փրկվեն իրենց պատած փոթորիկից: Եթե նույնիսկ մի մարդ չգտնվի, որ ի վիճակի կլինի օգնել այդ դժբախտներին, ապա Աստված կարող է այնպես դասավորել, որ նրանց օգնի իրենց տեսած ինչ-որ բան և նրանք ճիշտ ճանապարհի վրա դուրս գան: Իմացե՛ք, ծնողները՝ որոնց մասին խոսում ենք, դեպի բարին էին հակված, բայց մանկության շրջանում օգնություն չեն ստացել իրենց ընտանիքներում և այդ պատճառով էլ այժմ Աստծո օգնության իրավունքն ունեն:

- Հա՛յր, երբեմն այնպես է պատահում, որ հոգևոր կյանքով ապրող երեխաները բազմաթիվ դժվարությունների են հանդիպում իրենց ծնողների պատճառով, որոնք անտարբեր են հավատի հարցերում:

- Այդ երեխաների մասին Աստված ավելի է հոգ տանում, քան մյուսների, որոնց ծնողները հոգևոր կյանքում են ապրում: Աստված խնամում է նրանց այնպես, ինչպես որբուկներին է խնամում:

* Մեղքոմ – սեմական աստվածություն, որի մասին հիշատակվում է Հին Կտակարանում: Սովորաբար Մեղքոմի կուռքին փոքրիկ երեխաներ էին զոհաբերում, որոնց սպանում և այրում էին երկաթե վանդակների վրա:

** 103-րդ սաղմոսը, որ կարդացվում է երեկոյան ժամերգության սկզբում:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

29.05.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․