22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես շատ ուրախ եմ մեր հանդիպման համար:
Այսօր շատ է խոսվում երիտասարդների խնդիրների, երիտասարդական քաղաքականության, երիտասարդության աշխատանքի մասին: Հաճախ հարց են տալիս` ո՞րն է եկեղեցում երիտասարդների տեղը, ինչու՞ և ինչպե՞ս պետք է եկեղեցին զբաղվի երիտասարդների խնդիրներով:
Եթե երիտասարդներին դիտարկենք որպես առանձին խումբ, ապա, կարծում եմ, կարելի է ասել, որ եկեղեցի հաճախողների շրջանում երիտասարդները կազմում են հիմնական «ռիսկային խումբը»: Երիտասարդ մարդու հոգևոր ներաշխարհը դեռևս գտնվում է ձևավորման փուլում: Եվ ինչքան մեծանում է մարդը, այնքան ավելի է ամրանում նրա ներքին առանցքը, և այնքան ավելի ամուր է նա դառնում արտաքին ազդեցությունների հանդեպ: Սակայն երիտասարդի ներաշխարհը ենթակա է այդպիսի տատանումների, և հենց այդ պատճառով երիտասարդ տարիքը առավել ռիսկային տարիքն է:
Շատերն ասում են, որ այսօր եկեղեցին արտաքին միջավայրի նկատմամբ լարված հակամարտությունների պայմաններում է ապրում: Իրականում, եկեղեցին միշտ է ապրել այդպիսի պայմաններում: Երբ Քրիստոսը հիմնեց եկեղեցին, Նա հենց այդ ժամանակ բացատրեց Իր աշակերտներին, որ այս աշխարհում գտնվելը նրանց համար հարմարավետ չի լինելու, որ այն ուսմունքը, որը Նա բերեց աշխարհ, բաժանելու է ոչ միայն ընկերներին և հարևաններին, այլև՝ ընտանիքները: Պատահական չեն Հիսուսի խոսքերը. «Մի՛ կարծեք, թե եկա խաղաղություն հաստատելու երկրի վրա. չեկա հաստատելու խաղաղություն, այլ՝ սուր» (Մատթ. 10:34): Այստեղ խոսվում է այն մասին, որ Աստծո ճշմարտության հանդեպ հավատարմությունը, որը պետք է բոլոր ժամանակներում հավատացյալ մարդու բնութագիրը լինի, հանդիսանում է սխրանք: Այդպես եղել է և այդպես կլինի միշտ. արտաքին միջավայրն այս կամ այն չափով հակամարտության մեջ է մտնում այն մարդու հետ, որը նախընտրում է ապրել Աստծո ճշմարտությամբ:
Մեզնից շատերը դեռևս հիշում են այն ժամանակները, երբ մեր երկրում հավատն արգելված էր: Այդ ժամանակ հավատացյալ լինել նշանակում էր պատրաստ լինել արտաքին միջավայրի հետ անդադար հակամարտություների: Քրիստոնյան, հատկապես նա, ով բացեիբաց էր դավանում, պետք է պատրաստ լիներ «հեզությամբ և երկյուղածությամբ պատասխան տալու» (Ա Պետրոս. 3:13) իր հավատի համար` թե՛ իր ընկերների առաջ, թե՛ այն միջավայրի մարդկանց, որում գտնվում է (դպրոցական, ուսանողական կամ աշխատանքային) և թե՛ իր ընտանիքի: Ըստ էության` մարդն անդադար հարկադրվում էր խոստովանության: Պակաս բարդ չէր նաև այն քրիստոնյայի սխրանքը, որն ստիպված էր թաքցնել իր համոզմունքները, իսկ այդպիսիք բավականին շատ էին, այդ թվում` նաև երիտասարդների միջավայրում:
Հենց այդ ժամանակ է առաջ եկել այն կարծրատիպը, համաձայն որի` եկեղեցին առաջին հերթին գոյություն ունի տարեց մարդկանց համար: Երիտասարդ հասակում մարդն ապրում է ազատ, ոչնչի մասին առանձնապես չի մտահոգվում, սակայն տարիքն առնելով կենսական առաջնահերթությունները աստիճանաբար փոխվում են, զվարճանքներն աստիճանաբար պակասում են, իսկ ազատ ժամանակն ավելանում, և այդժամ, ծերության շեմին, մարդն սկսում է այցելել եկեղեցի «մեղքերը քավելու»: Այդպիսի կարծրատիպ կա և այսօր: Այդ կարծրատիպի համակիրները սովորաբար ասում են, որ եկեղեցին մի վայր է, ուր գնում են տատիկները:
Իսկապես, եկեղեցում կան տատիկներ, և հենց նրանց` մեր տատիկների շնորհիվ է ուղղափառ հավատը հասել մեզ: Բայց եկեղեցին ո՛չ այն ժամանակ է եղել, ո՛չ էլ այժմ է հանդիսանում վայր` նախատեսված միայն տարեց մարդկանց համար: Ընդհակառակը. եկեղեցիներում մենք տեսնում ենք մեծ թվով երիտասարդների: Եվ երբեմն մենք ինքերս մեզ հարց ենք տալիս, թե ի՞նչն է նրանց բերում եկեղեցի: Չէ՞ որ այստեղ զվարճանքներ չկան, իսկ աստվածապաշտական արարողություններն արտաքինից կարող են բավականին ձանձրալի թվալ, մանավանդ որ, ըստ էության, դրանց իննսուն տոկոսն անփոփոխ է:
Ի՞նչն է գրավում երիտասարդին եկեղեցում: Ես ինքս երբեք չեմ կարողացել պատասխանել այդ հարցին: Երբ ես երիտասարդ էի, ինձ երբեք չէին գրավում պարահրապարակները կամ որևէ այլ ավանդական երիտասարդական զվարճանքները: Ինձ եկեղեցին էր ձգում: Ինչու՞ էր դա տեղի ունենում, ես չգիտեմ: Եվ մինչև հիմա էլ չգիտեմ, թե ինչու են որոշ մարդիկ ձգտում գնալ եկեղեցի, իսկ ոմանք շրջանցում են այն, ոմանց այն գրավում է, իսկ մյուսներին` վանում:
Ինձ թվում է, որ այստեղ շատ կարևոր է Աստվածային նախախնամության պահը. Աստված հպվում է այս կամ այն մարդու սրտին, և մարդը լսում է Աստծու կանչը, նրա մոտ առաջանում է ինչ-որ ներքին ձգողականություն դեպի եկեղեցի, դեպի այն ամենը, ինչով եկեղեցին ապրում է: Սակայն միանգամայն սխալ է կարծել, որ եթե մարդը չի գալիս եկեղեցի, ուրեմն Աստված նրան չի բերել:
Բանն այն է, որ Աստված ուզում է, որ մենք լինենք Իր աշխատակիցները, այսինքն յուրաքանչյուրս խնդիր ունենք այս աշխարհում լինելու Քրիստոսի առաքյալները: Եվ եթե դուք երիտասարդ եք, ապա պետք չէ սպասել հասունության, որպեսզի սկսեք քարոզել Քրիստոսի մասին: Մեր ներքին հասունացումը պետք է ընթանա առաքելական խնդրի լուծման հետ զուգահեռ, որն դրված է յուրաքանչյուր քրիստոնյայի առաջ, այդ թվում և երիտասարդ: Իսկ ի՞նչ ձևով պետք է կատարել առաքելությունը: Առաջին հերթին պետք է կիսվենք մեր փորձով մեր ընկերների հետ, նրանց հետ` ում հետ մենք շփում ունենք դպրոցում կամ համալսարանում, ընտանիքում կամ աշխատավայրում: Ամեն մարդու, ում հետ մենք առնչվում ենք ճակատագրի բերումով, կամ, ավելի ճիշտ ասած, ում մենք հանդիպում ենք Աստծո նախախնամությամբ, մենք պետք է, առաջին հերթին, մեր կենսակերպով վկայենք Քրիստոսի մասին:
Այսօրվա երիտասարդական ենթամշակույթն` իր կառուցվածքով, ակներև կերպով տարբերվում է այն ամենից, ինչով դարեր շարունակ ապրել է եկեղեցին: Եվ դա ժամանակակից եկեղեցասեր երիտասարդի առաջնային խնդիրներից է, որի պատճառով նա անդադար գտնվում է ինչ-որ երկատված իրավիճակում: Մի կողմից, նա ապրում է նրանով, ինչ նրան սովորեցնում է եկեղեցին` վարելով հավասարակշռված, զուսպ, քրիստոնեական բարոյագիտական ուսմունքով ուղղորդված կյանք, սակայն մյուս կողմից` ողջ շրջապատող աշխարհը հրամցնում է նրան բոլորովին այլ արժեքներ: Եվ այդ արժեհամակարգերը, որոնք գոյություն ունեն երիտասարդական միջավայրում, հաճախ ուղիղ հակադիր են այն ամենին, ինչ սովորեցնում է եկեղեցին: Ինչպե՞ս պետք է այդ միջավայրում երիտասարդը պաշտպանի ինքն իրեն, իր դեռևս չամրացած համոզմունքները: Առաջին հերթին, կարծում եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է ինքն իր մեջ դաստիարակի եկեղեցական կյանքի նկատմամբ ներքին արմատական մոտեցումը` հասկանալով, որ եկեղեցին սովորեցնում է հավերժական և անսասան արժեքներ, իսկ այն արժեքները, որոնք գոյություն ունեն այսօրվա աշխարհում, վաղանցուկ են:
Երիտասարդ մարդու համար, կարծում եմ, հույժ կարևոր է կարողանալ անշեջ պահել եկեղեցու հանդեպ վստահությունը: Նա կարող է այնքան էլ չհասկանալ, թե ինչ է սովորեցնում եկեղեցին: Նա անգամ կարող է չհամաձայնվել որոշ բաների հետ, որ լսում է եկեղեցում: Բայց երիտասարդ քրիստոնյայի մոտ պետք է լինի շատ խորը վստահություն եկեղեցու հանդեպ: Մենք պետք է ինքներս մեզ ասենք, որ եթե մենք ինչ-որ բան չենք հասկացել, մենք դա կհասկանանք հետո, եթե մենք ինչ-որ բանի դեռ ունակ չենք հավատալու, մենք դրան կկարողանանք հավատալ հետո: Բայց արդեն այսօր, այստեղ և այս պահից մենք պետք է սկսենք ապրել քրիստոնեաբար: Իսկ քրիստոնեաբար ապրել, հատկապես երիտասարդի համար, նշանակում է լողալ հոսանքին հակառակ, նշանակում է կողմնորոշվել մեր օրերում մոռացության մատնված առաքինի և մերժված արժեքներով:
Ինձ խնդրել են այս զրույցում շոշափել երիտասարդական կյանքի այնպիսի ոլորտ, ինչպիսին է սեռական կյանքը: Եկեղեցին սովորեցնում է, որ սեռական հարաբերությունները հնարավոր են միայն մի դեպքում, այն դեպքում, երբ երիտասարդ տղան և աղջիկը պսակադրվում են: Եվ այդ հարաբերությունները պետք է սկսվեն ոչ թե մինչև ընտանիք կազմելը, այլ միայն այն բանից հետո, երբ երիտասարդները դարձել են ամուսին և կին: Այս չափանիշները հնարավորություն են տալիս երիտասարդներին պահպանել իրենց մաքրակեցությունը այն մեկի համար, ում հետ պետք է հետո կյանքը կապեն ամուսնական միությամբ: Հենց այս նախաամուսնական մաքրությունն է հանդիսանում այն ամուր հիմքը, որի վրա կարելի է և պետք է կառուցել լիակատար ընտանիքի շենքը: Ժամանակակից շատ երիտասարդներ կարծում են, որ այս չափազանց խիստ (իրենց կարծիքով) չափանիշները հնացած են, որ ժամանակակից երիտասարդությունը չի կարող ապրել այդ կանոններով և այլն: Ժամանակակից երիտասարդական մշակույթը դրդում է երիտասարդին սեռական սանձարձակության, ընդ որում` այդ ոլորտում առավել արժեվորվում է այսպես կոչված ազատ սերը: Աշխարհում, որտեղ առաջնահերթությունը տրված է ամեն գնով հաճույք ստանալուն և հարմարավետության հասնելուն, բնական է, որ երիտասարդ զույգի փոխհարաբերությունները նախևառաջ դիտվում են որպես հաճույք ստանալու միջոց: Հենց այդ պատաճառով էլ ժամանակակից երիտասարդը, առանց հետագա հետևանքների մասին մտածելու, հեշտությամբ խախտում է բարոյական չափանիշները, որոնք դարեր շարունակ ընկած են եղել յուրաքանչյուր նոր կազմվող ընտանիքի հիմքում, որոնցով կառուցվել է ողջ ընտանեկան էթիկան:
Այսօր ակներև է ընտանեկան խորագույն ճգնաժամը: Դա պարզապես ժողովրդագրական ճգնաժամ չէ: Ժողովրդագրական ճգնաժամը ընդամենը հետևանքներից մեկն է այն հիմնարար ճգնաժամի, որը հարվածել է ժամանակակից մարդկությանը` ընտանիքի ճգնաժամի: Վիճակագրական տվյալների համաձայն, Ռուսաստանում հազար ամուսնությանը բաժին է ընկնում է ավելի քան վեց հարյուր ամուսնալուծություն, այսինքն տասը ընտանիքից վեցը կազմալուծվում են: Դրա արդյունքում առաջանում են հսկայական քանակի ոչ լրիվ ընտանիքներ, որոնցում երեխաները դաստիարակվում են ծնողներից մեկի բացակայությամբ: Դրա հետ մեկտեղ, կան շատ ամուսնական զույգեր (տարբեր հաշվարկներով 15-ից 20 տոկոս), որոնք ֆիզիոլոգիական պատճառներով չեն կարողանում երեխա ունենալ, իսկ որպես կանոն, դրանք լինում են նախկինում կատարված աբորտների հետևանքով: Մարդը պատասխանատու է ոչ միայն իր կյանքի համար, այլև իրեն շրջապատող մարդկանց կյանքի համար, ինչպես նաև իր սերունդների, այդ թվում` այն սերունդների, որոնք կարող էին լույս աշխարհ գալ, բայց չեկան:
Այս խնդիրն ունի ոչ միայն և ոչ այնքան բժշկական բնույթ, որքան`բարոյական: Եթե պահպանվեր այն կենսակերպը, որը դարեր շարունակ քարոզվել է եկեղեցու կողմից` այս ճգնաժամը մեզ մոտ չէր լինի: Էլ ի՞նչ խոսել անհավատների մասին, եթե նույնիսկ երիտասարդ քրիստոնյաներն այս ոլորտը հույժ կարևոր չեն համարում և շեղվում են նրանից, ինչ սովորեցնում է եկեղեցին:
Դրանով հանդերձ, ըստ հենց այդ նույն վիճակագրական տվյալների, Ռուսաստանի այն շրջաններում, որտեղ գերիշխում է մուսուլման բնակչությունը (ինչպիսիք են Չեչնիան, Դաղստանը), ամուսնությունների և ամուսնալուծությունների հարաբերությունը ոչ թե 6-ը 10-ի է, այլ 1-2-ը 10-ի, այսինքն մոտ 100-200 բաժանություն հազար ամուսնության դիմաց: Դա խոսում է այն մասին, որ մուսուլմանական ընտանիքներում ավելի շատ են պահպանում ավանդական ընտանեկան դրվածքը, քան ուղղափառ քրիստոնյաները:
Մենք գիտենք, թե ինչ է սովորեցնում եկեղեցին, բայց չենք ուզում դա կատարել: Մենք գիտենք, թե ինչն է հանդիսանում եկեղեցու չափանիշը կամ պահանջը, բայց ամեն ոք ինքն իրեն ասում է. Ես չեմ կարող դրան լիովին հետևել կամ հետո կհետևեմ, իսկ հիմա ուրիշ բաներ են ինձ համար առաջնային: Եվ ահա հենց այն պատճառով, որ մարդիկ այդպիսի ընտրություն են կատարում, մենք այսօր արդյունքում ունենք այս սարսափելի իրավիճակը:
Առանցքային հարցը, որն ամեն մարդ տալիս է ինքն իրեն երիտասարդ տարիքում, կարելի է ձևակերպել շատ պարզ. ո՞րն է կյանքի իմաստը: Կյանքի ուղին կանխորոշվում է հենց պատանեկության շրջանում, հենց այդ ժամանակ է մարդն իր համար որոշում, թե ի՞նչն է հանդիսանում իր համար առաջնային, ինչպե՞ս կուզեր ապրել կյանքը և ինչի՞ համար: Չնայած կարելի է և բոլորվին էլ չխորհել այս հարցերի շուրջ, այլ ապրել կյանքը բոլորի պես, լողալ ընդհանուր հոսանքն ընկած, որը երիտասարդներին քշում է անհայտ ուղղությամբ: Բայց այդ դեպքում հնարավոր է կյանքի վերջում մնալ կոտրած տաշտակի առաջ: Իսկ եթե, չնայած ամեն ինչի, երիտասարդը ցանկանում է դասակարգել կյանքի ուղենիշերը, որոշել իր կյանքի մարտավարությունը և հետևել դրան, կարծում եմ, որ այդ հարցում նրան շատ կօգնի եկեղեցին: Օրինակ`դժվար է ինքնուրույն հասկանալ, որոնք են բացարձակ և անխախտ կենսական արժեքներ, իսկ որոնք`ժամանակավոր և վաղանցուկ: Այդպիսի կարևոր հարցում եկեղեցին վստահելի օգնական է:
Եկեղեցին շատ հարցերում կարող է օգնել մարդուն, սակայն նախևառաջ այն օգնում է ձևակերպել սեփական կենսական դիրքորոշումները, կյանքի կրեդոն: Երբ այդ կրեդոն ձևակերպված է, այդժամ արդեն սկսվում է մարդու աշխատանքը: Նա պետք է աշխատի ինքն իր վրա, դաստիարակի իրեն, և կրկին, այս հարցում նույնպես, առաջին և անփոխարինելի օգնականը հանդիսանում է եկեղեցին: Եկեղեցին տանում է մարդուն կյանքի ճանապարհով, անցկացնում մի տարիքից մյուսը, ուղեկցում է բոլոր գործերում, սակայն առավել կարևոր է դառնում ճգնաժամային իրավիճակներում, որպիսիք երիտասարդ մարդու կյանքում շատ շատ են լինում:
Այդուհանդերձ եկեղեցին չի ստիպում երիտասարդին հեռանալ աշխարհից, խզել նրա հետ կապը, կոչ չի անում բոլոր երիտասարդներին դառնալ վանական: Եկեղեցին կոչ է անում երիտասարդին ապրել այս աշխարհում, լինել այս աշխարհի մի մասը, բայց միևնույն ժամանակ, ինչպես Քրիստոսն է ասում, լինել այս աշխարհի աղն ու լույսը (տես Մատթ. 5:13-14), այսինքն, լինելով աշխարհում` ապրել այն բարձրագույն արժեհամակարգերով, որոնք տալիս են Ավետարանը և եկեղեցական ուսմունքը: Դա բարդ խնդիր է, որը պահանջում է խիզախություն, արիություն, վճռականություն և, ամենակարևորը, նպատակասլացություն: Եթե կա նպատակասլացություն, մնացյալ ամեն ինչ հաղթահարելի է:
Միտրոպոլիտ Իլարիոն
Ռուսերենից թարգմանեց՝ Անի Բրուտյանը