Գրքեր

Քրիստոնեության սխալ ընկալումները գիտության և մշակույթի ասպարեզներում

Նոյեմբերի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության հերթական հանդիպումը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, կայացավ «Քրիստոնեության սխալ ընկալումները» բանախոսության շուրջ: «Զորավոր» երիտասարդաց միության և «Դիալոգ» ՀԿ-ի կողմից կազմակերպված հանդիպմանը բանախոսեց երիտասարդ աստվածաբան Շուշան Խաչատրյանը, ով անդրադարձավ գիտության և մշակույթի ասպարեզներում առկա հակաքրիստոնեական դրսևորումներին, նաև համաշխարհային կրոններում տեղ գտած քրիստոնեական թյուր ընկալումներին:

Բանախոսը թվարկեց գերբնական ուժերին նվիրված ֆիլմերի ցանկ, որտեղ քրիստոնեությունը սխալ է մեկնաբանված՝ “City of Angels”, “Rosemay’s Baby”, “Poltergeist” , “Constantine”, “The Omen”, “All That Jazz”, “The Last Templation of Christ”: Օրինակ՝ դասական կինոմատոգրաֆիայի ֆիլմերից “The Last Templation of Christ” («Քրիստոսի վերջին փորձությունը») ֆիլմում, որ նկարահանվել է հույն գրող Նիկոս Կազանձակիսի վեպի հիման վրա, Քրիստոսն ինքը չգիտի ընտրյալ է ինքը, թե՝ ոչ: Նա խնդրում է իր ընկերոջը՝ Հուդային, որ մատնի իրեն, որպեսզի ինքը խաչվի, բայց ֆիլմում Քրիստոս չի խաչվում: Հետո նա երկու անգամ ընտանիք է կազմում: Ֆիլմում ոմն Պողոս ցանկանում է քրիստոնեություն տարածել, բայց Քրիստոս խնդրում է նրան, որ իր կենդանության օրոք չքարոզի: Բանախոսը նշեց, որ այս ֆիլմը կաթոլիկ եկեղեցու կողմից արգելված ֆիլմերի ցանկում է և հավատքի մեջ երերուն անձին կարող է սխալ ուղով տանել:

Հակաքրիստոնեական է նաև «Ագորա» պատմական ֆիլմը, որտեղ քրիստոնեությունը ներկայացված է որպես բարձր խավի կրոն, որտեղ քրիստոնյաները հանդուգն վարվելակերպ ունեն. հայհոյում են հեթանոս աստվածներին, հարձակվում են Ալեքսանդրիայի հայտնի և ժամանակի ամենահարուստ գրադարանի վրա և գրեթե ոչնչացնում այն: «Եթե քրիստոնյաներն այրել էին գրադարանը, ապա ի՞նչ էին այնտեղ փնտրում Ս. Մեսրոպ Մաշտոցը և նրա աշակերտները,- ասաց Շուշանը և հավելեց,- պատմական վավերագրերն այլ բան են փաստում. ֆիլմը ընդգրկում է 4-5-րդ դարերը, իսկ ֆիլմում ներկայացված պատմական անձերից Կղեմես Ալեքսանդրացին ապրել է 2-րդ դարի վերջին և 3-րդ դարի սկզբին»:

Նմանատիպ հակաքրիստոնեական ֆիլմերի ազդեցության վերաբերյալ Շուշանը նշեց. «Ժամանակակից մարդու վրա ներգործող հզոր զենքերից են ֆիլմերը և ժամանակակից աշխարհում առկա է պատվերով ֆիլմեր երևույթը, որ նկարահանվում են հակաքրիստոնեական ընկալումներ տարածելու քաղաքական նպատակով: Գիտակից հավատք ունեցող անձի վրա նմանատիպ ֆիլմերը չեն կարող բացասաբար ազդել, բայց բացասաբար են ազդում քրիստոնեական անգիտության մեջ գտնվող անձանց վրա, ովքեր ձգտում են իրենց դավանած կրոնի վերաբերյալ ինֆորմացիա քաղել ավելի մատչելի տարբերակներից՝ օրինակ՝ ֆիլմերից»:

Քրիստոնեական ֆիլմերից բանախոսը առավելապես նշեց Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները», «Հիսուս» և “Calvary” («Գողգոթա») ֆիլմերը:

Այնուհետև բանախոսը երիտասարդներին ներկայացրեց հակաքրիստոնեական պատկերներից Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա», «Հովհաննես Մկրտիչ» և Սալվադոր Դալիի «Խորհրդավոր ընթրիք» պատկերների մեկնաբանությունները: Ռուս ուղղափառ եկեղեցու աստվածաբան, փիլիսոփա և գիտնական Պավել Ֆլորենցկին Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» և «Հովհաննես Մկրտիչ» նկարների վերաբերյալ ասել է, որ նկարներին ուշադիր դիտողը ոչ մի դրական բան չի տեսնի այնտեղ, նրանց ժպիտները դիվական են, որոնք կարծես արտահայտում են հետևյալ միտքը՝ ես ամեն ինչ գիտեմ, իսկ դուք՝ ոչինչ: Ըստ մեկնաբանությունների՝ Սալվադոր Դալիի նկարներում առկա են օկուլտիկ տեսարաններ՝ արտահայտված ժեստերի տեսքով, օրինակ՝ նրա «Խորհրդավոր ընթրիք»-ում Քրիստոսի ձեռքի դիրքը:

Երիտասարդները ծանոթացան նաև, թե համաշխարհային կրոններում ինչ քրիստոնեական թյուր ընկալումներ կան, ինչ բացասական վերաբերմունք ունեն գիտակարգերը քրիստոնեության հանդեպ:

«Այսօր մեր հասարակության մեջ ուշիմության պակաս կա, չի կարելի մանրուք համարել նկարներում, ֆիլմերում կամ այլ ասպարեզներում առկա քրիստոնեական աղավաղումները: Ցավոք սրտի, այսօր ողջ աշխարհում, մեր երկրում մասնավորապես քրիստոնեական անգիտություն է տիրում»,- ամփոփեց Շուշանը և այն հարցադրմանը, թե ինչպե՞ս կարելի է իմանալ այս կամ այն ասպարեզում քրիստոնեությունն աղճատվա՞ծ է, թե՝ ոչ, պատասխանեց՝ նախ որ քրիստոնյա ենք և ունենք մկրտությամբ մեզ տրված Սուրբ Հոգու շնորհները և նրանցից՝ հոգիները զանազանելու շնորհը:

 

Կարինե Սուգիկյան

30.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․