23 Դեկտեմբեր, Բշ
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի:
Վերադարձից ու թշնամուն հաղթելուց հետո և ուրախության մեջ լինելով՝ հոգուն հորդորում է Աստծուն մատուցել օրհնության երախտիքը: Նաև հայտնապես մարգարեանում է եկեղեցու հաստատության և առաքյալների քարոզչության մասին՝ ասելով.
12. Գովեա, Երուսաղեմ, զՏէր:
Գովաբանի՛ր Տիրոջը, ո՛վ Երուսաղեմ:
Բնակիչներին է հորդորում [գովաբանել], այլ ոչ թե քաղաքին, որովհետև Երուսաղեմը խաղաղություն է կոչվում, և բնակիչները կրում են այդ խաղաղությունը, որոնց Երուսաղեմի անվամբ է կոչում, և պատվիրում է գովաբանել գովության արժանի գործերով և հատկապես եկեղեցուն, որի փեսան Քրիստոսն է: Ինչպես որ առաքյալները, երբ Ձիթենյաց լեռից տաճար էին վերադառնում, գովաբանում և օրհնում էին Աստծուն նրա անճառելի տնօրինության խորհրդի համար:
Եւ օրհնեա՛ զԱստուած քո, Սիովն:
Եվ օրհներգի՛ր քո Աստծուն, Սիո՛ն:
Լսեցե՛ք սաղմոսը և սովորե՛ք, թե որն է Երուսաղեմը կամ Սիոնը: Վերին Երուսաղեմն ազատ է, ասում է, որ մեր բոլորի մայրն է, և մոտեցել ենք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին: Պարծանքի մայր է և բարձրագույն աշտարակ, որովհետև Սիոնը մայր կոչվեց և նրանում ծնվեց մարդը՝ Աստված Հիսուսն ըստ մեր բնության և մեր բնությունից էլ վեր, և Սիոնն էլ վեր բարձրացրեց, որտեղ որ ինքն է և անդրանիկների եկեղեցին, որ իր որդիների հետ մշտապես օրհնում է իր Աստծուն՝ մարմնով հաստատված մնալով մարմնավոր աշխարհում, իսկ հոգով՝ աննյութականում, որովհետև մտքով այնտեղ ենք, քանի որ իր հետ հարություն տվեց և իր հետ նստեցրեց հույսով:
13. Զի զօրացոյց զնիգս դրանց քոց. և օրհնեաց զորդիս քո ի քեզ:
Քանզի նա դռներիդ նիգերն ամրացրեց, և որդիներիդ օրհնեց քո մեջ:
Ամրացրեց, որովհետև չբացեցիր թշնամիներիդ առջև, և որդիներիդ օրհնեց քո մեջ, որոնք ելան և վերցրին նրանց ավարը: Եկեղեցուն ևս, ինչպես որ Պետրոսին ասաց. «Դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն» (Մատթ. 16:18): Եվ որդիներին օրհնեց՝ ասելով, թե օրհնելով պիտի օրհնեմ, և Պողոսն էլ [ասում է]. «Օրհնեց մեզ ի Քրիստոս ամենայն հոգևոր օրհնությամբ երկնային աշխարհում» (Եփես. 1:3): Երուսաղեմի դռների նիգերը նաև Հեսուն ու Զորաբաբելն են, իսկ եկեղեցունը՝ երկու կտակարանները, առաքյալները, մարգարեները և վարդապետներն են, որոնց Աստված զորացնում է՝ բանականներին խոսք տալով, իսկ լսողներին՝ մարմնավոր սիրտ՝ քարեղենի փոխարեն, որով որդիներն օրհնվում են սուրբ սնունդով:
14. Ո եդ զսահմանս քո ի խաղաղութիւն. պարարտութեամբ ցորենոյ լցոյց զքեզ:
Քո սահմանները խաղաղության մեջ պահեց, և ցորենի առատությամբ լիացրեց քեզ:
Այն ազգերը, որ գալիս էին, կորստյան մատնվեցին, և այլևս չէին համարձակվում նրանց սահմաններին մոտենալ: Ցորենի առատությամբ լիացրեց քեզ¸ խոսքը երկրի պտղաբերության և արգասավորության մասին է՝ ցորենի և մաքուր հացի լիությամբ է բոլորին ավետարանում: Քո սահմանները, այսինքն՝ եկեղեցու սահմանները՝ ասելով. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (Հովհ. 14:27), և թե՝ «Որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք» (Հովհ. 16:33), նաև առաքյալն է ասում. «Ջանացեք ապրել խաղաղությամբ և սիրով» (հմմտ. Եբր. 12:14), և նորից Տերն ասում է. «Երբ քո թշնամու հետ գնաս, ճանապարհին հաշիվդ մաքրիր» (հմմտ. Ղուկ. 12:58), և թե՝ «Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա՛ հանդիմանիր նրան» (Մատթ. 18:15: Եվ եկեղեցու ամբողջ սահմանը խաղաղության վրա է հաստատել, ինչն էլ հաճախ քահանաները տալիս են «խաղաղություն բոլորին» ասելով: Ցորենի առատությամբ. ի՞նչն է առավել առատ քան այն, որի հետ Աստված է միավորված, այն հացը, որ երկնքից է իջել և կյանք է տալիս աշխարհին: Լիացրեց. քանզի անսպառ է և բոլորի համար բավարար է:
15. Առաքէ զբան իւր յերկիր. վաղվաղ ընթանան պատգամք նորա:
Նա երկիր է ուղարկում խոսքերն իր, և արագ սլանում են պատգամները նրա:
Երուսաղեմ է ուղարկում իր ավետիսը, և արագ գնում են ու շտապում պատմել հրաշագործությունների համբավի մասին: Դարձյալ՝ խոսքը նախախնամության մասին է, որով կարգավորվում են աշխարհի բոլոր ստեղծվածները՝ բնական օրենքով տեղեկանալով:
16. Դնէ զձիւն որպէս զասր, և զմէգ որպէս փոշի ցանեաց:
Նա ձյուն է տեղացնում ինչպես բուրդ, և մառախուղը ցանում փոշու պես:
Քանզի իջնում է այնտեղ ինչպես բուրդ, և ոչ ոքի ցավ չի տալիս: Եվ մառախուղը ցանում փոշու պես, որն էլ օդի խոնավության և գոլորշու միջոցով իջնում է երկրի վրա: Սա նաև նախախնամության գործն է, որ ցրտի միջոցով հանգիստ է տալիս երկրին բույսերի և տնկիների ծնունդից, և խոնավ նյութով՝ ցրտի ու տոթի միջոցով ամառվա տոթին ցող ու անձրև է տեղացնում, իսկ ցասման և բարկության ժամանակ՝ կարկուտ, իսկ ձյունն ու եղյամը և առավել ցուրտ ու սառը ձմեռը իր սքանչելի արվեստով մեր կարիքների համար է ծառայեցնում: Աստծու թույլտվությամբ նաև փորձություններ են գալիս հողմի ու անձրևի, կարկուտի, ցրտի, ձյան ու սառնամանիքի տեսքով, սառեցնելով և հոգում ձմեռ բերելով ու թմրեցնելով, սառնամանիքով, աղանդավորների և չարի կողմից մասնատելով և անզգույշներին բազմիցս գրավելով, ինչպես հերետիկոսներն են անում, ինչպես որ ասում է.
17. Արկանէ զսառն որպէս պատառս, առաջի ցրտոյ նորա ո՞ կարէ կեալ:
Նա սառույցներն արձակում է ինչպես պատառներ. ո՞վ կարող է դիմանալ նրա ցրտին:
Երբ ջրի երեսը սառչում է, վերևից շերտ է կազմում հալված մոմի նման, որ ամանի մեջ է թափվում, նախ սառելով երեսին է շերտ կազմում, մինչև ջերմությունն ամբողջությամբ պակասում է և իսպառ սառչում, ինչպես որ չարերի հոգիները փորձության ցրտից կամաց-կամաց [սառչելով] իսպառ կորստյան են մատնվում:
18. Առաքէ զբան իւր եւ հալէ զնոսա, շնչեսցեն հողմք և գնասցեն ջուրք:
Ուղարկում է խոսքն իր ու հալեցնում դրանք. փչում են հողմերը և հոսում ջրերը:
Այսինքն՝ հրամանը և գարնան ներգործությունը՝ հարավային հողմերի փչելով, ովքեր նախապես հավատացին, սակայն հետո ուրացան և ուժգին հալածանք սկսեցին ինչպես՝ Հուլիանոսը, Կոստանդինը և Լուկիանոսը՝ նրա փեսան, և Օրեղիանոսը: Եվ ինչպես որ, երբ սառնությունը վերանում է, ձյունը հալվում է ու հեղեղներ են առաջանում և հարվածում վեմի վրա շինված տանը և չեն կործանում, ու հանգստանում են փորձությունների պատճառով չարչարվածները, բայց ոչ երբեք՝ կարծր քարի պես սառածները: Եվ ինչպես Սուրբ Հոգին հողմի պես փչեց վերնատանը, իսկ առաքյալների միջոցով՝ ամբողջ աշխարհի վրա, այդ ժամանակ տեղի տվեցին կռապաշտության, չարագործության ու անհավատության ձյունը, սառնամանիքն ու եղյամը, և փափկած հոգիներն արձակվելով՝ հանդես եկան բազմազան բույսերի վայելչությամբ, և հոսեցին քարոզչության ջրերն ու գետերը, և կործանեցին հեթանոսական ուսմունքը, ինչպես Տերը խոստացել էր իր հավատացողներին, որ գետեր պիտի բխեն նրանց որովայններից (տես՛ Հովհ. 4:14):
19. Պատմէ զբան իւր Յակովբայ, զարդարութիւն և զիրաւունս Իսրայէլի:
Իր խոսքը հայտնում է Հակոբին, իր օրենքներն ու դատապարտությունները՝ Իսրայելին:
Զաքարիան, Մաղաքիան և Անգեն վերադարձի ժամանակ մոռացածներին պատմեցին իրենց իրավունքի խոսքն ու արդարությունը, որ պետք է գործեին: Իսկ առաքյալների մասին, որ նախապես ասաց. Նա երկիր է ուղարկում խոսքերն իր, և արագ սլացան և քարոզչությունն արագ տարածվեց տիեզերքով մեկ: Եվ որպեսզի չկարծեն, թե Հակոբին անտեսեց, ասում է, թե նախ նրանց հայտնեց, ինչպես որ ասում էին, թե նախ ձեզ է պետք ավետարանել, բայց քանի որ իրենք արժանի չգտնվեցին, ահա հեթանոսների կողմն ենք դառնում, ինչպես Տերն իսկ պատվիրեց, թե նախ մանուկներին է պետք կերակրել (տե՛ս Մարկ. 7:27), որպեսզի պատճառ չունենան ասելու, թե մեզ հպարտությամբ անտեսեցին և գնացին հեթանոսների կողմը, որովհետև սա էր իրավունքն ու արդար դատաստանը. նախ պատմել նրանց, ովքեր ունեին որդեգրություն, պաշտամունք և ավետիս, որոնք ունեին հայրեր և Քրիստոսին՝ ըստ մարմնի, որ բոլորի համար Աստված օրհնյալ է հավիտյան: Դրա համար էլ ասում է.
20. Ոչ այսպէս արար ամենայն ազգաց Տէր, և զդատաստանս իւր ոչ յայտնեաց նոցա:
Տերն այսպես չվարվեց բոլոր ազգերի հետ, և իր դատաստանները նրանց չհայտնեց:
Աստված անհավասար շնորհներ չի տալիս, որոնց ստեղծիչն ու խնամողը միայն ինքն է, այլ միայն երկու բանի համար հրեաները նախապատվություն ստացան. մեկը, որ Աբրահամը նրանց հայրն էր, այդ պատճառով բոլոր ազգերից ընտիր համարվեցին: Եվ երկրորդ, որ անառակ, խստասիրտ և չարաբարո որդիներին հայրական գթով առավել հոգատար եղավ, որպեսզի կորստյան չմատնվեն: Սուրբ Եփրեմն ասում է. «Առավել ի՞նչ գործեց նրանց հանդեպ, որովհետև բնական օրենքն էլ ընդհանուրին տվեց»: Եվ ձմեռը, ձյունը, սառնամանիքը, գարնանային հողմերը, ինչպես որ սաղմոսում ասվեց, բոլորի համար հավասար տվեց, և Մովսեսի՝ հրեաներին ուղղված գրավոր օրենքը նաև Հեսուն գրեց սեղանի վրա՝ հեթանոսների համար, երբ անցան Հորդանանը: Նաև այսպես ասելով նրանց մեջ արթնացնում է Աստծու երախտիքների հանդեպ հատուցման [զգացումը]: Եվ չի ասում, թե այս չարեց, այլ՝ այսպես չվարվեց, ինչպես Եգիպտոսից հարվածներով հանելը, ծովում և անապատում գործած հրաշքները, աստվածային օրենքի տալը, սակայն այն միջոցը, որով հնարավոր էր փրկել ամբողջ մարդկությանը, տվեց բոլոր ազգերին, ինչպես, օրինակ, հռոմեացիներին Կոստանդիանոսի միջոցով, իսկ հայերին՝ Տրդատի հետ տեղի ունեցած հրաշքով, և այն ամենը, ինչ առաքյալների միջոցով տեղի ունեցավ ամբողջ աշխարհում: Եվ մենք՝ քրիստոնյաներս, պետք է ասենք, որ Տերը բոլոր ազգերին այդպես չարեց, որովհետև իրեն մեզ տվեց և մեր մեջ է, և մեզ համար մինչև մահվան խաչը կրեց, և ամենաահավորը՝ իր մարմինն ու արյունը տվեց, որդեգրության շնորհը, սխալվելուց հետո ապաշխարության [հնարավորությունը], և նմանատիպ այլ բաներ, որոնք հեշտ չէ թվարկել: Եվ իր դատաստանները ևս հայտնեց մեզ՝ ասելով. «Երբ մարդու Որդին գա իր փառքով... այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրա, ու նրա առաջ պիտի հավաքվեն բոլոր ազգերը» (Մատթ. 25:31-32): Հետևաբար, պետք է զգուշանալ ահով՝ հիշելով պարտապանի հազար քանքարները, որովհետև «Ում շատ է վստահված, նրանից ավելի կպահանջեն (Ղուկ. 12:48):
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը