12 Հոկտեմբեր, Շբ
Մի իշխան կար, խիստ չար ու անիրավ: Նույն քաղաքում ապրում էր մի այրի կին, ու իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանը երկար կյանք ունենա:
Գնացին ասացին իշխանին, որ քո չարության համար աղոթում է այրին: Եվ իշխանը եկավ ու ասաց նրան.
- Ես քեզ բարիք չեմ արել, ո՜վ կին, դու ինչու՞ ես աղոթում ինձ համար:
Այրի կինն ասաց.
- Քո հայրը վատ մարդ էր, ես անիծեցի, և նա մեռավ: Հիմա դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ ու չար եղար: Եվ այժմ վախենում եմ, որ դու մեռնես ու քո որդին քեզնից ավելի չար լինի:
Առակի մեկնությունը. Առակը սովորեցնում է մեզ՝ ոչ թե անիծենք իշխանավորներին, այլ աղոթք անենք նրանց համար, ինչպես որ Պողոս առաքյալն է հորդորում քրիստոնյաներին.«Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և բոլոր իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ և հանդարտությամբ վարենք մեր կյանքը՝ կատարյալ աստվածպաշտությամբ և սրբությամբ. ա՛յդ է բարին և ընդունելին մեր Փրկչի՝ Աստծո առաջ»: