Սաղմոս ՁԴ

Այսուհետև՝ սաղմոս Կորխի որդիներին:

Մեր բնության դարձի և գերությունից վերադառնալուց հետո գոհություն ենք հայտնում հրաշագործ Աստծուն՝ ասելով.

1. Հաճեցար, Տէր, ընդ երկիր քո, և դարձուցեր զգերութիւն Յակովբայ:

Տե՛ր, հաճեցիր քո երկիրը ու ետ դարձրիր Հակոբին գերությունից:

Հաճեցիր վեց հազար տարի հետո՝ ըստ ասորիների և հույների, մեր բնությանը, կամ ըստ յոթանասուն թարգմանիչների` հինգ հազար հարյուր իննսունութ տարի, և ըստ հրեաների՝ յոթանասուն տարի հետո: Ու ետ դարձրիր գերությունից՝ Քրիստոսի շնորհիվ, այդ մասին իմացանք, երբ հարություն առավ մեռելներից, և հոգիներն ազատագրեց դժոխքից:

2. Թողեր զանիրաւութիւն ժողովրդեան քոյ, ծոծկեցեր զամենայն մեղս նոցա:

Ներեցիր ժողովրդիդ անիրավությունը, ջնջեցիր նրանց բոլոր մեղքերը:

Անդամալույծին ասելով՝ «քեզ ներված են քո մեղքերը» (Մատթ. 9:5), ով Ադամի խորհրդանիշն էր, իսկ պոռնիկը՝ կանացի բնության խորհրդանիշ: Ջնջեցիր նրանց բոլոր մեղքերը՝ մկրտությամբ և զոհաբերությունները դադարեցնելով, քանզի այնտեղ, երբ տեսնում էին հանցավորի կատարած զոհաբերությունը, հայտնի էր դառնում [մեղքը]:

3. Լռեցուցեր զամենայն սրտմտութիւնս քո, դարձար ի բարկութենէ սրտմտութեան քո:

Զսպեցիր ողջ սրտմտությունդ, ետ դարձար քո սաստիկ բարկությունից:

Որ մեղքերի բազմության պատճառով առաջացավ, որոնք անթիվ են:

4. Դա՛րձ առ մեզ, Աստուած փրկիչ մեր, դարձո՛ զսրտմտութիւնս քո ի մէնջ:

Դեպի մե՛զ դարձիր, Աստվա՛ծ, փրկի՛չ մեր, ու ե՛տ պահիր սրտմտությունդ մեզնից:

Քանզի դեռևս չես եկել [մեզ մոտ], որ հեռացար Ադամից՝ Հիսուս մեր, և ե՛տ պահիր սրտմտությունդ, որ պտղի [ճաշակման] և անպատշաճ պատասխանի պատճառով եղավ:

5. Մի՛ յաւիտեան բարկանար մեզ, Տէր, և մի՛ ձգեր զբարկութիւն քո ազգէ մինչև յազգ:

Մեզ վրա հավիտյան մի՛ բարկացիր, Տե՛ր, և բարկությունդ սերնդից սերունդ թող չձգվի:

Արդ, դու հավիտենական ես, իսկ մենք ժամանակի մեջ ենք մեղանչում, և թող չձգվի բարկությունդ՝ հրեաների օրենքից մինչև նորը, քանզի օրենքը [բարկություն էր առաջ բերում], այսինքն՝ երբ չէին պահում այն, դատավորները բարկությամբ էին գործում:

6. Աստուած, դու դարձեալ կեցուսցես զմեզ, ժողովուրդ քո ուրախ եղիցի ի քեզ:

Աստվա՛ծ, դու դարձյալ մեզ պիտի փրկես, և ժողովուրդդ պիտի ուրախանա քեզնով:

Մեղքի մահվանից, ինչպես առաջինին, որ ոչնչից ստեղծեցիր: Ժողովուրդդ պիտի ուրախանա քեզնով, որ [այժմ] սգի մեջ է մեղքերի պատճառով:

7. Ցոյց մեզ, Տէր, զողորմութիւնս քո, և զփրկութիւնս քո տո՛ւր մեզ:

Ցո՛ւյց տուր մեզ քո ողորմությունը, Տե՛ր, և քո փրկությունը շնորհի՛ր մեզ:

Մեր բնությամբ տեսնելու մեր Հիսուսին:

8. Լուաք զի՞նչ խօսի Տէր Աստուած մեր. խօսեսցի զխաղաղութիւն ժողովրդեան իւրոյ առ սուրբս իւր՝ և առ այնոսիկ, որ դարձեալ են առ նա սրտիւք:

Լսեցինք, թե ինչ է խոսում Տեր Աստվածը մեր. խաղաղության մասին պիտի խոսի իր ժողովրդի, իր սրբերի և սրտով դեպի իրեն դարձողների հետ:

Հոգուց լսեցինք առաքյալների գալստյան ավետիսը, և որ հարությունից հետո աշակերտներին հայտնվելով՝ ասաց. «խաղաղություն ձեզ» (Ղուկ. 24:37): Իր սրբերի՝ առաքյալների, և սրտով դեպի իրենց դարձողների հետ, թե հրեաների և թե հեթանոսների հետ, և դա մշտապես Աստծու գործն է:

9. Սակայն մերձ է առ երկիւղածս իւր փրկութիւն նորա. բնակել փառաց նորա յերկրի մերում:

Արդարև, մոտ է նրա փրկությունն իր երկյուղն ունեցողների համար, որպեսզի մեր երկրում նրա փառքը հաստատվի:

Նրա փրկությունը Հիսուսն է, որ Սիմեոնն իր գիրկն առնելով ասաց, ինչպես նաև Աննա մարգարեուհին (տե՛ս Ղուկ. 2:25-38), քանզի ուր պիտի հանգչեմ, եթե ոչ նրանց մոտ, ովքեր երկնչում են իմ խոսքերից: Նրա փառքը հաստատվի. նրա, ով քերովբեների վրա բազմած երկինք բարձրացավ, և Ձիթենյաց լեռից գնացին դեպի Բաբելոն: Նրա փառքը հաստատվի՝ [սուրբ] խաչը, և սուրբ մարդիկ, ովքեր Աստծու պատկերն ու փառքն են:

10. Ողորմութիւն և ճշմարտութիւն պատահեսցին, արդարութիւն և խաղաղութիւն համբուրեսցին:

Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն:

Ողորմությունն ու ճշմարիտ հավատը թող մարդկանցից պակաս չլինեն: Դարձյալ՝ ողորմությունը Հիսուսն է, ճշմարտությունը՝ Սուրբ Հոգին, արդարությունը՝ մարդկայնությամբ, և խաղաղությունը՝ աստվածայինով միավորվում են և համբուրվում, արդարությունը՝ առաքյալներից և խաղաղությունը՝ Տիրոջից, որ ասաց. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (Հովհ. 14:27): Հովհաննեսը համբուրեց Տիրոջը, ինչը արդարությունն է և խաղաղությունը, և կույս Մարիամը չդադարեց համբուրելուց, նաև պոռնիկը, հրաժարվելով իր պոռնկությունից՝ արդարությամբ համբուրեց [նրա] ոտքերը:

11. Ճշմարտութիւն յերկրէ բուսաւ, արդարութիւն յերկնից երևեցաւ:

Ճշմարտությունը երկրից բուսավ, արդարությունը երկնքից երևաց:

Մարգարեների ճշմարիտ խոստումը: Արդարությունը Հիսուսն է, որ ասաց Հովհաննեսին. «այդպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն» (Մատթ. 3:15), որովհետև երկրում արդարության պակաս կար: Նաև Տերն իրեն կոչեց ճշմարտություն, որ ծնվեց Հեսսեի արմատից Կույսի միջոցով: Արդարությունը նաև Սուրբ Հոգին է, որ գալով արդարացրեց առաքյալներին՝ ըստ Հոր ձայնի (պայծառակերպության ժամանակ):

12. Տէր տացէ զքաղցրութիւն, և երկիր մեր տացէ զպտուղ իւր. արդարութիւն առաջի նորա գնասցէ, դիցէ ի ճանապարհի զգնացս իւր:

Տերը բարություն պիտի գործի, իսկ մեր երկիրն իր պտուղը պիտի տա: Արդարությունը նրա առջևից պիտի գնա, ճանապարհ տալով նրա ընթացքին:

Տերը ցող է տալիս, իսկ երկիրը՝ ցորեն, գարի և գինի: Տերը քաղցրություն է տալիս, ավազանով՝ մեղքերի թողություն, և մեր բանական երկիրն այնուհետև պտուղ է տալիս՝ բարի գործեր, քանզի տնկակից եղանք Քրիստոսին, իսկ այն ծառը, որ բարի պտուղ չի տալիս, կտրում են և կրակը գցում: Տերը տալիս է հարության ձայնը, իսկ երկիրը՝ իր մեջ թաղվածներին: Արդարությունը նրա առջևից պիտի գնա, որպեսզի արդար դատաստանին ընդառաջ դուրս գա: Ճանապարհ տալով նրա ընթացքին՝ կյանքի համար և տանջանքների, որն էլ դատաստանն է: Տերը քաղցր ձայնով կանչում է. «Եկե՛ք, իմ Հոր օրհնեալնե՛ր» (Մատթ. 25:34), իսկ մեր երկիրը՝ հոգին ու մարմինը, ցույց են տալիս Քրիստոսով իրենց պտուղները և աղքատներին: Արդարությունը նրա առջևից պիտի գնա՝ Տիրոջ առջևից, ինչը տեսանելի է, ճանապարհ տալով նրա ընթացքին, նեղ ճանապարհով գնացին, թե ընդարձակ, ըստ արժանիքի օթևան են ստանալու, նույնպես հայտնի է դառնալու նաև ձախակողմյանը:

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

25.02.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․