25 Նոյեմբեր, Բշ
«Սիրելով Աստծուն, ընդունելով Նրա մեծագույն Զոհաբերությունն ու բարիքները, ինչպես նաև գիտակցաբար ստիպելով ինքն իրեն ընդօրինակել սրբերին՝ մարդն արագորեն սրբագործվում է՝ դառնում է խոնարհ, զգում է իր կյանքի անվայելուչ լինելն ու իր անշնորհակալ վերաբերմունքն Աստծո նկատմամբ»
- Հա՛յր, որտեղի՞ց է սկսվում տրտունջն ու ինչպե՞ս կարելի է խուսափել դրանից:
- Տրտունջի պատճառը սեփական դժբախտության զգացումն է, իսկ դրանից կարելի է ազատվել Աստծուն փառաբանելու շնորհիվ: Տրտունջը տրտունջ է ծնում, իսկ փառաբանությունը՝ փառաբանություն: Եթե մարդը, դժվարությունների հանդիպելով, չի տրտնջում, այլ՝ փառաբանում է Աստծուն, ապա սատանան պայթում է (չարությունից) և գնում է մեկ ուրիշի մոտ, ով տրտնջում է, որպեսզի նրան էլ ավելի տհաճություններ պատճառի: Չէ՞ որ որքան շատ է մարդը տրտնջում, այնքան շատ է իրեն կործանում: Չարը երբեմն դարանակալում է մեզ և սովորեցնում է ոչնչից գոհ չլինել, այն պարագայում, երբ մեզ հետ պատահող ամեն բան կարելի է հոգևոր ուրախությամբ և փառաբանությամբ ընդունել, և Աստծո օրհնությունը ստանալ: Սուրբ Լեռից մի վանական գիտեմ: Եթե անձրև սկսի ու դու նրան ասես. «Նորից անձրև եկավ», ապա նա կսկսի. «Հա՜, գալիս է ու գալիս: Շուտով կփտենք այս խոնավությունից»: Եթե անձրևը շուտով դադարի ու դու նրան ասես. «Անձրևը կտրվեց», ապա նա կպատասխանի. «Մի՞թե սա անձրև էր: Նման անձրևներից ամեն ինչ կչորանա...»: Չես կարող ասել, թե այս մարդու գլխում ինչ-որ բան այն չէ: Ո՛չ: Ուղղակի նա սովոր է փնթփնթան լինել: Մարդը սթափ միտք ունի, սակայն անմիտի պես է մտածում:
Տրտունջի մեջ անեծք կա: Այսինքն, տրտնջացող մարդը նույնն է, թե անիծում է ինքն իրեն, իսկ հետո Աստծո ցասումն է գալիս նրա վրա: Էպիրում երկու հողագործի էի ճանաչում: Մեկն ընտանիք ուներ, երկու ոչ մեծ հողակտոր, և ամեն բան Աստծուն էր վստահում: Աշխատում էր որքան կարող էր՝ չտանջելով իրեն հոգեկան անհանգստությամբ: «Ինչ կհասցնեմ, կհասցնեմ»,- ասում էր նա: Երբեմն նա չէր հասցնում խոտը հավաքել ու այն փտում էր անձրևի տակ, երբեմն քամին ցաքուցրիվ էր անում դեզերը, սակայն նա ասում էր. «Փա՜ռք Քեզ, Տեր», և նրա մոտ ամեն բան լավ էր: Մյուսը շատ հող, կով և այլն ուներ: Երեխա չուներ: Եթե հարցնեիր այդ մարդուն. «Ինչպե՞ս են գործերդ»,- ապա նա պատասխանում էր. «Է՜հ, ի՞նչ գործեր, ավելի լավ է չհարցնես»: Նա երբեք չէր ասում. «Փա՜ռք Աստծո», այլ միշտ տրտնջում էր ու փնթփնթում: Եվ դուք միայն տեսնեիք. մեկ նրա կովն էր սատկում, մեկ՝ մի այլ տհաճ դեպք էր պատահում, հետո էլի ինչ-որ բան... Այդ մարդն ամեն ինչ ուներ, սակայն չէր բարգավաճում:
Այդ պատճառով էլ ասում եմ, որ փառաբանությունը (գոհունակությունը) մեծ բան է: Աստված մեզ օրհնություններ է տալիս, սակայն կճաշակենք դրանք, թե ոչ՝ կախված է մեզանից: Սակայն ինչպե՞ս կճաշակենք, եթե օրինակ՝ Աստված մեզ բանան է տալիս, իսկ մենք սկսում ենք մտածել ավելի համեղ ուտելիքի մասին, որն ասենք մի ինչ-որ միլիոնատեր է ուտում: Գիտե՞ք, թե որքան մարդիկ մի չոր հացի կտոր ուտելով՝ օր ու գիշեր փառաբանում են Աստծուն և սնվում են երկնային քաղցրությամբ: Այդ մարդիկ հոգևոր նրբազգացություն են ձեռք բերում և հասկանում են, երբ Աստծո Աջն սկսում է իրենց շոյել: Իսկ մենք դա չենք հասկանում, որովհետև մեր սիրտը ճարպակալել է և մեզ ոչինչ չի բավարարում: Մենք չենք հասկանում, որ երջանկությունը հավերժության հետ կապ ունի, այլ ոչ թե՝ ունայնության:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի