23 Նոյեմբեր, Շբ
Դավթի շաբաթօրյա օրհնության սաղմոսը:
Պակասել է շաբաթատոնը հրեա ժողովրդի մեջ, սա արդարների հանգստի համար է ասվում, քանզի հրեաներին մեկ օր ասաց դադար առնել, իսկ մեզ՝ ամեն օր, որպեսզի մինչև Աստծու արքայությունը անմեղ լինենք և դադարենք չարիք գործելուց, ուստի և շաբաթը դադար է կոչվում: Ասում են, թե Դավիթը գիշերվա չորրորդ ժամին գնաց քահանաների տուն, արթնացրեց նրանց և միասին սկսեցին երգել:
1. Բարի է խոստովան լինել Տեառն, սաղմոս ասել անուան քում Բարձրեալ:
Բարի է գոհաբանել Տիրոջը, սաղմոս երգել քո անվանը, ով Բարձրյալ:
Քնելու փոխարեն խոստովանել, թե քո արարածներն ենք, սաղմոս երգել, երգով հիշել քո անունը՝ Աստված գթած, ողորմած, երկայնամիտ և քաղցր:
2. Պատմել առաւօտու զողորմութիւնս քո, և զճշմարտութիւնս քո ի գիշերի:
Առավոտյան պատմել քո ողորմությունը, և գիշերը՝ քո ճշմարտությունը:
Առավոտյան, որովհետև արեգակը ծագեցնում ես թե՛ չարերի և թե՛ բարիների վրա: Եվ գիշերը՝ քո ճշմարտությունը, քանզի մարմնի Արարիչն ես և գիտես, ու ճշմարտապես գիտես, որ քնելու և հանգստանալու կարիք ունենք: Նորից՝ Տիրոջ գալստյան առավոտն է, որ ողորմությամբ կենդանացնելու է մեղավորներին, իսկ գիշերը՝ քո ճշմարտությունը, քանզի օրենքի ստուգությամբ էր սպանում: Նորից՝ առաջին գալուստը առավոտ է, իսկ վերջինը՝ գիշեր և խավար է մեղավորների համար: Նորից՝ այստեղ ողորմություն, իսկ այնտեղ՝ ճշմարտություն:
3. Տասնաղեաւ սաղմոսարանաւ, ի ձայն օրհնութեան գովել:
Տասնալար սաղմոսարանով, օրհնության ձայնով գովաբանել:
Ըստ աշխարհի կողմերի թվի կազմեց օրհնության ձևը, և ըստ հոգու և մարմնի զգայությունների թվի, որպեսզի ձեռքն իր տասը մատներով և բերանն իր տասը զգայություններով օրհնաբանի Աստծուն: Նաև հոգին երկու ներգործություն ունի՝ միտք և խոսք, և յուրաքանչյուրն էլ իր հերթին հնգական ներգործություն ունեն, որոնք օրհնության ձայնով գովաբանում են Աստծուն: Ուստի հեթանոսների քնարը լռել էր, մինչև եկավ Քրիստոսը և Հոգու ձայնով բոլոր ազգերին անխտիր կանչեց: Մարդու անձը նաև այլ ներգործություններ ունի. հինգ իմացական՝ միտք, տրամաբանություն, կարծիք, զգայություն և երևակայություն, և հինգ կենսական՝ կամք, ընդրություն, հոժարություն, ցանկություն, բարկություն, մի մասը բանական են, մի մասն էլ՝ անբան: Բանական են՝ միտքը, տրամաբանությունը, կարծիքը, կամքը, ընտրողությունը, իսկ անբան՝ հոժարությունը, զգայությունը, երևակայությունը, ցանկությունը և բարկությունը, որոնք զարդարում են հոգուն: Տեսականով բանականն է զարդարվում, իսկ գործնականով՝ անբանը, որով ըստ արժանվույնս մշտապես Աստծուն ենք օրհնաբանում: Ուստի և կատարյալ իմաստասիրությունը երկու մասին է բաժանվում՝ տեսական և գործնական:
4. Ուրախ արարեր զիս, Տէր, յարարածս քո, և ի գործս ձեռաց քոց ցնծացայց:
Ուրախացրիր ինձ, Տե՛ր, քո արարումներով, և պիտի ցնծամ ձեռքիդ գործով:
Ուրախացրիր ինձ, երբ հեթանոսներն իմացան, որ նրանց, ում պաշտում են, արարածներ են, այլ ոչ թե աստվածներ: Նաև մարմինն է ուրախանում, որպես Աստծու արարած, ստանալով իրեն անհրաժեշտ բաները և ցնծում է հոգին, իմանալով, որ Աստծու ձեռքի գործն է: Դարձյալ՝ ցնծում է հոգին իմաստությամբ՝ քննելով արարածներին, և Տիրոջ տնօրինությամբ առավել է հրճվում:
5. Ո՜րպէս զի մեծ են գործք քո, Տէր, և յոյժ խոր են խորհուրդք քո:
Որքա՜ն մեծ են քո գործերը, Տե՛ր, և չափազանց խորն են խորհուրդները քո:
Նույնիսկ գոյությունները՝ նախքան մեր վերահասու լինելը, ու նաև մարդը, որ պատկերն է մեծն Աստծու, և որ բոլորից մեծագույնն է՝ որպես Քրիստոսի տնօրինության խորագույն գործ: Եվ չափազանց խորն են խորհուրդները քո՝ խառնված մեր անքննելի բնության հետ, հատկապես՝ երբ Աստված խառնվեց:
6. Այր անզգամ զայս ո՛չ ծանիցէ. և անմիտն զայս ո՛չ առնու ի միտ:
Անզգամ մարդը չի ըմբռնի, և անմիտը չի հասկանա այս:
Շնչավոր մարդը երբեք չի կարող իմանալ սա:
7. Ի բուսանել մեղաւորաց որպէս խոտ. ի ծաղկել այնոցիկ, ոյք գործեն զանօրէնութիւն:
Մեղավորները՝ բուսնելով ինչպես խոտ, և անօրինություն գործողները՝ ծաղկելով:
Մարդու օրերը խոտի պես են, և անմիտների հույսը այստեղ է՝ ծաղկել թագավորությամբ և իշխանությամբ:
8. Սատակեսցին յաւիտեանս յաւիտենից. և դու բարձրեալ ես յաւիտեանս, Տէր:
Կկործանվեն հավիտյանս հավիտենից: Բայց դու, Տե՛ր, Բարձրյալ ես հավիտյան:
Փոքր-ինչ կծաղկեն, սակայն հավիտյան կկործանվեն: Բայց դու Բարձրյալ ես հավիտյան՝ բարձր մնալով հանդիմանություններից:
9. Զի ահա թշնամիք քո, Տէր, զի ահա թշնամիք քո կորիցեն, ցրուեսցին ամենեքեան, ոյք գործեն զանօրէնութիւն:
Ահա քո թշնամիները, Տե՛ր, ահա քո թշնամիները կկորչեն, կցրվեն բոլոր նրանք, ովքեր անօրինություն են գործում:
Կրկնում է թշնամի բառը, քանզի անհավատ լինելով և չար գործերով թշնամի դարձան բարուն: Սա պատահեց սատանայի և հրեաների հետ:
10. Բարձր եղիցի որպէս միեղջերոյ եղջիւր իմ, և ծերութիւն իմ ի ձէթ պարարտութեան:
Միեղջերուի պես բարձր կլինի եղջյուրն իմ, իսկ ծերությունն իմ՝ պարարտ ձեթով:
Միեղջերուի պես հեթանոսների աստվածպաշտությունը, այսինքն՝ [հեթանոսությունից դեպի միաստվածության պաշտամունքը]: Իսկ ծերությունն իմ՝ պարարտ ձեթով. որովհետև Աստված մանուկ դարձավ և ծերացրեց մեր բնությանը իմաստուն գործերով, լուսավոր կյանքով և ողորմածությամբ, տղա և որդի կոչեց բնությունը: Նաև միեղջերուին է հիշեցնում, որը կույի միջոցով է բռնվում, որպես Տիրոջ օրինակ, որ օրենքի ծերությունն ու ցամաքությունը Ավետարանի պարարտությամբ փոխարինեց:
11. Ետես ակն իմ ի թշնամիս իմ, ոյք յարուցեալ են ի վերայ իմ չարութեամբ, ի նոսա լուիցէ ունկն իմ:
Աչքս դիպավ թշնամիներիս, որոնք չարությամբ հարձակվել են վրաս: Ականջս կլսի նրանց:
Աչքս դիպավ թշնամիներիս, թե ինչ էին մտածել նրանք իմ մասին: Սիմաքոսի, Ակյուղասի, Թեոդիտոնի մոտ և եբրայականում այսպես է թարգմանված. կտեսնի աչքն իմ: Ականջս կլսի գալիք [կյանքում], իսկ յոթանասունից թարգմանության մեջ գալիքն իբրև ներկա է դրված, քանզի սովորություն է գրքերում գալիք բաներն իբրև եղած ցույց տալ, ինչպես որ Տերն ասաց ավազակին. «Այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23:43), իսկ Ղազարոսի մասին. «Տարան Աբրահամի գոգը» (Ղուկ. 16:22):
12. Արդարքն որպէս զարմաւենիս ծաղկեսցին, որպէս մայրքն Լիբանանու բազումք եղիցին:
Արդարներն արմավենու պես կծաղկեն, Լիբանանի մայրիների պես կբազմանան:
Արդարները՝ Քրիստոսի շնորհների գալստյամբ, արմավենին իր պտուղները բարձր է տալիս, և արդարներն էլ իրենց առաքինությունները երկինք են հասցնում: Մայրին չի խոնարհվում, արդարները նույնպես [չեն խոնարհվում] աշխարհի մեղքերի առջև: Նորից՝ արմավենին ուշ է պտուղ տալիս, և մայրին հետագայում է պնդանում, իսկ արդարների փառքն էլ՝ աշխարհի վերջում է լինելու՝ անմահությամբ պնդանալով, որոնք աճելով ավազանում՝ բազմացան և ծաղկեցին Հոգու զանազան շնորհներով:
13. Տնկեալք եղիցին ի տան Տեառն, և ի գաւիթս Աստուծոյ մերոյ ծաղկեսցին:
Դրանք կտնկվեն Տիրոջ տանը ու կծաղկեն մեր Աստծու գավիթներում:
Կտնկվեն վերին Երուսաղեմում, և մեր Աստծու գավիթներում, այսինքն՝ առաքինությամբ կծաղկեն այստեղի եկեղեցիներում:
14. Եւս և բազումք եղիցին ի ծերութիւն պարարտութեան, գիրգք և փափուկք եղիցին ի պատմել. ուղիղ է Տէր Աստուած մեր, և ոչ գոյ ի նմա անիրաւութիւն:
Դրանք պտուղներ կլինեն նաև ծերության ժամանակ, գիրգ ու փափուկ կլինեն, որպեսզի ավետեն, թե արդար է մեր Տեր Աստվածը, և նրա մեջ անիրավություն չկա:
Ծերության ժամանակ, երբ հեթանոսության լրումը մոտենա, ամբողջ Իսրայելը կապրի: Գիրգ և փափուկ կլինեն նրանք, ովքեր վաստակեցին այստեղ նեղ ճանապարհի միջոցով ավետելով՝ արդար է մեր Տեր Աստվածը, և աչառություն ու անիրավություն չկա նրա դատաստանում, և նա է Հիսուս Քրիստոսը, մեր Տեր Աստվածը, արդար Դատավորը, որ ասաց. «Իմ դատաստանը արդար է» (Հովհ. 5:30):
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը