22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Երեխան շատ սիրո ու քնքշանքի, ինչպես նաև շատ ուղղորդման կարիք ունի: Նա ուզում է, որ կողքին նստես, ուզում է պատմել քեզ իր խնդիրների մասին, ուզում է, որ իրեն քնքշությամբ շոյես ու համբուրես: Երբ երեխան իրեն անհանգիստ ու կամակոր է պահում, ապա մայրը պետք է նրան իր գիրկն առնի, շոյի ու համբուրի, որպեսզի երեխան հանգստանա և խաղաղվի: Եթե մանուկ հասակում մարդը հագենա սիրուց ու քնքշանքից, ապա հետագայում նա ուժ կունենա հաղթահարելու այն խնդիրները, որոնց կհանդիպի իր կյանքում:
Սակայն այժմ, երեխաների մեծ մասն իրենց ծնողներին շատ կարճ ժամանակով են տեսնում, միայն երեկոյան և չեն հագենում սիրուց: Մանկավարժներ և բժիշկներ լինելով՝ շատ ծնողներ գործ են ունենում երեխաների հետ՝ իրենց աշխատավայրերում: Նրանք իրենց քնքշությունն օտար երեխաներին են տալիս և տուն վերադառնալով արդեն սպառած են լինում ողջ քնքշանքն ու իրենց երեխաների համար այլևս ոչինչ չի մնում: Նրանք տուն են գալիս հոգնած: Մարտկոցն արդեն նստած է լինում: Հայրն ընկնում է բազկաթոռի մեջ, ձեռքն է առնում թերթը, որպեսզի վերջին նորությունների մասին կարդա և ամենևին չի զբաղվում երեխաներով: Փոքրիկն անընդհատ նրա շուրջն է պտտվում, որպեսզի հայրը խոսի իր հետ, շոյի իրեն, իսկ հայրը հեռու է վանում երեխային: Մայրն իր հերթին շտապում է խոհանոց, որպեսզի ընթրիք պատրաստի, և նա նույնպես ժամանակ չի ունենում երեխաներով զբաղվելու: Այդ պատճառով էլ դժբախտ երեխաներն առանց սիրո են մեծանում: Ահա մեկ այլ օրինակ ևս՝ որոշ զինվորականներ, սովոր լինելով խստորեն պատժել զինվորներին, որոնք իրենց չեն ենթարկվում, իրենց ընտանիքին էլ են ցանկանում ստիպել՝ ապրելու բանակային կարգապահության կանոնադրությամբ: Նրանք դաժան են լինում իրենց երեխաների հանդեպ և ամեն մի մանրուքի համար վզակոթին են տալիս: Իսկ որոշ ծնողներ, որ դատական կամ օրինապահ մարմիններում են աշխատում, տանը մի ամբողջ «դատական գործ» են սկսում իրենց սեփական երեխաների դեմ, որոնք ինչ-որ չարաճճիություն են արել: Բոլոր այս ծնողներն իրենց երեխաներին սիրով ու քնքշությամբ չեն վերաբերվում, այդ պատճառով էլ հետագայում երեխաների մոտ հոգեկան խանգարումներ են ի հայտ գալիս:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի