Դավթի չորեքշաբթի օրվա սաղմոսը, երբ լուսատուները եղան Աստծու մեծության վկաները, և երբ Եվայի վրա, ասում են, հարձակվեց օձի կերպարանքով դևը: Նաև հրեա չար իշխանների անօրինությունների մասին է ասում մարգարեն, որ անբիծների արյունն էին հեղում, որոնք որպես արեգակ, լուսին և աստղեր պետք է կանգնեին ըստ իրենց իշխանների կարգի և լույս տային նրանց, ում իշխում էին: Նաև եկեղեցու հալածանքների մասին է ասում: Նորից՝ կատարվեց սաղմոսի ներգործությունը մակաբայեցիների ժամանակ:
1. Աստուած վրէժխնդիր, Տէր Աստուած՝ վրէժխնդիր յայտնեցար:
Աստված՝ վրեժխնդի՛ր Տեր, Աստվա՛ծ վրեժխնդիր, դու հայտնվեցիր:
Ցասմամբ լի խոսքերով կրկնում է՝ վրեժխնդի՛ր Տեր, որ հայտնվեց լուծելու վրեժն Անտիոքից և դևերից, նաև իրեն սպանող հրեաներից:
2. Բարձր լեր, որ դատիս զերկիր. հատո՛ զհատուցումն ամբարտաւանից:
Բարձր եղիր, որ երկիրը դատես, հատուցո՛ւմ տուր ամբարտավաններին:
Բարձր եղիր, ասում է, և հայտնապես ցույց տուր քո դատաստանը, ելի՛ր խաչի վրա և բոլորին դեպի քեզ բեր: Հատուցո՛ւմ տուր ամբարտավաններին, որպեսզի հպարտ իշխանը դուրս նետվի:
3. Մինչև յե՞րբ մեղաւորք, Տէր, մինչև յե՞րբ մեղաւորք պարծեսցին:
Մինչև ե՞րբ մեղավորները, Տեր, մինչև ե՞րբ մեղավորները պիտի պարծենան:
Եվայից սկսած խաբելով մինչև անգամ քեզ, որ եկար:
4. Բարբառեալ խօսէին զանիրաւութիւն, խօսեսցին ամենեքեան, որ գործին զանօրէնութիւն:
Հոխորտալով անիրավություն բարբառեն, բարբառեն բոլոր նրանք, ովքեր անօրինություն են գործում:
Անիրավություն էին խոսում՝ մեր կորստյան պատճառը համարելով Աստծուն և բնությունը: Բարբառեն բոլոր նրանք. եթե ուրիշները համարձակվեին, նույնպես կբարբառեին:
5. Զժողովուրդս քո, Տէր, խոնարհ արարին, և զժառանգութիւն քո չարչարեցին:
6. Զայրին և զպանդուխտն սպանին, զորբսն կոտորեցին, և ասացին. ո՛չ տեսանէ զայս Տէր, և ոչ ի միտ առնու Աստուած Յակովբայ:
Քո ժողովրդին, Տե՛ր, ճնշեցին, և քո ժառանգությունը չարչարեցին: Այրուն ու պանդխտին սպանեցին, որբերին կոտորեցին ու ասացին. «Տերը դա չի տեսնում, և Հակոբի Աստվածն ուշ չի դարձնում»:
Դևերը՝ բնությանը, և նրանց կողմից խաբված իշխանները՝ անօգնականներին և տկարներին, ու ասացին. «Տերը դա չի տեսնում», և դրանից առավել չար բան չկա, քան ասել՝ «Տերը դա չի տեսնում»:
7. Իմացարո՛ւք անզգամք ժողովրդոց և անմիտք, մինչև յե՞րբ ո՛չ առնուք ի միտ:
Ուշքի՛ եկեք, ժողովրդի անզգամնե՛ր ու անմիտնե՛ր, մինչև ե՞րբ պիտի չըմբռնեք:
Անզգամներ:
8. Որպէս զի թէ որ տնկեաց զունկն՝ ինքն ոչ լուիցէ, կամ որ ստեղծ զակն՝ ինքն ո՛չ տեսանիցէ:
Միթե ականջ ստեղծողն՝ ինքը չի՞ լսի, կամ աչք ստեղծողն՝ ինքը չի՞ տեսնի:
Սա է ձեր անունը՝ անզգամ ու անմիտ, քանզի նա, ով կավից տեսնող աչք ստեղծեց և լսող ականջ, միթե ինքը չի ունենա։
9. Ո խրատէ զազինս, որպէս թէ ո՞չ յանդիմանեսցէ, ո ուսուցանէ մարդոյ զգիտութիւն. Տէր ճանաչէ զխորհուրդս մարդկան՝ զի են ընդունայն։
Ազգերին խրատողն ու մարդուն գիտություն ուսուցանողը մի՞թե չի հանդիմանի։ Տերը գիտե մարդկանց խորհուրդները, որոնք ունայն են։
Ովքեր օրենքն ու մարգարեներ չունեն, բանականությամբ է խրատում ու դատում, մի՞թե ձեզ առանց հանդիմանության կթողնի։ Մարդուն գիտություն ուսուցանողը մարդուն խոսող ստեղծեց և շարեց արարածներին իր առջև ինչպես դպրոցում և ուսուցանում է նրանց։ Տերը գիտե մարդկանց խորհուրդները, որոնք ասում են, թե Տերը չի տեսնում մեր գործերը և կփրկվենք առանց տանջանքների։
10. Երանի՛ մարդոյ, զոր խրատես դու, Տէր, և յօրինաց քոց ուսուցանես դու նմա։
Երանի այն մարդուն, որին խրատում ես դու, Տե՛ր, և օրենքներդ նրան սովորեցնում։
Եթե այս կյանքում տանջես և քո օրենքները գործով ու տանջանքով ուսուցանես, ապա չեն լսի այս խոսքերը, թե՝ ինչո՞ւ եք խոտորվում պատվիրաններից (հմմտ. Բ Մնաց. 24։20)։
11. Ցածուցանես դու նմա զաւուրս չարութեան, մինչև փորեսցի խորխորատ մեղաւորի։
Դու նրան հանդարտեցնում ես չար օրերին, մինչև որ մեղավորի համար խորը փոս փորվի։
Դատաստանի օրվա տանջանքներն այստեղի տանջանքներով թեթևացնում ես, օրը երկարացնում ես, չար օրը՝ հանում, որը մեղավորների համար է։ Մինչև որ մեղավորի համար խորը փոս փորվի, որը դժոխքն է, և դա մեղավորները իրենք իրենց համար են փորում՝ մինչև ամեն ինչի վախճանը։ Չար օրը չար իշխաններն են, որոնց տկարացած համարեցին։
12. Ո՛չ մերժէ Տէր զժողովուրդ իւր, և զժառանգութիւն իւր ո՛չ առնէ անտես։
Տերը չի մերժի իր ժողովրդին, և իր ժառանգությունը չի անտեսի։
Մակաբայեցիներին, և նրանց, որոնց մեղավորները չարչարում են այլ՝ կների։
13. Մինչև դարձցին իրաւունք յարդարութիւն, ընկալցին զնա ամենեքեան, որ ուղիղ են սրտիւք։
Մինչև որ դատաստանն արդար դառնա, և բոլոր նրանք, որ սրտով ուղիղ են, ընդունեն այն։
Սիմաքոսը [այսպես է թարգմանում]. արդար դատաստանով ընթանան, քանզի այստեղ իրավունքը խեղվել է, և այնտեղ է արդարությունը, այստեղ Աստծու գթությունն է, իսկ այնտեղ սուրբ Քրիստոսն է՝ մեր արդարությունը, և արդարությամբ է դատելու։ Ընդունեն բոլոր նրանք. այստեղ առաքյալներն ընդունեցին և հավատացյալները, ինչպես Նաթանայելը, որի մեջ նենգություն չկար (Հովհ. 1։47), իսկ այնտեղ իրենք լինելու են որպես անդամներ գլխի, և նրա արդարությամբ երևալու են Հայր Աստծու առջև։
14. Ո՞ յարիցէ ընդ իս ի վերա չարաց, կամ ո՞ հաւասարեսցէ ինձ ի վերայ այնոցիկ, որ գործեն զանօրէնութիւն։
Ո՞վ ինձ հետ պիտի ելնի չարամիտների դեմ, կամ ո՞վ ինձ հետ պիտի միաբանի ընդդեմ նրանց, ովքեր անօրինություն են գործում։
Աստված է այսպես ասում, թե ոչ ոքի օգնության կարիքը չունեմ չարագործներին տանջանքների ենթարկելու համար, կամ ո՞վ կարող է ինձ հետ միաբանվել՝ տանջելու չարին, թեև նրանք իմ սրբերի վրա տանջանքների բազում միջոցներ կիրառեցին։
15. Թէ ոչ Տեառն օգնեալ էր ինձ, փոքր մի ևս բնակեալ էր անձն իմ ի դժոխս։
Եթե Տերն ինձ չաջակցեր, մի փոքր ևս՝ և հոգիս կբնակվեր դժոխքում։
Պսակի արժանացածներն են ասում, որ եթե Տերը մեզ չաջակցեր տրտմության հովտում, ապա սաստիկ վշտերի պատճառով դժոխք կգլորվեինք։
16. Եթէ ասեի, թէ ահա սասանեցան ոտք իմ, ողորմութիւն քո, Տէր, օգնէր ինձ։
Երբ ասում էի, թե՝ ահա ոտքերս սասանվեցին, քո ողորմությունը, Տե՛ր, օգնում էր ինձ։
Երբ ասում էի, թե՝ ահա կարող է սասանվեմ մարմնիս տկարության պատճառով, քո ողորմությունն ինձ [օգնության] էր հասնում։
17. Ըստ բազում ցաւոց սրտի իմոյ՝ մխիթարութիւն քո ուրախ առնէր զանձն իմ։
Սրտիս ցավերի բազմանալու ժամին քո մխիթարությունը հրճվեցնում էր իմ հոգին։
Երբ տկարանում էր հոգիս, Սուրբ Հոգին գիտեր ցավերիս չափը, և թիկունքից մխիթարություն էր ուղարկում և հիշում էի այն մխիթարիչ խոսքերը, որ ասաց. «Երանի սգավորներին» (Մատթ. 5։4), ու հրճվեցնում էր իմ հոգին։
18. Մի՛ հաւասարեսցէ քեզ աթոռ անօրէնութեան, ո՛ պատճառէ զվաստակս ընդդէմ հրամանի։
Թող չհավասարվի քեզ աթոռն անօրինության, որ վնաս է պատճառում օրենքին։
Ովքեր անօրինությամբ են դատում, չեն հավասարվում քեզ՝ ճշմարիտ դատողիդ։ Թո՛ղ չերկարաձգվեն և չհարատևեն քեզ հետ, քանզի դու հավիտյան ես, չար գահակալները թո՛ղ աստվածներ չկոչվեն, քանի որ վնաս են պատճառում և օրենքներդ դժվար են համարում, քանի որ ասացիր. «Արդարադատ եղե՛ք որբի հանդեպ, իրավունք տվեք այրուն» (Ես. 1։17), քանզի պատվիրում ես անկաշառ լինել ու անաչառ, սակայն քո պատվիրանին հակառակ են գործում։
19. Որսացան զանձն արդարոյ, և զարիւն անբիծ պարտաւոր առնէին։
Արդարի հոգին որսացին, և անմեղի արյունն էին դատապարտում։
Ինչպես Եվայի, Հովսեփի, Դանիելի, Հովհաննեսի և Տիրոջ։ Անմեղի արյունն էին դատապարտում՝ ասելով. մենք օրենք ունենք, և ըստ մեր այդ օրենքի պետք է մեռնել։
20. Եղև Տէր ապաւէն իմ, Աստուած օգնական յուսոյ իմոյ։
Տերը եղավ իմ ապավենը, իմ հույսի օգնական Աստվածը։
Այս խոսքերը սրբերն են ասում՝ Դանիելը, Հովսեփը, Հովհաննեսը, և մեր բնությունը։
21. Հատուսցէ նոցա Տէր ըստ անօրէնութեան նոցա, ըստ չարութեան նոցա կործանեսցէ զնոսա Տէր Աստուած մեր։
Տերը նրանց պիտի հատուցի իրենց անօրինության համեմատ, իրենց չարության համեմատ պիտի կործանի նրանց Տեր Աստվածը մեր։
Դևերին, հրեաներին և Հերովդեսին ըստ իրենց չարության, քանի որ մեծ է նրանց չարիքը, որովհետև տիրասպան են։
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը