23 Նոյեմբեր, Շբ
Դավթի կիրակնօրյա սաղմոսը: Թեև մյուս թարգմանիչները չեն ասում կիրակնօրյա, սակայն հայտնի է, որ Տիրոջ հարությունը կիրակի լուսաբացին է եղել: Նաև առաջին օրը նշանակում է արարչագործության օրը, երբ ջրերը միմյանցից դեռ բաժանված չէին:
1. Տեառն է երկիր լրիւ իւրով. աշխարհ՝ և ամենայն բնակիչք նորա:
Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ, աշխարհն իր բոլոր բնակիչներով:
Ոչ թե այնպես, ինչպես հրեաներն էին կարծում, թե միայն Պաղեստինն է, կամ հեթանոսները, թե երկիրը միայն սատանայինն է, այլ Տիրոջն է, ով ոչ միայն Արարիչ է, այլև՝ աշխարհի խնամակալը: Տիրոջն է վերևինն ու ներքևինը և բոլոր բնակիչները, որովհետև նա նախապես բնակության վայրը ստեղծեց, ապա նոր բնակիչներին:
2. Նա ինքն ի վերայ ծովու հիմունս արկ նմա. ի վերայ գետոց պատրաստեաց զնա:
Նրա հիմքերն անձամբ գցեց ծովի վրա, և գետերի վրա հաստատեց նրան:
Քանզի ջրալի էր երկիրն իբրև տան հատակ և երկինքը նրա վրա որպես ծածկ էր և նա էր հիմքը երկնքի: Եվ գետերի վրա. հետո, երբ ջրերը ցամաքեցին, երկիրը գետով ոռոգեց, որպեսզի պատրաստ լինի մարդկանց կարիքները հոգալու: Նորից, երկրի ներքին մասով են հոսում գետերը և ծովերն էլ են այնտեղ տեղադրված և հեշտությամբ են ջրերը դուրս գալիս: Կան մարդիկ, որ ասում են, թե կան վայրեր, որտեղ հողը ջրերի վրա է: Նորից՝ նրա հիմքերն անձամբ գցեց. երկինքը եկեղեցին է, իսկ հիմքը՝ մկրտությունը, որտեղ ծովանում են Սուրբ Հոգու շնորհները և այնտեղ է Տերը, որտեղ իր տնկակիցներն են և մկրտվողի որովայնից գետեր են բխում: Դարձյալ՝ գետերն առաքյալներն են, որոնց պատրաստեց, ինչպես որ ասաց Պետրոսին. «Դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին» (Մատթ. 16:18):
3. Ո՞վ ելցէ ի լեառն Տեառն. կամ ո՞վ կացցէ ի տեղւոջ սրբութեան նորա:
4. Որ սուրբ է ձեռօք և ամբիծ սրտիւ, որ ոչ եառ զնանրութիւն յանձն իւր՝ և ոչ երդուաւ նենգութեամբ ընկերի իւրում:
Ո՞վ կբարձրանա Տիրոջ լեռը, կամ ո՞վ կկանգնի նրա սրբավայրում.
Նա, ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի, ով հանձն չի առել ունայնություն ու նենգությամբ չի երդվել իր ընկերոջը:
Այսինքն՝ վերին Սիոնը, որ Տերը հաստատեց, այլ ոչ թե մարդը, ոչ թե անասունների համար, ինչպես սա էր, այլ հրեշտակների և հրեշտակացյալների համար: Տասնչորսերորդ սաղմոսում ասվում է, թե ով ցանկանում է այնտեղ ելնել, պետք է մաքրի իր թե՛ սիրտը և թե՛ ձեռքերը, հեռու պահի իրեն կենցաղային ունայնություններից և նենգորեն դաշինք չկնքի մարդու կամ Քրիստոսի հետ:
5. Սա առցէ զօգնութիւն ի Տեառնէ, զողորմութիւն յԱստուծոյ փրկչէ իւրմէ:
Նա է, որ օրհնություն կստանա Տիրոջից և ողորմություն իր փրկարար Աստծուց:
Տիրոջ օգնությամբ է մարդ սուրբ լինում և եթե ակամայից սխալվում է, ապա ողորմություն է գտնում:
6. Այս ազգ է՝ որ խնդրէ զՏէր. խնդրէ տեսանել զերեսս Աստուծոյ Յակոբայ:
Այս սերունդն է, որ փնտրում է Տիրոջը, որ ուզում է տեսնել երեսը Հակոբի Աստծո:
Այս սերնդի համար Տերն ասաց. «Այս սերունդը չպիտի անցնի» (Մատթ. 24:34): Որ փնտրում է Տիրոջը, որ ուզում է տեսնել երեսը Հակոբի Աստծո. քրիստոնյա սերունդն է, որ թողնելով կռապաշտությունը, ցանկացավ տեսնել Քրիստոսին, ով Հակոբի Աստվածն է, և որ նրանք եղան Հակոբի որդիները և կոչվեցին Քրիստոսի սերունդ:
7. Համբարձէ՛ք իշխանք զդրունս ձեր ի վեր. համբարձցին դրունք յաւիտենից, և մտցէ թագաւոր փառաց:
Վե՛ր քաշեցեք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, և փառքի արքան թող ներս մտնի:
Ինչպես որ Դավիթն ասաց այստեղ, այդ նույն բանը կատարվեց համբարձմանը, իմացան երկնքում և հրեշտակների ասածին ի պատասխան հարցրին, ու նաև պաշտամունք մատուցեցին նրա մարդեղության խորհրդին և նրա հետ բարձրացան երկինք: Վե՛ր քաշեցեք, իշխաննե՛ր. սա հրեշտակներին և հրեշտակապետերին չի վերաբերվում, քանզի Գաբրիելի հետ տեղյակ էին նաև երեք դասերը: Բայց զարմանալի չէ, թե չգիտեին, քանզի ինչ Աստված հայտնում է իրենց, այդ էլ կարողանում են իրենք հայտնել. երբեմն հրեշտակները հայտնում են մարդկանց և երբեմն էլ իրենք են մարդկանց միջոցով ուսանում: Ասում են, թե դուռը անգիտությունն է, և որ երբեք չէին տեսել, որ մարմինն այդ ճանապարհով կարող է անցնել: Եվ փառքի արքան նա է, ում փառքն իր սեփականն է և կարող է [իր փառքից] տալ նրան, ում ցանկանա:
8. Ո՞վ է սա թագաւոր փառաց. Տէր հզօր զօրութեամբ իւրով. Տէր հզօր ի պատերազմի:
Ո՞վ է այս փառքի արքան, - կարողությամբ հզոր Տերն է նա, պատերազմում զորեղ Տերը:
Այսինքն՝ հարցնում է, թե եթե երկրից է, չբացենք դուռը, իսկ եթե երկնքից է, ապա ի՞նչ է ուզում: Պատասխանում են, թե հզոր Տերն է, որ գնացել էր պատերազմելու: Դարձյալ՝ սա նա է, ով իջել էր և անփոփոխ է մնացել:
9. Համբարձէ՛ք իշխանք զդրունս ձեր ի վեր. համբարձցին դրունք յաւիտենից, և մտցէ թագաւոր փառաց:
10. Ո՞վ է սա թագաւոր փառաց. Տէր զօրութեանց՝ սա ինքն է թագաւոր փառաց:
Վե՛ր քաշեցեք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, և փառքի արքան թող ներս մտնի:
Ո՞վ է այս փառքի արքան, - զորությունների Տերը՝ նա ինքն է փառքի արքան:
Բայց ինչո՞ւ են կրկնակի հարցնում և պատասխանում. կամ առաջինները բացում են և երկրորդները՝ տերություններն ու զորությունները, որոնք իշխանություն են կոչվում, նույն բանն են ասում, որովհետև միջին քահանայապետություններ են: Եվ կամ նրանք, որ արդեն իմացան, վերիններին նույն բանն են ասում, սակայն վերին երեք դասերի վրա իշխանություն չունեն, այլ սրանք իրենք իրենց տարակուսում են՝ Եսայու պես ասելով. «Ո՞վ է սա, որ ելել գալիս է» (Ես. 63:1), մինչև որ ցույց է տալիս թագավորն իր ձեռքերն ու ոտքերը:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը