Սաղմոս ԺԲ

Ի կատարած Սաղմոս Դավթի, երբ մեղանչելուց հետո ապաշխարեց և ասաց այս Սաղմոսը

1. Մինչև յե՞րբ, Տէր, մոռանաս զիս իսպառ. մինչև յե՞րբ դարձուցանես զերեսս քո յինէն:

Մինչև ե՞րբ, Տեր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչև ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից:

Պաղատում է, որպեսզի հեթանոսները դարձի գան: Ոչ թե մեղադրելով է ասում, այլ խղճմտանքն է հայտնում, ինչն իրեն հանգիստ չի տալիս:

2. Մինչև  յե՞րբ դնեմ զխորհուրդս յանձն իմ. և  ցաւք սրտի իմոյ զաւուրս:

Մինչեւ ե՞րբ խռովք ունենամ իմ հոգում և ամենօրյա ցավ՝ իմ սրտում:

Մտածում է, թե Աստված արդյո՞ք հաշտվել է իր հետ և նորից ինքն իրեն դատողություններ է անեմ: Ամենօրյա ցավ՝ իմ սրտում. ամեն օր ասելով սահման չի դնում, սարսափելով, թե մեղքերի մեջ էլ կմեռնի:

3. Մինչև ցե՞րբ բարձրանայ թշնամին ի վերայ իմ. նայեա՛ և լո՛ւր ինձ, Տէր Աստուած իմ:

Մինչև ե՞րբ թշնամին պիտի բռնանա ինձ վրա: Նայի՛ր և լսի՛ր ինձ, Տե՛ր իմ Աստուած:

Քանզի երբ մենք խոնարհվում ենք մեղքերի առաջ, ապա թշնամին բարձրանում է մեզ վրա: Դարձյալ, առաջին արդարները սգում էին իրենց անձերի վրա Դրախտից վտարվելու պատճառով: Ենովքը՝ երեք հարյուր վաթսունհինգ տարի, մինչև փոխվեց այնտեղ: Նոյն էլ հինգ հարյուր տարի կուսություն պահեց՝ աչքի առջև մահն ունենալով, մինչև լսեց [Աստծուց], թե ինչ է սպասվում իրեն: Այդ [Դրախտն] էին փնտրում Աբրահամը, Իսահակն ու Հակոբը և նույնիսկ Մովսեսն էր այն փնտրում, այլ ոչ թե Ավետյաց երկիրը: Նույն ցանկությունն ուներ նաև Դավիթը, ասելով՝ մինչև ե՞րբ: Նայի՛ր և լսի՛ր, այսինքն՝ նայելդ բավական է, որպեսզի հագեցնես իմ ծարավը:

4. Լո՛յս տուր Տէր աչաց իմոց,

Լո՛ւյս տուր, Տեր, իմ աչքերին,

Մտքով տեսնել այն ցանկալին, ինչի մասին ասաց. «Ես եմ աշխարհի լույսը» (Հովհ. 8:12):

զի մի՛ երբէք ննջեցից ի մահ:

որ երբեք մահվան քուն չմտնեմ:

Հավիտենական մահվան մասին է խոսքը՝ անմահական կերակուր ցանկանալով: Նաև մահվան քուն ասելով նկատի ունի մեղքերի հեշտության մեջ քնելը և անհավատության պատճառով բորբոքված հրի իրողությունը մոռացության մատնելը:

5. Մի՛ ասասցէ թշնամին՝ թէ յաղթեցի նմա. կամ նեղիչք իմ ցնծասցեն, թէ ես սասանեցայց:

Թշնամիս թող չասի, թե՝ հաղթեցի նրան, կամ հալածիչներս ցնծան, եթե սասանվեմ:

Երբ մեղքերի մեջ առանց զղջալու մեռնում ենք, հաղթում է թշնամին: Կամ հալածիչներս ցնծան. ինչպես նախաստեղծի վրա ցնծացին, երբ սասանվեց նրա անմահ կյանքը:

6. Ես յողորմութիւնս քո Տէր յուսացայ, ցնծացաւ սիրտ իմ ի փրկութեան քում. օրհնեցից զՏէր՝ զբարերարդ իմ:

Ես ողորմությանդ վրա հույս դրի, Տե՛ր, սիրտս հրճվեց քո փրկագործությամբ. կօրհներգեմ քեզ, Տե՛ր, բարերա՛րդ իմ:

Թեև ամաչում եմ քո արդար ատյանից, սակայն հույսս միայն քո ողորմության վրա եմ դրել: Սիրտս հրճվեց. երբ հրեշտակն ասաց, թե՝ «Նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր մեղքերից» (Մատթ. 1:21): Կօրհներգեմ քեզ. քո այն անբավ բարերարության համար, որ իմ հանդեպ ցույց ես տալիս, պարտավոր եմ օրհներգել քեզ, գոհություն և երկրպագություն մատուցել:

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

06.07.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․