Օգնություն՝ ճշմարիտ ուղուց շեղված երեխաներին

Տանն անպայման պետք է սիրո և խաղաղության մթնոլորտ տիրի: Իր ընտանիքում թեկուզ մի փոքր էլ սեր ստացած երեխան, եթե նույնիսկ հանկարծ փախչի տանից, ապա միևնույն է կվերադառնա, երբ տեսնի, որ այլ տեղերում նա ոչ թե սեր է գտնում, այլ՝ կեղծավորություն միայն: Իսկ եթե նա հիշի տանը տեղի ունեցող անպարկեշտ տեսարանները, հայհոյանքն ու բռնությունը, ապա ինչպե՞ս պետք է նրա սիրտը ետ՝ դեպի տուն ձգվի:

- Հա՛յր, եթե երեխան հեռանա տանից, ծնողներն ի՞նչ անեն:

- Նրանք պետք է փորձեն նրա հետ կապը պահպանել, որպեսզի, երբ ուշքի գա՝ կարողանա վերադառնալ նրանց մոտ: Նրանք պետք է բարությամբ խոսեն երեխայի հետ, որպեսզի օգնեն նրան, պետք է ստիպեն նրան խորհել: Օրինակի համար, եթե երեխան գիշերները չգիտես, թե որտեղ է թափառում, մայրը պետք է ասի նրան. «Հապա մի այստեղ արի, որդի՛ս: Եթե դու իմ փոխարեն լինեիր, կկարողանայի՞ր հանգիստ մնալ, եթե քո երեխաները կեսգիշերն անց տուն վերադառնային»:

Երեխաների նույնիսկ ամենալուրջ անկումը չպետք է հուսահատության մատնի ծնողներին, որովհետև մեր ժամանակներում մեղքը նորաձև է դարձել: Ծնողները միշտ պետք է նաև հետևյալը հաշվի առնեն. մեր ժամանակաշրջանի երեխաներն իրենց գործած անօրենությունների համար մեղքը մեղմող հանգամանքներ ունեն: Ներկայիս ժամանակներում վարքի համար դրված չորսը՝ մեր երիտասարդության ժամանակների հինգին գումարածի արժեքն ունի: Իհարկե, ծնողները պետք է աշխատեն օգնել իրենց երեխաներին, բայց պետք չէ չափից դուրս անհանգստանալ: Ժամանակի ընթացքում երեխաները խելքի կգան: Այժմ հնարավոր է նրանք չհասկանան, թե որն է բարին, որովհետև դեռ այդքան չեն հասունացել: Նրանց միտքը դեռ մշուշոտ է և երեխաները չեն տիրապետում գիտակցության պարզությանը, որպեսզի տարբերեն թե՛ վտանգը, որին ենթարկվում են և թե՛ այն անուղղելի վնասը, որ կարող են իրենք իրենց պատճառել:

Լավ կլինի, եթե ծնողները ցույց տան երեխային, որ իրենք վշտանում են նրա անկարգությունների պատճառով: Սակայն թող չճնշեն նրան և աղոթեն: Ցավից ծնված աղոթքը դրական արդյունքներ է բերում: Իսկ եթե երեխան շատ լուրջ զանցանք է գործում, ապա ծնողները պետք է զգուշորեն միջամտեն: Եթե թույլ տված զանցանքը մեծ չէ, ապա ծնողները թող մի քիչ աչք փակեն դրա վրա, որպեսզի չգրգռեն երեխային և ավելի չվատթարացնեն այն իրավիճակը, որի մեջ գտնվում է, որովհետև այդ գրգռման հետևանքն այն կլինի, որ երեխան նրանցից ետ կքաշվի: Այդպիսի դեպքերում ծնողները պետք է միայն աղոթեն Քրիստոսին և Ամենասուրբ Աստվածածնին, որ պաշտպանեն իրենց զավակին:

Ծնողների և հատկապես մոր աղոթքը շուտ է հասնում առ Աստված, որովհետև ի սրտե է արվում և իր մեջ ցավ է պարունակում: Երբ ես Իվերական մենաստանում էի ապրում, պատահաբար այնտեղ մի երիտասարդ եկավ: Այդ երիտասարդը, Խալկիդիկեով շրջելիս, ուխտավորների մի խմբի էր հանդիպել, որոնք Սուրբ Լեռ էին գնում: Միանալով նրանց՝ նա Աթոս հասավ և եկավ իմ խուցը: Ախ, ի՜նչ տեսակ մարդ էր դա: Անաստված, աստվածանարգ և անամոթ մեկը: Եվ այդ ամենի հետ մեկտեղ նա ինչ-որ դիվական մտածելակերպ ուներ և ոչնչի չէր հավատում: Թե՛ փոքրերին, թե՛ մեծերին, բոլորին նա անարգում էր ամենավատ բառերով: Գիտե՞ք, թե որքա՜ն ջանք պահանջվեց ինձնից՝ նրան ուշքի բերելու համար: Վերջապես հնարավոր եղավ ինչ-որ փոխըմբռնման գալ և նույնիսկ հաջողվեց նրա երկար մազերը կտրել …: «Աստված մայրիկիդ առողջություն պարգևի,- ասացի նրան,- Այդ նրա աղոթքներն են քեզ այստեղ բերել»: - «Այո՛, Հայր,- պատասխանեց ինձ,- Ես ուղղակի շրջում էի Խալկիդիկեով և ինքս էլ չհասկացա, թե ինչպես այստեղ հայտնվեցի»: - «Իսկ պատկերացնո՞ւմ ես,- ասում եմ,- ինչպես կուրախանա մայրդ, երբ իմանա, որ դու Սուրբ Լեռ ես եկել և դեռ մազերդ էլ կտրել ես»: - «Իսկ ինչպե՞ս կռահեցիր դա, Հա՛յր,- զարմացավ նա,- Երբ մայրս ինձ փոխված տեսնի՝ իսկապես շատ կուրախանա»: Տեսնո՞ւմ եք, Աստված ավելի «հնարամիտ» գտնվեց երիտասարդից և գործուղեց նրան «մասնագետի» մոտ: Որքա՜ն աղոթք էր ուղղել Աստծուն նրա խեղճ մայրը:

 

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

08.06.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․