12 Հոկտեմբեր, Շբ
Երկու պանդուխտ, որ երջանկություն էին փնտրում, մի դղյակի մոտ հանդիպում են Աստծո հրեշտակին: Ուրախանում են, որ վերջապես գտան այդպիսի հրաշալի էակի, ով իրենց կօգնի կյանքում հաջողություն հասնելու:
Հրեշտակը նրանց ցույց է տալիս երկու մեծ պարկեր և ասում.
-Երկնավոր Հայրը խնդրել է, որ այս երկու ծանր պարկերը վերցնեք և վերադառնաք ձեր տները:
Պանդուխտներից մեկը դժգոհելով հեռանում է.
-Ես էլ մտածում էի, թե ահա գտել էլ մեկին, ով կօգնի ինձ կյանքը վայելել, բայց սա մի մեծ բեռ է տալիս ու ասում շալակիր ու տար…
Մյուս մարդը լռելյայն վերցնում է ծանր պարկն ու տխուր հեռանում:
Հրեշտակն ասում է.
-Բայց դու չհարցրեցիր, թե պարկի մեջ ի՞նչ կա:
Պանդուխտը ուսից ցած է դնում պարկը, բացում և զարմացած ժպտում, քանի որ պարկն ամբողջությամբ լցված էր թանկարժեք իրերով ու ոսկեդրամներով:
Աստված գիտի իր տված արժեքի գինը և կամենում է, որ մարդն էլ հասկանա այդ արժեքի գինն ու իրապես արժևորի: Իսկ բեռը կարող է լինել և դժվարություն, և այլ խնդիրներ, որոնք ի վերջո մարդու օգուտի համար են…
Հովհաննես Մանուկյան