3 Դեկտեմբեր, Գշ
Երբ կարդում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Հրաժարիմք» աղոթքը. «Հրաժարիմք ի Սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար Հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա, եւ յամենայն չար զօրութենէ նորա հրաժարելով հրաժարիմք», այնտեղ տեսնում ենք սատանայի հատկություններից մի քանիսը, օրինակ՝ խաբեությունը, չար խորհուրդները, չար կամքը, չար զորությունը և այլն:
Սատանան ունի հազարավոր տարիների փորձառություն: Նա չի օգտագործում մի հնարք, որպեսզի հեռացնի մարդկանց Աստծուց և Երկնքի արքայությունից՝ գցելով նրանց մեղքերի մեջ, այլ օգտագործում է բազմազան և բազմատեսակ հնարքներ: Եթե մի հնարք չստացվի սատանայի մոտ, նա ուրիշ կամ նույնիսկ շատ հնարքներ կօգտագործի, որպեսզի հասնի իր չար նպատակին:
Այս հոդվածի նպատակն է համառոտաբար ծանոթանալ սատանայի հնարքներին, որպեսզի դրանք իմանալով՝ առավել զգույշ լինենք մեր ամենօրյա մտածումների, զգացումների, խոսքերի և գործերի մեջ՝ միշտ մնալով հոգևոր արթնության մեջ, որովհետև գրված է. «Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա» (Ա. Պետ. 5:8):
Աշխատանքի հնարքը: Մարդը հողեղեն արարած է, ունի աշխատելու պարտավորություն և հանգստանալու իրավունք: Սատանայի գործած հնարքներից է աշխատանքի հրավիրելու հնարքը: Նա օգտագործում է դա, որպեսզի խնդրո անձը, աշխատանքով տարվելով, չստանա հոգևոր աճի համար անհրաժեշտ սնունդ: Օրինակ՝ անձնական խանութ ունեցող մի անձ կամ մի հողագործ որոշում է, որ ամեն կիրակի եկեղեցի պիտի գնա, մասնակցի Սուրբ և Անմահ Պատարագին, խոստովանի իր մեղքերը և հաղորդվի: Սատանան արագորեն վաճառականին ասում է. «Լավ կլինի աշխատես, նույնիսկ կիրակի օրերին, որովհետև դու ունես անձնական գեղեցիկ խանութ, բազում հաճախորդներ, բազմաթիվ ծախսեր՝ հոսանք, ջուր, տուրքեր», իսկ հողագործին ասում է. «Ի՞նչ խղճով պիտի գնաս եկեղեցի, մի կողմ թողնելով քո այգու աշխատանքները, որոնք քո կարիքը ունեն՝ մրգերը պետք է քաղվեն, խոտը պետք է հնձվի»:
Սատանան փորձում է համոզել մարդկանց, որ խնդիր չկա, եթե մարդ արարածը, յոթ օր աշխատելով, եկեղեցի չգնա կիրակի օրերին, որովհետև Աստված սիրո Աստված է, ներողամիտ է, Նա նկատի կառնի մարդկանց կյանքի վիճակները և այլն: Տակավին սատանան կարող է մինչև անգամ աստվածաշնչական մեջբերումներ անել, օրինակ՝ ասել. «Հիսուսը պատասխանեց նրանց. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն ես ևս գործում եմ» (Հովհն. 5:17), որպեսզի Սուրբ Պատարագին չմասնակցելը խղճմտանք չառաջացնի հոգևոր աճ ստանալու փափագ ունեցող մարդու մոտ:
Հանգստության հնարքը: Սատանան ոչ միայն մարդկանց աշխատանքի հրավիրելու հնարքն է կիրառում, այլ նաև հանգստանալու հնարքը: Օրինակ, երբ երիտասարդը սկսում է աղոթել առավոտյան, երբ արթնանա քնից և գիշերը՝ նախքան քնելը, սատանան սկսում է ասել նրան. «Այս առավոտ քնիր, քանի որ երեկ շատ հոգնեցիր, ցերեկը աղոթիր, քունը շատ կարևոր է քեզ համար, քանի որ դու աշխատող անձ ես, պայման չէ, որ կանգնած աղոթես քո ննջասենյակում, կարող ես անկողնում պառկած աղոթել և այլն»: Եթե անձը ընդառաջի սատանային, պիտի տեսնենք, որ նրա կյանքից անհատական աղոթքը պիտի վերանա:
Ազատ կամեցողության հնարքը: Սատանան շատ լավ գիտի համաշխարհային կազմակերպությունների կանոնադրություններում գրված մարդկային իրավունքների բոլոր կանոնները: Այն պատանին կամ պարմանուհին, որ հազիվ սկսում է մտածել բժշկական գործողությամբ իր սեռը փոխելու մասին, բանսարկուն սկսում է սեռափոխությունը քաջալերող մարդկանց միջոցով խոսել այդ անչափահասի հետ՝ համոզելու համար նրան, որ սեռափոխությունը բնավ սխալ արաք չէ, քանի որ Աստված մարդուն շնորհել է ազատ կամեցողություն և նաև հիշեցնում է, որ տասնյակ պետությունների սահմանադրության մեջ գոյություն ունեն սեռափոխության մասին հատվածներ: Սատանան ազատ կամեցողության հնարքը օգտագործում է սեռափոխության գնալու, նոր կրոնական շարժում ստեղծելու և այլ գարշելի արարքների մեջ:
Սիրո հնարքը: Ցավոք սրտի, միասեռականությունը և միասեռական ամուսնությունները շատանում են ողջ աշխարհում: Սատանան քաջալերում է միասեռականությունը և փորձում է միասեռականությունը պաշտպանող անձերի խոսքերի, ճառերի և գրությունների միջոցով ներկայացնել միասեռականությունը և միասեռական ամուսնական կյանքը որպես բնական երևույթ, ազատ կամեցողության իրավունք և սիրո արդյունք: Սատանան օգտագործում է սիրո հնարքը ոչ միայն, որպեսզի մարդկանց մեջ շատանան միասեռական ամուսնությունները, այլ նաև տեղի ունենան մարդ - անասուն ամուսնություններ:
Թատրոնի հնարքը: Երբ դերասանը թատրոնի ժամանակ նախատինքով խոսի Աստվածամոր կամ սրբերից մեկի մասին, օրինակ, սուրբ Գրիգոր Լուսավորչի, կարող է այդ արարքը պատճառ դառնալ, որ ներկաներից մեկը նեղանա, որովհետև չէր խորհում, որ այդպիսի ծաղրալի խոսքեր կլսի երկնաբնակ սրբակենցաղ անձերի մասին: Սակայն սատանան այդ ժամանակ կօգտագործի թատրոնի և արվեստի հնարքը, մեղմացնելու համար մարդու ներքին պոռթկումը, թե այդ դերասանի խոսքերը լոկ թեթև խոսքեր են, որովհետև սա թատրոն է, արվեստ է:
Խնայողության հնարքը: Սատանան օգտագործում է խնայողության հնարքը, երբ անձը սկսում է գործադրել իր կյանքում տասանորդ տալու պատվիրանը: Սատանան այդ անձի հետ խոսում է խնայողության մասին, թե չի կարելի տասանորդ տալ, որովհետև իր ծախսերը շատ են, շատ դժվար տարիներ պիտի գան, ուստի պետք է դրամ դիզի այդ դժվար շրջանի համար և այլն:
Զգայարանների հնարքը: Սատանան օգտագործում է զգայարանների հնարքը, որպեսզի փորձի փաստել, թե Աստված գոյություն չունի: Սատանան անաստվածության որոմը ցանում է որոշ մարդկանց մտքերում՝ ասելով նրանց. «Գոյություն ունի այն ամենը, որ փաստված է, վավերացված է մեր հինգ զգայարանների միջոցով. դու չես տեսնում Աստծուն, ուրեմն Աստված գոյություն չունի»: Մինչդեռ տարբերություն կա գոյության և մեր իմացության միջև. գոյությունները առնչված չեն մեր իմացության հետ, օրինակ, երկնքում կան հեռավոր աստղեր, որոնք գոյություն ունեն, սակայն մենք դրանց չենք տեսել աստղադիտակով և չենք ճանաչել: Մեր անճանաչողությունը դրանց նկատմամբ չի նշանակում, որ դրանք գոյություն չունեն: Աստված գոյություն ունի, նույնիսկ, եթե մենք չենք տեսել Նրա լուսեղեն փառքը:
Հոգեկան գերճնշվածությունը նվազեցնելու հնարքը: Սատանան օգտագործում է հոգեկան գերճնշվածությունը նվազեցնելու հնարքը, օրինակ, երբ պատանին անցնում է դժվար օրերի միջով, սատանան առաջարկում է նրան թմրեցուցիչի որևէ տեսակ օգտագործել, որպեսզի դրա միջոցով մոռանա իր խնդիրները, թեթևացնի իր սթրեսը, հանգստանա հոգեպես:
«Քո բաժինն է» հնարքը: Սատանան օգտագործում է «քո բաժինն է» հնարքը, երբ մի անձ ճանապարհին գտնում է դրամապանակ: Նա քաջալերում է նրան, որ վերցնի դրամը, մինչդեռ անձը պետք է դրամապանակը տաներ ոստիկանատուն, որպեսզի գտնվեր տերը, և փոխանցվեր նրան:
«Պատվի՛ր քո հորն ու քո մորը» հնարքը: Տասնաբանյա պատվիրաններից հինգերորդը հոր և մոր պատվելն է: Սատանան շատ լավ գիտի այս պատվիրանը և փորձում է սույն պատվիրանը օգտագործել զանազան պայմաններում: Օրինակ՝ նոր մկրտված երիտասարդը ամեն երեկո սկսում է դիտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-մշակութային հեռուստաընկերությունը՝ Շողակաթը: Նրա մայրը, որ Աստծուց հեռու կյանք է ապրում, սկսում է հայտնել դժգոհություն և պահանջել դիտել մի այլ կայան, և երբ երիտասարդը հաստատ մնա իր որոշման մեջ, սատանան կսկսի հանդիմանել վերջինիս՝ ասելով. «Դու չես գործադրում Աստծու պատվիրանը՝ պատվի՛ր քո հորն ու քո մորը, դու անհնազանդ զավակ ես, ո՞ւր է քո սերն ու հարգանքը նրանց հանդեպ, որոնք քեզ մեծացրեցին և այլն»: Սատանան օգտագործեց «Պատվի՛ր քո հորն ու քո մորը» պատվիրանը, որպեսզի հնարքով փորձի կասեցնել այդ հեռուստաընկերության մատակարարած հոգևոր սննդի մուտքը տան մեջ:
Տակավին սատանան կարող է ներկայացնել Աստծու անունը զուր տեղը օգտագործելը որպես զայրույթ, պոռնկությունը՝ որպես ֆիզիկական պահանջ, գողությունը՝ որպես կարիք, ստախոսությունը՝ որպես ծանր վիճակից ազատագրում, խաբեբայությունը՝ որպես ճարպկություն և այլն:
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր