3 Դեկտեմբեր, Գշ
Մի անգամ ծերի մոտ մի կին եկավ իր փոքրիկ որդու հետ:
- Տղայիս աչքով են տվել,- ասաց նա,- առավոտից երեկո արմավ է ուտում: Միայն քաղցր արմավներ և ուրիշ ոչինչ: Ի՞նչ անեմ:
Ծերը նայեց տղային ու ասաց.
- Բարի՛ կին, որդուդ հետ տուն վերադարձիր: Իսկ վաղն այս ժամին կրկին ինձ մոտ արի և ես կօգնեմ քեզ:
Հաջորդ օրը ծերը փոքրիկին իր ծնկներին նստեցրեց, վերցրեց նրա ձեռքից արմավն ու ասաց.
- Որդյա՛կ, հիշիր, որ աշխարհում այլ համեղ բաներ էլ կան:
Այնուհետև օրհնեց երեխային ու տվեց մորը:
Շփոթված մայրը հարցրեց նրան.
- Ինչո՞ւ դա երեկ չասացիր: Ի՞նչ կարիք կար, որ կրկին նման երկար ճանապարհ կտրեինք:
- Բարի՛ կին,- պատասխանեց ծերը,- երեկ ես համոզիչ կերպով չէի կարող որդուդ ասել այն, ինչ այսօր ասացի, քանի որ երեկ ես ինքս էլ հաճույքով արմավ էի ուտում:
Սկսիր քեզնի՛ց: Բոլոր խորհուրդներն ու խրատներն ուժ են ստանում միայն այն ժամանակ, երբ հաստատված են քո սեփական կյանքով:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի