Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ Մեծ պահքն արդեն կիսվել է, և քրիստոնյան շարունակում է ապաշխարության ճանապարհի մյուս կեսն անցել՝ ընթանալով դեպի Սուրբ Հարություն: Պահեցողության այս ճանապարհին Տիրոջով զորանալու մեծ փափագն էր, որ ապրիլի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի աղոթքի ուղին հարթեց դեպի Արտաշատի տարածարաշրջանի Մրգավան գյուղի Ս. Հակոբ եկեղեցի: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ թվով հիսուն ուխտավորներ աղոթքի և խոկման ուղի անցան: Հասնելով սրբավայր՝ նրանք, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Պալգևորգյանի գլխավորությամբ, մասնակցեցին Արևագալի ժամերգությանը, որ առավել հանդիսավորությամբ կատարվում է Մեծ պահքի շրջանում՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Ժամերգության ընթացքում «Փառաւորեսցուք» քարոզով սարկավագը հորդորեց ներկաներին փառավորել Աստծուն, ապա քահանան ընթերցեց «Զառաւոտու աղօթս» աղոթքը և խնդրեց Աստծուց, որպեսզի առավոտյան աղոթքն ու պաշտամունքը ընդունի Իր անապական և երկնային խորաններում և արդարության ու իմաստության լույսը ծագեցնի հավատացյալների վրա: Եվ նրանք, լույսի որդիներ լինելով, կարողանան երկյուղածությամբ և առանց գայթակղության ապրեն իրենց կյանքը:
Ճշմարտությամբ աղոթողն իր հոգու պատուհանն է բացում Ճշմարտության Արեգակի առջև, որպեսզի Նրանով լուսավորվելով՝ կարողանա Նրան ծառայել և բարեպաշտության մեջ առաջադիմել: Ժամերգության ավարտին ներկաները «Տեր ողորմեա»-ն երգեցին և խնդրեցին Ս. Հակոբի բարեխոսությունը: Այնուհետև Տեր Պարգևը սիրիահայ ուխտավորների հետ պահեցողության վերաբերյալ զրույց ունեցավ և պատասխանեց նրանց հուզող հարցերին: Հոգեշահ զրույցից հետո ուխտավորները եկեղեցու բակում սիրո ճաշը վայելեցին:
Քրիստոսի հետևորդն իրենց անցնելիք ճանապարհին կարիք ունի պարբերաբար կանգ առնելու, հանգստանալու, աղոթքով և խոկումով Տիրոջով պայծառանալու, մաքրվելու և կրկին վերահաստատվելու աստվածահաճո կյանքի ընթացքի մեջ: Ուխտի հոգեներոգ օրն ավարտվեց, և սիրիահայ ուխտավորներն իրենց ընտանիքներ վերադարձան՝ հոգեպես նորոգված և զորացած:
Կարինե Սուգիկյան