Քոչվոր ցեղերը ներխուժում, ավերում ու թալանում են ծաղկունք ապրող բնակավայրը: Բնակիչները վերականգնում, կառուցում են այն և դրախտավայր դարձնում, սակայն նորից են ենթարկվում հարձակման ու ավերման և շատ են տխրում ու դիմում են իրենց ծերերին.
- Մեր ստեղծած բարիքով և դրախտավայրով ուրախություն չենք ապրում. ամեն անգամ թշնամին հարձակվում է և ավերում, դատարկության է մատնում մեր բնակության վայրը:
Ծերերից մեկը պատասխանում է.
- Ամուր պարիսպներ և ամրոց կառուցեք բնակավայրի շուրջը, և քոչվոր ցեղերն այլևս չեն կարողանա հարձակվել և հափշտակել ձեր գանձերը ու ավերել:
Լինում են դեպքեր, երբ մարդ բարիք է գործում, սակայն շարունակում է տխրություն, անորոշություն, ձանձրույթ, հոգու դատարկություն ապրել, նշանակում է, որ իր սիրտն անպաշտպան է չարի հափշտակող հարձակումներից ու ներխուժումներից: Սրտի ամրոցն ու պարիսպները առաքինություններն են՝ հատկապես խոնարհությունը, սերը և համբերությունը: Ինչքան զորեղ են առաքինությունների պարիսպները, այնքան չարի կողմից ուղարկված հափշտակիչ մտքերը չեն կարող թափանցել սրտի ամրոցը, ավերել ու տանել հոգու գանձերը: Արդ, ապրենք առաքինություններով, քանի որ դրանցով մեր սրտի գանձերն ենք պահպանում և պաշտպանող ամուր սրտի ամրոց ենք կառուցում:
Հովհաննես Մանուկյան