26 Նոյեմբեր, Գշ
Տիրոջ կամքն է, որ յուրաքանչյուր ոք հավիտենական բարիքների ժառանգորդը դառնա, եթե միայն իր կամքով անհնազանդ չգտնվի տիրավանդ պատվիրանների հանդեպ՝ զրկվելով հավիտենական երանությունից: Իսկ հավիտենական բարիքների ժառանգորդ են դառնում հավատքով և բարի գործերին հետամուտ լինելով: Բարուն հետամուտ լինելու կարևորագույն սկզբունքն է, որ եկեղեցական համայնքներից ներս ձևավորում է սոցիալական մի շարք ծրագրեր, որ նպատակաուղղված են հոգևոր և նյութական աջակցություն ցուցաբերելու կարիքի մեջ հայտնված անձանց:
Ապրիլի 29-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Սարգսյան Ռուզաննային (56 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ) և Արևի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արևիկ Յայլոյանի կողմից սննդի փաթեթ: Սարգսյան ընտանիքը բնակվում է Նուբարաշեն Ա-7 տարածքի 13 հողակտորում՝ տարրական կենցաղավարության պայմաններից զուրկ երկու սենյականոց տնակում: Տիկին Ռուզաննան չորս զավակ ունի, որոնցից ավագը՝ Նվերը (31 տ.), Դաունի համախտանիշ ունի: Նա նշեց, որ տղաներից երկուսն առողջական խնդիրներ ունեն և բուժման նպատակով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն, ինքը ևս առողջական խնդիր ունի, բայց ֆինանսական խնդրի պատճառով չի կարողանում բժշկի դիմել: Բազմանդամ ընտանիքն իր նվազագույն կարիքները փորձում է հոգալ Նվերին հատկացվող հաշմանդամության գումարով: Նվերը հաճախում է «Արև-երեխաներ» ՀԿ-ի Արևի թատրոն և թատրոնի լավագույն սաներից է: Նա ցանկանում է դերասան դառնալ: Տիկին Ռուզաննան շնորհակալություն հայտնեց աջակից անձին և Արևիկին՝ տրամադրած օգնության համար:
Աստվածնմանության ուղին ընտրած քրիստոնյան ողորմածության առաքինությամբ նմանվում է Ողորմած Աստծուն և հարստանում առաքինություններով՝ Տիրոջ շնորհի համաձայն. «Արդարև, գիտեք, որ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, ինչպիսի՜ շնորհ արեց մեզ. Նա, որ հարուստ էր, աղքատացավ ձեզ համար, որպեսզի Իր աղքատանալով դուք հարստանաք» (Բ Կորնթ. 8:9): Պողոս առաքյալը, կրկին անգամ անդրադառնալով փրկչական շնորհին, նշում է. «Քանզի Աստված Իր շնորհը հայտնեց որպես փրկության միջոց բոլոր մարդկանց, շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածպաշտությամբ և ակնդետ սպասենք երանելի հույսին և փառքի հայտնությանը մեծն Աստծո և մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, որ Իր անձը տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկի բոլոր անօրենությունից և մաքրի որպես իրեն սեփական ժողովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի» (Տիտ. 2:11-14):
Կարինե Սուգիկյան