25 Նոյեմբեր, Բշ
Երկու զինվոր ամրոցի ներսում` փակ դարպասների մոտ, կտրականապես մերժում են վարդապետի խոսքերը, թե մահից հետո կյանք գոյություն ունի:
Վարդապետը հարցնում է.
-Տեսնո՞ւմ եք ամրոցի հաստափոր պատերը: Եվ այդ պատերից այն կողմ ի՞նչ կա:
Զինվորները պատասխանում են, թե տեսնում են մինչև ամրոցի անառիկ պատերը, իսկ դրանից այն կողմ ոչինչ էլ չեն տեսնում:
Վարդապետն ասում է.
-Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ այս ամրոցից դուրս այլ ամրոց էլ կա, քաղաքներ և գյուղեր, սակայն դուք տեսողությամբ չեք կարող թափանցել պատերից դուրս և ավելին տեսնել: Զգում ու տեսնում եք այնքան, որքան ձեր կարողությունն է: Բայց անկախ ձեր իմացածից և լսածից գոյություն ունեն այլ ամրոցներ և գյուղեր:
Այդպես էլ ձեր միտքն է, երբ կանգ է առնում որևէ արգելքի կամ պատի, դրանից այն կողմ ոչինչ չեք տեսնում ու հասկանում…
Արդ, իմ պատմածները կհասկանաք, երբ բացեք ձեր սրտի ամրոցի դարպասները` կարողանալով թափանցել հորիզոնի անսահմանության մեջ:
Հովհաննես Մանուկյան