25 Նոյեմբեր, Բշ
- Հա՛յր ննջեցյալները մեր աղոթքներից ի՞նչ օգուտ են քաղում:
- Մի օրինակ բերեմ քեզ: Եթե մի օր դու ինձ նկուղում գտնես ու մայրապետին ասես. «Մեղք է մարդը, եկեք նրան վերևի հարկ հանենք, որպեսզի քանի դեռ ողջ է, արևի երես տեսնի»: Ի՞նչ ես կարծում՝ մայրապետը կատարի՞:
- Իհարկե կկատարի, հա՛յր:
- Իսկ եթե մայրապետը կկատարի, ապա մի՞թե Աստված թեթևություն չի պարգևի ննջեցյալներին, երբ Նրան խնդրենք: Մի՞թե ավելի լավ պայմաններով բանտախուց չի տեղափոխի կամ անգամ՝ առանձին սենյակ:
Երբ երիտասարդ էի, մի ծեր կնոջ էի ճանաչում, որն ի տարբերություն իր առատաձեռն ու ողորմած դստերը, շատ ժլատ էր: Միայն իմ հանդեպ ժլատ չէր, քանի որ ինձ շատ էր սիրում: Նրա մահվանից երեք տարի անց, երբ ոսկորները դեռ չէին հանել գերեզմանից, մի անգամ աղոթելիս մի տարօրինակ բան կատարվեց ինձ հետ: Թվաց, որ մի երիտասարդ ինձ ձայն է տալիս այն ծեր կնոջը տեսնելու, քանի որ վերջինս ինձ էր կանչում: Նա ձեռքս բռնեց ու նրա գերեզմանին տարավ: Գերեզմանաքարը բարձրացրեց ու ես տեսա այդ կնոջը, որ գոռում էր. «Վանակա՛ն, փրկի՜ր ինձ: Վանակա՛ն, փրկի՜ր ինձ»: Նրա մարմինը կիսով չափ էր փտել ու անտանելի գարշահոտություն էր գալիս: Ես նրան այնպես խղճացի, որ ամուր գրկեցի ու համբուրեցի: Չնայած անտանելի հոտին, չէի ուզում նրանից հեռանալ, եթե նա ինքը չհեռանար: Դա ինձ շատ զարմացրեց: Երբ կարեկից ճշմարիտ սեր կա, ապա ո՛չ փտած մարմինն է զզվանք առաջացնում, ո՛չ գարշահոտությունը: Երբ ես բարձրաշխարհիկ կին եմ տեսնում՝ զուգված ու օծանելիքով պատված, ներքին նողկանք եմ ապրում, իսկ չնայած գարշահոտությանը, այն տատիկից չէի ուզում բաժանվել, որովհետև կարեկցանք էի զգում նրա հանդեպ: Զարմանալի բաներ են կատարվում հոգևոր կյանքում: Նա աղոթքի մեծ կարիք ուներ, ուստի Աստված այնպես արեց, որ ես նրան այդ վիճակում տեսնեմ: Հետո ես սկսեցի այդ հոգու համար աղոթել: Երկու ամիս անց տեսա, որ ասես ձագարի նմանվող ինչ-որ փոսում էի: Ցավոք այնտեղ շատ մարդ կար՝ սարսափելի տեսքով, սև ու խիստ չարչարվում էին: Ավելի վեր այն ծեր կնոջը տեսա լուսավոր ամպի վրա: Թվում էր, թե նա հեռու է, բայց իրականում մոտ էր: Նա ասես փոքր երեխա լիներ, բայց իր դիմագծերով, և կողքին հրեշտակ կար. երևի նրա պահապան հրեշտակն էր, որ մաքրում ու լվանում էր նրա դեմքը: Իսկ նա ուրախ տեսք ուներ: Ես նրան գրկեցի ու այնպիսի ուրախություն զգացի, որ անհնար է խոսքերով փոխանցել:
Ննջեցյալները մեղադրյալներ են, ծառաներ: Երբեմն, երբ մի հայրենասիրական երգ եմ հիշում, ննջեցյալներին եմ այն ձոնում.
Ազատությո՛ւն, ազատի՜ր տկար մարմինս,
Ազատությո՛ւն, ինձ գեղեցիկ ձա՛յն պարգևիր:
Կրա՛կ տուր սրտիս, որ տկարացել է տառապանքի մեջ,
Եվ ես ուրախության երգ կերգեմ քեզ համար, ինչպես սոխակը գարնանը:
Թող երգը նաև անազատ հողի խորքերում հնչի
Ու բալասան հեղի գերյալ հոգիներին:
Ես այն ինձ էլ եմ վերագրում: Մի՞թե ես տառապանքից ուժասպառ չեմ լինում*: Ես գերի եմ այս կյանքում: «Անազատ հող», որի տակ երգում ենթադրվում են անազատ հույները, ինձ համար ննջեցյալներն են, որ գերության մեջ են գտնվում, ու ես խնդրում եմ Բազումողորմ Աստծուն, որպեսզի Նա «բալասան հեղի» նրանց հոգուն:
* Ասվել է 1993 թ.-ի դեկտեմբերին:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը