23 Դեկտեմբեր, Բշ
«Այսօր Դավթի քաղաքում ծնվեց ձեր Փրկիչը, որ Օծյալ Տերն է» (Ղուկաս 2:11). այսպես է հնչում սուրբծննդյան ավետիսը ամեն տարի քրիստոնյա աշխարհում: Բայց արդյո՞ք «Փրկչի» կարիք ունի երրորդ հազարամյակի մարդը, որ հասել է Լուսին ու Մարս և տրամադիր է նվաճելու տիեզերքը, որ անարգել խորամուխ է լինում բնության գաղտնիքների մեջ և ապակոդավորում նույնիսկ մարդկային բջիջների զարմանահրաշ կազմությունը: Արդյո՞ք «Փրկչի» կարիք ունի ժամանակակից մարդը, որ հայտագործել է ինտերակտիվ հաղորդակցությունը, որ նավարկում է համացանցի վիրտուալ օվկիանում և շնորհիվ մասմեդիայի՝ Երկիրը վերածել է փոքր գյուղի: Արդյո՞ք «Փրկչի» կարիք ունի 21-րդ դարի մարդը, որ հավակնում է դառնալու իր ճակատագրի ինքնաբավ ճարտարապետը: Առաջին հայացքից, թվում է, չունի: Բայց... Լիության և անսանձ սպառման այս դարում էլ բազմաթիվ մարդիկ դեռևս մեռնում են սովից ու քաղցից, հիվանդությունից ու աղքատությունից: «Մարդու իրավունքների պաշտպանության» այս դարում էլ բազմաթիվ մարդիկ գտնվում են շահագործման մեջ՝ ոտնահարված արժանապատվությամբ: Երկխոսությունների այս դարում էլ բազմաթիվ մարդիկ զոհ են գնում ռասայական, ազգային, կրոնական ատելության, ենթարկվում անհանդուրժողականության ու խտրականության, քաղաքական հաշվեհարդարի և ֆիզիկական ու բարոյական հարկադրանքի: Խաղաղության ու առաջընթացի այս դարում էլ բազմաթիվ մարդիկ կյանքի գին են վճարում զենքի կիրառմանը, ահաբեկչությանը և որևէ տեսակի բռնությանը: Իսկ ի՞նչ ասել նրանց մասին, ովքեր հուսահատ ստիպված լքում են սեփական տունը արժանապատիվ կյանքի փնտրտուքով: Ի՞նչ ասել նրանց մասին, ովքեր ընկնում են նորորյա «մարգարեների» երջանիկ կյանքի խոստումների թակարդը: Ի՞նչ ասել նրանց մասին, ովքեր դյուրաբեկ են հարաբերությունների մեջ, անկարող՝ սեփական ներկայի ու ապագայի համար պատասխանատվության մեջ: Ի՞նչ ասել նրանց մասին, ովքեր երերում են մենակության մեջ՝ հաճախ դիմահարվելով ալկոհոլի ու թմրադեղի ստրկությանը: Եվ, վերջապես, ինչ ասել նրանց մասին, ովքեր նախընտրում են մահը՝ փրկության հույսով: Ինչպե՞ս չզգալ, որ հենց այս հեշտասեր ու հուսահատ մարդկության ներսից է բարձրանում օգնության ճիչը: Եվ հենց այս ժամանակակից աշխարհն է, որ ավելի անհրաժեշտությունն ունի «Փրկչի», երբ հասարակությունը դարձել է ավելի բաղադրյալ ու բարդ, իսկ մարդու անձնական ու բարոյական ամբողջությանն ուղղված սպառնալիքները՝ ավելի վտանգավոր ու դավադիր: Չնայած բազմակերպ առաջընթացի՝ մարդ արարածը մնացել է նույնը՝ բարու և չարի, կյանքի և մահվան ընտրության ազատության առջև: «Ծնվեց ձեր Փրկիչը». ահա այն հույսը, որ սուրբծննդյան հրեշտակը Եկեղեցու միջից վերստին ավետելու է մեզ նաև գալիք Սուրբ Ծննդյան տոնին:
Տ. Ռուբեն աբեղա Զարգարյան