23 Դեկտեմբեր, Բշ
Հայաստանի սահմաններից դուրս եկանք և կրկին Հայաստանում ենք, բայց այս անգամ` Արևմտյան: Մեր ականջին այդքան անսովոր թուրքերենը մեզ ստիպում էր տարիների էջերը թերթել դեպի հետ և հասնել արյունոտ 1915 թվական: Հողը, որի վրա այդքան հաստատուն քայլեր էինք դնում, այլևս մերը չէր, բայց կարոտի զգացումը համակել էր բոլոր ուխտավորներին: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ ԱՀԹ Մարմարաշենի Սուրբ Գևորգ և Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիների համայքների հավատացյալներն ու երիտասարդաց միության անդամները, շուրջ 150 հոգի` արժանապատիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի և Տեր Զենոն քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ, մեկնեցինք ուխտագնացության Արևմտյան Հայաստան: Նպատակն էր մասնակցելու Ախթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 7-ին կայանալիք Ս. Պատարագին և նորոգելու ուխտն առ Աստված: Սեպտեմբերի 5-8 կայացած ուխտագնացությունը լի էր հետաքրքիր հանգրվաններով: Հասնելով Կարս այցելեցինք Սբ. Առաքելոց եկեղեցի, որն այժմ մզկիթ է, Կարուց բերդ, որից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի քաղաք: Վարդանի կամուրջը և Եղիշե Չարենցի տունը տեսնելուց հետո ուղևորվեցինք Բայազետ: Այնտեղ տեսանք Դարոյնք ամրոցը, որտեղ գրվել էր Րաֆֆու "Խենթը": Հաջորդիվ ուխտավորները ճանապարհ ընկան տեսնելու Բերկրիի գեղատեսիլ ջրվեժը: Մյուս կայանը Վանում էր` Կտուց կղզում: Նավերով հասանք խոնարհված Սբ. Կարապետ եկեղեցին, ուր հոգևարականների առաջնորդությամբ հոգեհանգստյան կարգ կատարեցինք Հայոց Ցեղասպանության նահատակների հոգիների համար: Հաջորդ նավապտույտը Վանա լճում մեզ արդեն հասցնելու էր ուխտագնացության բուն նպատակին` Սբ. Պատարագի արարողության Սուրբ Խաչ եկեղեցում: Կղզի հասնելիս բոլորիս համակել էր հայրենասիրական մի զգացում և մեր երգերը չէին դադարում: Մասնակցեցինք Սբ. Պատարագին, աղոթեցինք, բայց ցավոք ժամանակը սուղ էր և մենք պետք է մեկնեինք: Վան քաղաքից ուղևորվեցինք Վարագավանք և Մհերի դուռ: Տպավորությունները մեծ էին, շատ ու տարբեր: Գտնվել մեր հողի վրա և զգալ, որ դա այլևս մերը չէ: Տեսնել հայկականը և հասկանալ մեր նախահայրերի հոգու վեհությունն ու հզորությունը: Այդ մի քանի օրերի տպավորություններից հետո ավելի մեծ կորստի ցավ ապրեցինք տուն դարձի ճանապարհին այցելեով Անի` "Հազար ու մի եկեղեցիների" քաղաք, որտեղ եկեղեցիներից միայն բեկորներ էին մնացել: Քաղաքի միջնադարյան պարիսպներից հետո մեր առջև բացվեց Անիի Մայր Տաճարի վեհաշուք տեսարանը: Տաճարում ժամերգություն կատարեցինք ու մեր ճանապարհը շարունակեցինք տեսնելու Սբ. Ամենափրկիչ, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի այլ խոնարհված եկեղեցիները: Վերադարնալու ժամանակը, ցավոք, շուտ մոտեցավ: Ինչ արած, պետք էր թողնել մեր հողերը կրկին ուրիշի ձեռքերում և գնալ տուն, բայց ոչ թե օտար ճանապարհներից` ոչ, վերադարձանք տուն մենք մեր տնից: Մի օր ետ ենք գալու, բայց ալյևս չվերադառնանք, այլ բնակություն հաստատենք Ծովից Ծով Հայաստանում` Մեր Հայաստանում, պապենական մեր երկրում:
Մարիամ Պիվազյան
Լուսինե Հակոբջանյան
"Զորավոր" երիտասարդաց միության անդամներ