12 Հոկտեմբեր, Շբ
Ինչպես վկայում է հռոմեացի պատմագիր Սվետոնիոսը. ՙԿալիգուլա կայսրը իր դեմքը, արդեն ի բնե այլանդակ ու վանող, ջանում էր ավելի կատաղի դարձնել, հայելու առջև վախեցնող ու սարսափեցնող արտահայտություն տալով դրան՚: Եվ ահա կայսրը կանգնում է հայելու առջև և իր դիմագծերին կատաղություն հաղորդում, նախքան իր մոտ շղթայակապ մի քրիստոնյայի բերելը: Երբ զինվորները քրիստոնյային բերում են, հարցնում է.
- Ինչո՞ւ ես այդքան հանդարտ ու հանգիստ, չես տեսնում, թե ի՞նչ ահարկու ու զորեղ եմ: Երկրպագիր ինձ և քեզ կյանք կշնորհեմ: Մի՞թե չես սարսափում մահից:
- Քրիստոս մեզ համար մեռավ և հարություն առավ, որպեսզի Իր գալստյան ժամանակ մենք էլ հարություն առնենք: Եվ Նա է, որ կյանք է շնորհում, ու մենք Աստծուն ենք միայն երկրպագում,-պատասխանում է քրիստոնյան:
Կայսրը իր տեղից վեր է ցատկում ու գոչում.
- Իսկույնևեթ ես մահը կուղարկեմ քեզ մոտ, որպեսզի հասկանաս, թե ով է կյանք ու մահ արժանացնում մարդկանց:
Գիշերվա կեսին սև հանդերձներով մի դև գալիս է ապարանքում թափառող կայսեր մոտ ու ասում.
- Բարև՛ Կալիգուլա, դու ինձ կանչե՞լ էիր:
- Ինչո՞ւ ես այստեղ եկել, գնա զնդան, այնտեղ է քո գործը, ուր մի քրիստոնյա մահվան է դատապարտված,- շփոթահար ու վախվորած պատասխանում է կայսրը:
- Այնտեղ անելու ոչինչ չունեմ. այդ քրիստոնյայի մեջ ինձ վանող այնքան լույս կա... և եթե նա մահանա էլ, Քրիստոսով կյանք կունենա, իսկ քո հոգում այնքան շատ դատարկություն ու խավար կա, որ մահվան բնակության հիանալի մի վայր է,-բերկրանքով ու հիացմունքով ասում է դևը:
Կայսրի դեմքն այլայլվում է, բայց այս անգամ` մահվան երկյուղից...
Հովհաննես Մանուկյան