Կորնթոսի քրիստոնեական համայնքը ձևավորվել է Պողոս առաքյալի քարոզչության շնորհիվ, Պողոս առաքյալը ոչ միայն որոշ ժամանակ ապրել է այդ քաղաքում, այլ նաև հետագայում նամակագրական կապ է պահպանել նորաստեղծ համայնքի անդամների հետ: Իր նամակներով Սուրբ առաքյալը հոգևոր խնամք է տանում նորադարձ քրիստոնյաներին, ուսուցանում է, քրիստոնեական հավատքին առընչվող տարբեր հարցեր:
Ս. Պողոս առաքյալը Ա Կորթ. 6-րդ գլխի սկզբում քրիստոնեաներին հորդորում է միմյանց հետ հաշտ լինել և խնդիրների դեպքում չդիմել անհավատներին, հեթանոսներին՝ իրենց դատը տեսնելու համար, այլ դիմել Աստծո եկեղեցուն: «Աստծո Եկեղեցին» քրիստոնյա համայնքն է, որը պետք է ապրի Աստծո պատգամների և պատվիրանների համաձայն: Անդրադառնալով Ձեր հարցին ասենք, որ յուրաքանչյուր քրիստոնեա իր մաքուր անաղարտ և սուրբ հավատքով և ըստ այդմ ապրած կյանքով դատապարտում է չարը, անկախ այն հանգամանքից այդ չարը մարդ է, թե հրեշտակ, «հրեշտակներին իսկ մենք ենք դատելու» խոսքով Առաքյալը շեշտում է քրիստոնեայի վեհությունը զորությունը: Անշուշտ հրեշտակներին չենք դատում և մեր գործը չէ որևէ մեկին դատել, սակայն մեր հավատքով ունեցած առավելությամբ ի զորու ենք չարը բարուց տարբերու, և մեր նմանին հորդորել, ի սրտե օգնել, որ զերծ մնա մեղքից: