22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Հետո ո՞վ է լինում իսրայելացիների դատավորը:

Իսաքարի ցեղից Թովղա անունով մեկը, որը քսաներեք տարի վարում է դատավորական իշխանությունը: Ապա Գաղաացի Հայիրը, որը քսաներկու տարի դա-տում է Իսրայելում: Արդարև, այս ընթացքում իսրայելացիները հանգիստ և ազատ էին թշնամիների ճնշումներից, սակայն նրանք, նեղություններից ազատ լինելով, սովորաբար իրենց հարևան ժողովրդների կուռքերն են սկսում պաշտել : Սրա պատճառով Աստված բարկանալով՝ Ամոն թագավորի ձեռքով տասնութ տարի խրատում է նրանց: Այնպես որ ժողովուրդը, այլևս չկարողանալով համբերել Ամոնի պատճառած տառապանքներին, նորից աղաչանքներով Աստծուն է դիմում և խոստովանում մեղքերը : Այստեղ հարկ է նկատել, որ մինչ այդ իսրայելացիները, երբ մեղքից հետո զղջում էին, Աստված Իր անսահման ողորմությամբ փրկում էր նրանց, սակայն այս անգամ արդարություն իրագործելով՝ նրանց պատասխանում է. «Երբ թշնամին ձեզ նեղեց, ձեր աղաչանքների համար փրկեցի ձեզ, սակայն դուք Ինձ թողնելով նրանց կուռքերին ծառայեցիք, ուրեմն Ես այլևս չեմ ցանկանում ձեզ փրկել, թող նրանք փրկեն»: Աստծու այս խոսքերը լսելով՝ վերստին աղաչում են, որ իրենց ազատի՝ միևնույն ժամա-նակ խոստովանելով, որ մեղավոր են Աստծու առջև և մանավանդ իրենք իրենց Նրա կամքին հանձնելով ՝ կուռքերը վերացնում են իրենց միջից: Սակայն այդ ընթացքում թշնամին, Գաաղադ գալով, բանակ է դնում: Իսրայելացիներն էլ թշնամուն դիմակայելու համար հավաքվում են Մասեփայում: Բայց նրանք այնքան տկարացած և խեղճ վիճակում էին, որ ոչ մեկը չէր համարձակվում զորքի գլուխ անցնել և պատերազմել: Թեև բոլորը միահամուռ խոստանում և հանձն են առնում ժողովրդի պետ ընդունելու այն մարդուն, որը նախ պատերազմական գործողություններ ձեռնարկելով՝ կառաջնորդի զորքը, բայց դարձյալ բավականին քաջ մեկը չի գտնվում, որ ընդունի սույն առաջարկը: Այն ժամանակ Հեփթայե անունով շատ քաջասիրտ մի մարդ է լինում, որը Գաաղադի երկրի Մասեփա քաղաքից էր, սակայն նրա եղբայրները քաղաքի մեծամեծների ձեռքով նրան զրկել էին հոր ժառանգությունից և հեռացրել տնից՝ պատճառաբանելով, որ նա իրենց հոր հարազատ որդին չէ: Նա էլ հարկադրված բնակություն է հաստատում Տոբում, որտեղ նրա շուրջը շատ անկարգ և հանդուգն մարդիկ են հավաքվում, որոնց հետ Հեփթայեն ասպատակում է կռապաշտների երկիրը՝ կողոպուտով վերադառնալով, և այսպի-սով նրա՝ որպես քաջ և պատերազմող անձնավորության համբավը տարածվում է: Ահա այս մարդուն են դիմում Գաաղադի մեծամեծները, որ գա և իրենց զորավար լինի, որպեսզի պատերազմեն թշնամու դեմ: Թեպետ Հեփթայեն իր ազգի փրկության համար գործելու պատրաստակամություն է հայտնում, սակայն նրան հայտնի էր նեղ դրությունից իրեն դիմելու պատճառը, ուստի նախ նրանց հետ դաշինք ու պայման է կապում, որովհետև եթե Աստծու օգնությամբ հաղթեն թշնամուն, միգուցե դրանից հետո իրեն նորից մերժեն, և ինքը անպատվություն և անարգանք կրի նրանցից: Երբ Գաաղադի իշխանավորները, ըստ նրա պահանջածի, երդվում են, այն ժամանակ նրանց հետ Մասեփա է գնում, որտեղ հավաքվել էր ժողովուրդը: Այնտեղ բոլորը երդվում են Աստծու անունով, որ նրան դատավոր կարգեն: Արդ, Հեփթայեն ժողովրդի առաջնորդ դառնալուն պես, վաղեմի սովորությամբ Ամոն թագավորի մոտ դեսպան է ուղարկում՝ հարցնելով, թե ինչու է պատերազմում իսրայելացիների դեմ: Նա, իմանալով իսրայելացիների թույլ լինելը, Հորդանանի մյուս ափին Մովսեսի օրոք իսրայելացիների գրաված քաղաքներն ու երկրներն է պահանջում: Սակայն հիշյալ վայրերը այլ ազգերի էին պատկանել, մանավանդ իսրայելացիները Աստծու հրամանով և պատերազմով գրաված լինելով` թեև Հեփթայեն ժխտում է ամոնացիների իրավունք ունենալը, սակայն թշնամին չի համոզվում, ուստի Հեփթայեն դատն Աստծու կամքին է հանձնում: Դու այստեղ Աստծու ողորմությա´նը նայիր. որովհետև Հեփթայեն ուղղամիտ և արդար մարդ էր, մանավանդ Աստծու զորությանն ապավինելով՝ գործը նրա կամքին է հանձնում, ուստի թշնամուն հաղթելու համար անհրաժեշտ զորությունը նրան ի վերուստ է շնորհվում, և երբ ամոնացիների դեմ է շարժվում, Աստծու օգնությամբ կարողանում է կոտորել նրանց զորքը և փախցնել: Սակայն Հեփթայեն, պատերազմը դեռ չսկսած, ուխտ է անում, որ եթե պատերազմում Տիրոջ հաջողությամբ հաղթանակի և խաղաղությամբ տուն վերադառնա, այն ժամանակ ով առաջինն իրեն դիմավորելի, Տիրոջը ողջակեզ պիտի անի: Արդ, հաղթանակից հետո ուրախությամբ տուն վերադառնալու ժամանակ նրան ընդառաջ է դուրս գալիս միակ աղջիկը, որից բացի՝ այլ զավակ չուներ: Հեփթայեն նրան տեսնելուն պես մեծ ցավով և հառաչանքով պատռում է օձիքը: Սակայն աղջիկը, հոր սրտի կսկիծի պատճառը հասկանալով, պատասխանում է. «Ինձ համար ինչ որ ուխտել ես Աստծուն, այն էլ կատարի´ր, ես հոժար եմ», բայց և հորից երկու ամիս ժամանակ է խնդրում, որ ընկերների հետ լեռները գնալով՝ ողբա իր կուսությունը։ Հայրը աղջկան նրա ցանկությամբ գործելու թույլտվություն է շնորհում, որից հետո նա ընկերների հետ երկու ամիս կուսությունը սգալուց հետո վերադառնում է, ինչպես խոստացել էր: Սուրբ գրքի պատմությանը հետևելով՝ շատերը կարծում են, որ հիշյալ աղջիկը չամուսնանալով կույս է մնում և նրա կույս մնալով՝ Հեփթայեն իր ուխտը կատարված է համարում: Քանի որ իսրայելացիների մեջ որդի կամ զավակ չունեցողը անիծյալ և մեռյալ էր համարվում, սա է պատճառը, որ տարին չորս օր աղջիկները նրա կուսություն էին ողբում: Հիրավի, Աստծու օգնությամբ թշնամին պարտվում է: Սակայն այս անգամ էլ Եփրեմի ցեղը` խռովարար և ապստամբ մարդիկ, Հորդանան գետի դիմացի ափն անցնելով՝ խմբովին հարձակվում են Հեփթայեի վրա՝ ասելով. «Ինչո՞ւ մեզ լուր չտվեցիր, որ մենք էլ մասնակցեինք պատերազմին»: Մինչև իսկ անօրինությամբ պատրաստվում են նրա տունն այրելու և նրան էլ սպանելու: Սակայն նրանք նույնպես այսպես են վարվում ոչ թե հայրենասիրական զգացմունքներից, այլ ընչասիրությունից: Քանի որ եթե պատերազմի մասնակցեին, իրենք էլ կողոպուտ կունենային (ինչպես Գեդեոնի ժամանակ, այժմ էլ նույն կերպ են վարվում): Հեփթայեն նրանց պատասխանում է. «Ամոնացիների մեզ նեղություն տալու ժամանակ, ձեզ բողոքեցի, դուք չօգնեցիք մեզ, և ազատագրող որևէ մեկին չգտնելով՝ ստիպված եղա իմ անձը վտանգելու, հիմա ինչո՞ւ եք հարձակվել ինձ վրա»: Սույն պատասխանով հայտնելով, որ նրանք անիրավ են, կարծում է, որ համոզվելով հետ կդառնան: Սակայն երբ տեսնում է, որ խոսքով չեն համոզվում և ավելի են համառում, ստիպված է լինում սրով համոզելու և իր զորքին հրամայում է կոտորել նրանց: Այուհանդերձ, դարձյալ չուղղվելով, ասում են. «Ո՞վ է Գաաղադի ժողովուրդը, որ մեզ դիմակայի», և քանի որ Հեփթայեն նույնպես Գաաղադից էր, հրամայում է, որ շարունակեն կոտորածը, մինչև ոչ մեկը չմնա: Արդ, Եփրեմի զորքը, Հորդանանի դիմացի ափին լինելով, Հեփթայեն գետանցումներում նույնպես զորք է կանգնեցնում, որպեսզի ոչ մեկը փախչելով չազատվի: Գետեզերք հասած փախստականներին հակառակ ափն անցնելու ժամանակ հարցնում են. «Դուք Երփրեմի ցեղի՞ց եք»: Նրանք երկյուղից պատասխանում են, որ ո´չ, եփրեմացի չեն, այն ժամանակ նրանց խոսելուց հասկանալու համար ստիպում են շիբբոլեթ բառն արտասանել, որը «հասկ» է նշանակում: Սակայն եփրեմացիք շ տառով որևէ բառ չեն կարողանում արտասանել, ուստի սիբբոլեթ են ասում : Այսպիսով հայտնի է դառնում, որ Եփրեմի ցեղից են և կոտորվում են. սույն եղբայրասպան պատերազմում քառասուներկու հազար մարդ անխնա սպանվում է սրով միայն եփրեմացիների ագահության և նրանց ապստամբասեր բնավորության, ինչպես նաև մեծի հանդեպ ինքնահավան անհնազանդության պատճառով: Հեփթայեն վեց տարի դատավորի իշխանությունը վարելուց հետո մահանում է: Ապա Բեթղեհեմից Եսեբոն՝ յոթ տարի, զաբուղոցի Էլոն՝ տասը տարի, և փարաթոնացի Աբդոն՝ ութը տարի: Նույն դատավորական իշխանությանը հասնելով՝ ամեն մեկը շատ կամ քիչ ձգտում է օգտակար լինել իր ազգին, և Սուրբ գրքում նրանք հիշվում են որպես Իսրայելի դատավորներ:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․