4 Նոյեմբեր, Բշ
Ո՛չ, Սավուղը նախապես չի ցանկանում որևէ պատիվ տալ Դավթին: Քանի որ «Սավուղը հազար կոտորեց, իսկ Դավիթը՝ տասը հազար» խոսքը գրգռում է նրա բարկությունն ու նախանձը, և նա ոչ միայն զլանում է անհրաժեշտ հարգանք տալ Դավթին, այլև տեսնելով նրա իմաստությունը և քաջությունը, նախանձից դրդված` ասում է. «Էլ ի՞նչ է Դավթին պակաս, եթե ոչ թագավորություն» (Ա Թագ. 18:8):
Դու Սավուղի սրտի չարությա´նը նայիր: Քանի որ Դավիթը նրա հրամանով էր Գողիաթին սպանել, Դավթին վերագրվող պատիվն ու փառքը իրապես իրեն էր պատկանում, ուստի բոլորից ավելի ինքն էր պարտավոր` նրան փառավորելու, սակայն, ընդհակառակը, ժողովրդից նրան ընծայված պատվին ու փառքին նախանձելով` իր ապերախտությունը, անարդարությունը ու մանավանդ հիմարությունն է բացահայտում, քանի որ նախանձը` հպարտությունից, իսկ հպարտությունը հիմարությունից է առաջանում:
Արդարև, ամեն նախանձ մարդ հպարտ է, և ամեն մի հպարտ հիմար է անվանվում, որովհետև, եթե հիմար չլինի, չի հպարտանա, եթե չհպարտանա, նույնպես երբեք չի նախանձի: Ուրեմն Սավուղի թշվառ վիճակից խրա´տ ընդունիր և ոչ մեկին մի´ նախանձիր: Քանի որ երբ նախանձի որդը սկսում է նրա սիրտը կրծել, հաջորդ օրը նրա դիվահարական ախտը նորից է հայտնվում (Ա Թագ. 18:10), և Դավիթը հավատարմությամբ նորից նվագում է, որպեսզի Սավուղը հանգստանա: Սակայն մինչ Դավիթը նվագում է, Սավուղը, նրա կյանքի դեմ դավեր նյութելով, այդ պահին Դավթին պատին գամելու և սպանելու դիտավորությամբ, ձեռքի գեղարդը նետում է նրա ուղղությամբ: Երբ Դավթի մի կողմ գնալով՝ հարվածը վրիպում է, համարում է, որ դա նրա ախտի հետևանքով մի սխալմունք է, և դարձյալ նրա մոտ է մնում, քանի որ Դավթի սիրտը, մաքուր լինելով, Սավուղից այդպիսի չարություն չի սպասում:
Սակայն Սավուղը, չար մտադրություն ունենալով, երկրորդ անգամ ավելի ուշադիր է նետում գեղարդը, որպեսզի ճիշտ հարվածելով` անպատճառ սպանի Դավթին: Բարեբախտաբար, երբ այս անգամ էլ հարվածը չի վնասում է, և նա հասկանում է, որ Աստված պահպանում է Դավթին, դրանից հետո Սավուղը պարզապես սկսում է վախենալ Դավթից և հեռացնում է իր մոտից:
Այդուհանդերձ, Սավուղը, իր չար դիտավորություններից հետ չկանգնելով, Դավթին հազարապետ է կարգում, որպեսզի պատերազմում թշնամու ձեռքից մահանալով` ինքը նրա մահվան պատճառ չլինի (Ա Թագ. 18:12,13): Սակայն Աստծու ողորմությամբ նա, իր մղած պատերազմներից միշտ հաղթական դուրս գալով, ժողովրդի մեջ օրըստօրե ավելի է փառավորվում, և այս է պատճառը, որ Սավուղը նենգամտությամբ ցանկանում է իր մեծ աղջկան՝ Մերովբին, նրան կնության տալ, որպեսզի Դավթի վստահությունը շահելով, միշտ պատերազմների ուղարկելով` մի օր ոչնչացնի (Ա Թագ. 18:17):
Թեպետ Դավիթը խոնարհամտությամբ հրաժարվում է` ասելով. «Ես ո՞վ եմ, որ թագավորի փեսա լինեմ», սակայն Սավուղն իր աղջկան նրան տալու համար օր է որոշում, և Դավիթն էլ ստիպված հավանություն է տալիս: Սրանով հանդերձ, երբ հարսանիքի օրը գալիս է, Սավուղը, իր խոստմանը հավատարիմ չմնալով, աղջկան Դավթին տալու փոխարեն մեկ ուրիշի է տալիս:
Հիրավի, այս առումով Դավթի սիրտը խիստ վշտանում է, սակայն այս անպատվությունն ու անարգանքը ավելի Սավուղինը լինելով` այս պարագայում նրա ստախոսությունը և անգթությունը են հայտնի դառնում: Քանի որ Գողիաթին սպանելու համար նախապես խոստացել էր իր աղջկան կնության տալ, այս անգամ էլ խոստանալուց հետո նորից խոստումը դրժելը և´ նախատինք էր իր անվանը, և´ արդարությանը հակառակ, սակայն քանի որ Աստծուց չի վախենում, մարդկանցից էլ չի ամաչում` Դավթին նեղություն պատճառելով:
Հարկ է այստեղ նկատել Դավթի հանդեպ Սավուղի նենգամիտ մտադրությունը. քանի որ նա, ով իր մեծ աղջկա պատճառով Դավթին խաբելով` նրա սիրտն է կոտրում, այս անգամ էլ Մեղքող անվամբ փոքր աղջկա համար է նրա կյանքը մեծ վտանգի ենթարկում:
Սավուղը գիտեր, որ այս աղջիկը սիրում է Դավթին, ուստի առաջարկում է նրան Դավթին տալ, որը Սավուղի խարդախ բնավորությունն իմանալով` նույնիսկ չի ցանկանում պատասխանել: Սավուղն առանց հուսահատվելու իր մեծամեծների միջոցով ջանում է համոզել Դավթին, որն էլ պատասխանում է. «Մի՞թե հեշտ բան է փեսայանալ թագավորին, ես մի հասարակ մարդ եմ»:
Սույն միջնորդ մարդիկ շտապում են` Դավթի խոսքը թագավորին հայտնելու, որը պատասխանում է. «Դավթին ասացե´ք, որ թագավորը ընծաներ չի ցանկանում, այլ միայն վրեժխնդրության համար խնդրում է թշնամիներից հարյուր մարդ սպանել և նրանց անթլպատության նշաններն իրեն բերել, որպեսզի սպանվածների անթլփատ լինելը հայտնի լինի»:
Թեպետ Սավուղի այսպիսի առաջարկը միայն արտաքուստ էր վրեժխնդրության համար. նրա իրական դիտավորությունը թշնամու ձեռքով Դավթին սպանելն էր (Ա Թագ. 18:21): Քանի որ այդ խայտառակ առաջարկը, պատերազմի կանոններին և հաստատված վաղեմի սովորույթներին ամբողջությամբ հակառակ և անընդունելի մի պայման լինելով, հայտնի էր, որ թշնամիները միահամուռ ուժերով Դավթի վրա են հարձակվելու:
Սակայն Դավիթը, նրան ամոթով թողնելու փափագով, համաձայնում է այդ պայմանին և, երբ Աստծուն հուսալով, թշնամիներից հարյուր մարդ սպանելով, այդ պահանջն էլ է կատարում, Սավուղը կամա թե ակամա իր աղջկան Դավթին է տալիս:
Արդարև, Դավիթը փեսայանում է թագավորին, սակայն երկու անգամ իր կյանքը վտանգի է ենթարկում. առաջինը` Գողիաթին սպանելու ժամանակ, երկրորդը՝ վերոհիշյալ ապօրինի առաջարկը կատարելով, և ինչպես Սավուղն է Դավթին ասում՝ երկու պատճառներով նա պիտի փեսայանա իրեն (Ա Թագ. 18:21):