Սիրելի՛ ընթերցող, այսօր մեզանում տարածված մի արատավոր ու ոչ քրիստոնեական երևույթի մասին եմ կամենում գրել, որին հնարավոր չէ չանդրադառնալ:
Ամենքս մեզ քրիստոնյա ենք համարում, բայց առիթը և հնարավորությունը բաց չենք թողնում մեր առավելություններով և դրական կողմերով հպարտանալու, սակայն գործնականում մեր ապրած կյանքով արդյո՞ք կիրառում և կատարում ենք աստվածահաստատ պատգամներն ու պատվիրանները: Քրիստոս Աստված ասում է. «Սիրեցե՛ք միմյանց» և «Ոչ ոքի մի արհամարհեք»: Այսօր մեզանում նկատվում է արհամարհանք, քամահրանք, ծաղրական վերաբերմունք հատկապես մեզանից թույլ, տկար, հաշմանդամ անձանց նկատմամբ, ովքեր առավել մեր ուշադրության ու խնամքի կարիքն ունեն, քան արհամարհանքի: Վ. Այգեկցին ասում է. «Նա, ով նախատում է գաճաճին, տգեղ մարդուն կամ էլ խեղվածին, նրա Արարչին է նախատում», քանի որ Աստված մարդուն Իր պատկերով և նմանությամբ ստեղծեց, և յուրաքանչյուր մարդու մեջ պետք է տեսնենք Տիրոջ պատկերն ու նմանությունը: Որպես ճշմարիտ քրիստոնյաներ՝ հարկ է անկեղծորեն աղոթել մեզանից թույլ, տկար, ֆիզիկական որևէ արատ ունեցող մարդկանց համար, որպեսզի Տեր Աստված համբերություն և զորեղ հավատ շնորհի նրանց՝ ոչ միայն հաղթահարելու, համբերությամբ կրելու, այլև հասարակության որոշ շերտերի քամահրական վերաբերմունքը հանդուրժելու համար: Ի վերջո մտածենք Աստծո արդար զայրույթի մասին, այն մասին, որ կարող ենք պատժվել և հայտնվել ավելի վատթար վիճակում, քան նրանք, որոնց ծաղրում ենք, արհամարհում: Մինչդեռ հարկ է գնահատել, արժևորել այն ամենը, ինչ Աստված շնորհել է մեզ: Եթե ֆիզիկական որևէ արատ կամ թերություն չունենք, ավելի՛ն, Աստված շնորհել է մեզ առողջություն և գեղեցկություն, գոհանանաք Տիրոջից, խնդրենք, որ Նա օգնի մեզ՝ ունենալ նաև գեղեցիկ և առողջ հոգի՝ դիմացինին հարգելու, նրա մեջ Տիրոջ պատկերն ու նմանությունը տեսնելու համար: Որքա՜ն տկար, ֆիզիկապես թույլ և հաշմանդամ մարդիկ կան այսօր մեզանում՝ կարոտ մեր օգնության, մի անկեղծ ժպիտի, ջերմ վերաբերմունքի, սիրո և հարգանքի: Եվ գուցե նրանցից շատերը հոգով շատ ավելի լավն են ու բարի, ազնիվ, քան մենք, որ մեզ գերագնահատում ենք և կատարյալ ու անթերի կարծում: Ուրեմն ի Քրիստոս մեր քույրերի ու եղբայրների՝ առանց այն էլ դժվարին կյանքը չփորձենք ավելի բարդացնել և մեր բացասական վերաբերմունքի պատճառով չվանենք նրանց մեզանից, այլ սիրով վերաբերվենք միմյանց, քանի որ քրիստոնեական վարդապետության հիմքը սերն է: Սիրենք միմյանց, ինչպես Աստված սիրեց մեզ: Հիշենք, որ Դատաստանի օրը մեր խոսած յուրաքանչյուր դատարկ բանի, մեր գործած յուրաքանչյուր վատ արարքի համար պատասխան պետք է տանք և հատուցենք, իսկ կատարած յուրաքանչյուր բարի գործի և ողորմության դիմաց հարյուրապատիկը պիտի ստանանք: Խորհենք այս մասին, բարի գործերով իմաստավորենք մեր կյանքի յուրաքանչյուր օրը, մեզ բարձր չդասենք մյուսներից, այլ գութ և ողորմություն ցուցաբերենք միմյանց նկատմամբ, որպեսզի արդարադատ Աստված էլ մեզ գթա և ողորմի: Բարությամբ, ներողամտությամբ, սիրով ու խոնարհությամբ նմանվենք մեր արարիչ Աստծուն, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և հավիտյանս. ամեն:
Անժելա Խաչատրյան